Լրահոս
Օրվա լրահոսը

Ժակլին Բիսեթ. «Իմ ծանոթ հայերը խանդավառվեցին, երբ իմացան Հայաստան գալուս մասին»

Հուլիս 14,2016 14:25

Հուլիսի 14-ին  Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) դահլիճում կայացավ աշխարհահռչակ կինոդերասանուհի Ժակլին Բիսեթի հետ հանդիպումը: Նա Հայաստան է ժամանել արդեն 13-րդ անգամ անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչների հրավերով: «Ոսկե ծիրանի» ծրագրում նրա մասնակցությամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրություն է նախատեսված:

 «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ Ժակլին Բիսեթին անձամբ ճանաչում է արդեն 5 տարի՝ Մոսկվայի եւ Լոկառնոյի փառատոնից, եւ ուրախ է, որ վերջապես նա ժամանակ գտավ եւ եկավ Հայաստան:

Jaklin_Biset-3

«Նա համարվել է աշխարհի գեղեցկագույն դերասանուհին, բայց բավական չէ գեղեցիկ է, դեռ մի բան էլ տաղանդավոր է, նրա հետ շփվելը շատ հաճելի է, մանավանդ ինքը շատ հասարակ մարդ է, ու մենք երեկ միասին հայկական պարեր պարեցինք, եւ ես կրկին սիրահարվեցի Ժակլին Բիսթեին»,-ասաց Հարություն Խաչատրյանը:

Բիսեթն էլ նշեց. «Ես գիտեմ, որ նմանօրինակ փառատոների մասնակցելը մեծ արտոնություն է, բայց միջոցառումների մասնակցելը իմ սովորական հետաքրքրությունների եւ կանոնավոր կյանքի մեջ չի մտնում: Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, բայց Լոս Անջելեսում շատ հայերի եմ ճանաչում: Զարմանալի է, թե քանի՜ հայ եմ ճանաչում, եւ երբ ասացի, որ Հայաստան եմ գնում, բոլորի դեմքերը միանգամից լուսավորվեցին: Գիտեմ, որ ձեր երկիրը դժվարություններ է ունեցել, բայց հասկացա, որ դուք նաեւ շատ ուրախ ժողովուրդ եք»:

Jaklin_Biset-1

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե որն է ըստ Ժակլին Բիսեթի՝ լավ ֆիլմը: «Նախ եւ առաջ դա լավ սցենարն է: Առանց լավ սցենարի ոչ մի բան դուրս չի գա: Ինձ համար ամենակարեւոր մարդը նախ եւ առաջ սցենարիստն է, բայց ռեժիսորի դերակատարությունն էլ է էական: Ռեժիսորներ կան, որ քիչ խոսերով, բայց հարուստ տեսաշարով խոսուն ֆիլմեր են նկարում»,- շեշտեց դերասանուհին: Նա հավելեց, որ արդեն դասական դարձած ռեժիսորների հետ աշխատելիս շատ բան է սովորել, օրինակ այն, որ պատմությունը պետք է միշտ ֆիլմում առաջ մղել: «Դերասանների մեծ մասը շատ է սիրում խոշոր պլաններ, բայց միշտ չէ, որ դրանք պատճառաբանված են: Երիտասարդ տարիքում ես էլ էի ուզում դեմքս խոշոր պլանով երեւար, բավական ժամանակ անցավ, որպեսզի հասկանամ, որ մարմնով էլ կարելի է հույզեր արտահայտել…Երեւի դա նրանից է, որ երբ երիտասարդ ես, ջղաձգված, չես իմանում ձեռքերդ ուր թաքցնել»,- ասաց Բիսեթը:

Ասաց, որ նորից ծնվելու դեպքում դարձյալ կուզեր դերասանուհի լինել, քանի որ բազմակողմանի երեւույթ է:

«Երբ երիտասարդ էի, շատ ամաչկոտ էի, անընդհատ փորձում էի ամաչկոտությունս հաղթահարել, ի դեպ, մեր դասարանում միակ աղջիկն էի, որը դասական երաժշտություն էր սիրում, հետաքրքրված էի արվեստով, լուսանկարչությամբ, ուզում էի աշխարհը տեսնել, մտածում էի որ դերասանի աշխատանքը այս բոլորը կարող է միավորել: Կինոյին ծանոթ չէի, բալետին ու երաժշտական աշխարհին էի ծանոթ…15 տարեկանում լատիներենի ուսուցիչս ինձ ասաց, որ ես շատախոս աղջիկ եմ, հետեւաբար կարող եմ լավ դերասանուհի դառնալ: Հետո Լոնդոնում մի ընթրիքի էի հրավիրված, որտեղ ի թիվս այլոց, Ռոման Պոլանսկին էր ներկա: Նա էլ ինձ ասաց, որ նեղ հայեցողական բնույթի աղջիկ եմ, որը կարող է լավ դերասանուհի դառնալ…Հետագայում այդ սերմը ծլարձակեց, ու որոշեցի ընտրել կինոն: Դասերի էի գնում, ծնողներս թույլ էին տալիս արտասահմանյան ֆիլմեր դիտել հայտնի վարպետների: Հասկացա, որ դա հենց իմ ուզած աշխարհն է»,- պատմեց բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին:

Ամուսնացած չլինելու վերաբերյալ հարցի մասին էլ պատասխանեց, թե ամուսնությունն ու երջանկությունը միշտ չէ, որ հոմանիշներ են: Ինչ վերաբերում է գեղեցիկ լինելուն, Բիսեթի ձեւակերպմամբ, կարեւորը գրավիչ լինելն է, հարուստ ներաշխարհը եւ շփվող լինելը. «Եթե դու մարդկանցով հետաքրքրվես, երբեք մենակ չես մնա, ես միշտ էլ այդպես եմ անում»:

Կինոդերասանուհին համացանցը մղձավանջ որակեց դերասանների համար.

«Քչերն են պատկերացնում, թե օրինակ, իմ կարգավիճակում գտնվող կինը ինչքան բան պետք է անի, մինչեւ դուրս գա մարդկանց մեջ: Եթե շքեղ հագնվես, կասեն, լավ դերասանուհի չէ, հագուստով է թերությունները ծածկում, եթե առօրեական հագնվես, կհիասթափվեն, որովհետեւ մարդիկ քեզանից սպասելիքներ ունեն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031