Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը ՀՀ իշխանություններին դրդում է ուժի կիրառման

Հուլիս 23,2016 14:00

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խոսում են Խորենացի փողոցի խնդրի խաղաղ հանգուցալուծման, Մարիա Զախարովան` «դրանց արագ մաքրելու» մասին

ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ ՌԴ-ն արձագանքել են Էրեբունիում տեղակայված Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակման միջադեպին եւ դրան հաջորդած գործողություններին: Սակայն նրանց հայտարարությունները տրամաչափորեն տարբերվում են միմյանցից:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է. «Բռնությունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած հայտարարության մեջ նշված է. «Իշխանություններին կոչ ենք անում հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաեւ բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների առնչությամբ: Միաժամանակ, ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում: Ի գիտություն ընդունելով նաեւ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված հայտարարությունները՝ հորդորում ենք լիարժեք հետաքննություն կատարել ոստիկանների կողմից իրականացված բոլոր իրավախախտումների մասին հաղորդումների առնչությամբ, այդ թվում` նրանց կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի ու իրավապաշտպանների եւ բուժօգնության մերժման առնչությամբ»:

Երեկ ՊՊԾ գնդի գրավմանն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնել է. «Մոսկվան դատապարտում է ոստիկանական բաժանմունքի գրավումը եւ աջակցում է ՀՀ իշխանությունների գործողություններին: Մենք վճռականորեն քննադատում ենք հուլիսի 17-ին Երեւանում ՊՊԾ գնդի զինված բռնազավթումը։ Հույս ունենք, որ ՀՀ իշխանություններն ամենակարճ ժամանակում իրավիճակը կհանգուցալուծեն, պատանդներն ազատ կարձակվեն, միջադեպերի բազմակողմանի հետաքննություն կկազմակերպվի, եւ կպատժեն մեղավորներին»։

Ինչպես երեւում է` պաշտոնական Մոսկվայի եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի արձագանքը տրամաչափորեն տարբերվում են: Եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն շեշտադրում են խնդրի` խաղաղ ճանապարհով հանգուցալուծումը, ցուցարարների նկատմամբ բռնությունների հետաքննությունը, ապա պաշտոնական Մոսկվայի մոտեցումն այլ է. «Արագ հանգուցալուծում, պատանդներին ազատ արձակում»:

«Առավոտի» հարցին` տրամաչափորեն տարբեր այս հայտարարություններից ի՞նչ եզրակացություններ անել, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Եթե ԱՄՆ-ը, ԵՄ-ն պահանջ են դրել իրավիճակի խաղաղ հանգուցալուծում` ավելի ճիշտ քաղաքական գործընթացով հանգուցալուծում, ապա Ռուսաստանը ՀՀ իշխանություններին դրդում է ուժային գործողությունների եւ հասկացնում, որ դրա լեգիտիմության խնդիր չի ծագի: Օգտագործված բառապաշարը հենց դրա մասին է վկայում` «արագ լուծեք», «պատանդներին ազատ արձակեք»: Ցավոք, սա նշանակում է դրդել ուժային գործողությունների: Արդյոք ՀՀ իշխանություններն այդքան անխոհեմ կգտնվե՞ն, հուսամ, որ պահի լրջությունը կհասկանան ու չեն գնա այդ ճանապարհով»:
Ստեփան Սաֆարյանը զգուշացնում է, որ այդ դեպքում ՀՀ իշխանություններն ավելի մեծ կախվածության մեջ են ընկնելու Ռուսաստանից. «Ուժի կիրառումից հետո ՀՀ իշխանությունը հայտնվելու է Պուտինի գրկում»:

Ըստ պարոն Սաֆարյանի` «Մարիա Զախարովայի ասածն այն է, որ «արագ մաքրեք դրանց այդտեղից»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դիրքորոշմանը` Ստեփան Սաֆարյանը փաստեց՝ որ «նրանք պահանջում են, որ քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները պատասխանատվության կանչվեն, արդար քննություն իրականացվի, եւ, ամենակարեւորը, խնդիրը լուծվի քաղաքական գործընթացների միջոցով, ինչը ՀՀ ժողովրդավարությունից բխող բան է»:

Ստեփան Սաֆարյանի համար միանշանակ ընդունելի է քաղաքական ու խաղաղ ճանապարհով հանգուցալուծումը:

Դառնալով իշխանությունների լռությանը` պարոն Սաֆարյանը մեկնաբանեց. «Չեն ցանկանում այս ամենին քաղաքական երանգ տալ: Ասում են` հո սա քաղաքական գործընթաց չէ՞, ու մենք էլ քաղաքական ընդդիմախոս հո չե՞նք, որ խոսենք: Լռում ու ասում են, որ քրեական հանցագործություն է կատարվել, թող իրավապահները զբաղվեն: Բայց սա լուծում չի տալիս, այնուամենայնիվ՝ քաղաքական լուծումներ են պետք, ոչ թե ռազմական կամ ուժային»:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

22.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Եթե ՀՀ նախագահը շնորհավորում է Մոսկվայի քաղաքապետին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դրանից ավելի մեծ ապացույց է պետք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վերածել է ՌԴ Կալինինգրադի մարզի մի տարբերակի: Որ երկրում է նախագահը շնորհավորում մեկ այլ երկրի մայրաքաղաքի քաղաքագլխին????? Սա ինչ ստորացում է??? Ռուսաստանում երթուղային տաքսու քիչ թե շատ մեծ վթարից հետո ամեն անգամ նախագահականից ցավակցական ուղերձներ են ուղարկվում Մոսկվա:

  2. мы тоже люды! says:

    բա էտ էլ որ չանեն ով կհիշի որ ըտենց պետություն էլ կա

  3. Նաիրի Ուրարտացի says:

    Ստալինը մոտ 35 տարի այնպես ամորձատեց Ռուսաստանը և ռուսական կայսրության
    ողջ տարածքը, որ այդ տարածքում այսօր էլ թևածում է նրա ստվերը, և նրա սարսափը
    փորձում են վերակենդանացնել նորօրյա ԿԳԲ-իչնիկ ղեկավարները՝ բնակչությանը
    վախեցնելով պետական ահաբեկչությամբ: Ոչ մի սովորական քաղաքացի երբեք չի եղել
    ու չի կարող լինել իր երկրի ու հայրենիքի, առավել ևս իր ժողովրդի թշնամի: Ժողովրդի թշնամի
    կարող է լինել միմիայն բռնատիրական մեթոդներով կառավարող իշխանությունները, թալանի
    մոլուցքով տարված ղեկավարները: Քանզի միայն նրանք ունեն դրա հնարավորությունը՝
    չարաշահելով ժողովրդի վստահությունը: Ուստի բան բանից վաղուց է անցել:
    Գնդակը ձեր դաշտում է, պարոնայք վայ իշխանավորներ: Այսօրվանից ազատ եք՝ կայացրեք
    ձեր հեռանալու որոշումը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031