Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՆԻԹԵՔ»-ո՞ւմ էլ կարող են այլընտրանքային ծառայության անցնել. կառավարությունը թարմացրել է ցանկը

Օգոստոս 03,2016 17:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Կառավարությունը թարմացրել է այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի` կազմակերպությունների եւ այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Այսպես` ի թիվս հանրապետությունում գործող տուն-ինտերնատների, մանկատների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնների եւ բուժհիմնարկների, որտեղ անձը օրենքով սահմանված կարգով կարող է անցնել այլընտրանքային աշխատանքի, ավելացել է նաեւ «ՍԱՆԻԹԵՔ» ընկերությունը: Այսինքն` այլընտրանքային աշխատանքային ծառայության հավակնող անձը կարող է աշխատել եւ այս ընկերությունում:

Ցանկում նշվել են նաեւ «Նուբարաշեն կանաչապատում» ՓԲԸ-ն, «Կանաչ բարձունք» ընկերությունը, «Վարդավառ զբոսայգի»-ն, Այրումի համայնքապետարանի աշխատակազմը, «Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկը, «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ը, «Գորիս համայնքի բարեկարգում եւ բնակարանային տնտեսություն» ՀՈԱԿ-ը, Գյումրու համայնքապետարանի աշխատակազմը, «Ախուրյանի զանգ» ՓԲԸ-ն եւ այլ կազմակերպություններ:
Համաձայն «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի, այլընտրանքային աշխատանքային ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող հատուկ պետական ծառայության տեսակ է:

Ըստ նույն օրենքի, այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի եւ հասարակության առջեւ քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է եւ չունի պատժի, անձի պատվի եւ արժանապատվության նվաստացման բնույթ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել