Լրահոս
Օրվա լրահոսը

Սարիթաղցի վիրավոր. «Էն որ 1-ին ալիքը չի աշխատում, մի հատ տզզոց ունի, է, այ տենց տզզոցի ձեն էր ընկել գլխիս մեջ»

Օգոստոս 04,2016 01:56

Քանդակագործ Գեւորգ Մնացականյանը հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախման զոհերից է՝ այրվել են նրա ոտքերը: Չնայած ոտքերի, ձեռքերի, դեմքի վրայի այրվածքի հետքերին, Գեւորգի դեմքից ժպիտը չի բացակայում, ծիծաղով է պատմում այդ դեպքերի մասին: Այժմ նա բուժվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, լրագրող Մարութ Վանյանի հետ նույն պալատում է:

Նռնակը պայթել է աջ ոտնաթաթի մոտ՝ դեպի ձախ ոտքը անկյունագծով, այդ իսկ պատճառով երկու ոտքն էլ լուրջ վնասվել են:

Նռնակը պայթել է աջ ոտնաթաթի մոտ՝ դեպի ձախ ոտքը անկյունագծով, այդ իսկ պատճառով երկու ոտքն էլ լուրջ վնասվել են:

Երբ հարցրեցի՝ ո՞նց վիրավորվեցիր, պատահակա՞ն ստացվեց, թե՞ ցուցարարների շարքերում էիր, պատասխանեց. «Ես սարիթաղցի տղա եմ, երբ իմացա, որ երթը շարժվում ա դեպի Սարի թաղ, ես էլ գնացի դեպի էդ դեպքի վայրը: Իմ տեղ հասնելուց 8-10 րոպե հետո սկսեցին կրակելը: Ու ասե՞մ՝ երբ սկսեցին կրակելը, երբ որ դիրքավորվեցին վերջացրին, էդ իրենց գրաժդանսկի հագուստով մլիցեք են, չգիտեմ ինչ են, երբ որ դրանք ներքեւից վազելով եկան, մոտ մի 100-ից ավելի մարդ, դուբինկեքով, արմատուրեքով, փեդերով, տրուբեքով… վազելով եկան, պավարատոից թեքվեցին, էդ մլիցեքն էին փակել, իրանք էլ եկան հետեւը արանք կա, դալանի պես, կուտակվեցին ըտեղ: Դե ես վերեւից եկողներին չգիտեի, հետո ինձ ասեցին, որ բոլոր ճանապարհները, որ գալիս էին էդ դեպքի վայրը, իրենք բոլոր կողմերից նույն էդ զինված գրաժդանսկի հագուստով մարդկանցից ուղարկել են, փակել են»:

Այսինքն՝ ձեզ բլոկադայի մե՞ջ էին վերցրել բոլոր կողմերից՝ հարցնում եմ: «Այո, այո, ճիշտ այդպես: Ու ասե՞մ ինչի հենց տենց արեցին: Իրենք բլոկադա դաժե էդ կրակելով արեցին, դուք տեսա՞ք ինչով կրակեցին, նենց բանով կրակեցին, որ կանաչ ծառին կպավ՝ վառվեց ծառը լրիվ, պատկերացնո՞ւմ եք, թե էդ ինչ էր…  Մի հատ կրակեցին գցին իրենց դիմացը կանգնած ցուցարարների վրա, դե ժողովուրդը չհավատաց, թե էս ինչ են անում, սկսեց «ուուուու» անել, ու դրանք միանգամից սկսեցին կրակել: Ճանապարհը ըտեղից որ գալիս ա, միանգամից թեքվում ա, բարձրանում ա վերեւ, ու իրանք մի քանի հատ էլ կրակեցին էդ վերեւը, ու էդ սաղ դաշտով մեկ՝ ցուցարարների միջով սկսեցին կրակել ցուցարաների վրա, որ չկարողանան ոչ մի կողմ փախնեն: Ծուղակ էր էլի: Ընդեղ իրենք արդեն ասկոլըչնի, իրեք կամպանենտանի նռնակ էին տրաքացնում…»:

Ու ինչպե՞ս պատահեց, որ քեզ էլ կպավ նռնակը՝ հարցնում եմ Գեւորգին: Ծիծաղը դեմքին պատմում է. «Որ իրանք սկսան անկանոն կրակելը, դե  ի՞նչ պիտի անես, պիտի փախնես, չէ՞: Էդ փախնելու ժամանակ ես եկա աջ թեքվեցի, տեսա որ մի հատ աղջիկ ահավոր վախեցել ա էլի, լավ սարսափել ա, գնացի, որ իրան օգնեմ, որ չվախենա էլի, միասին փախնենք: Էդ ընթացքում հենց հասա իրան, արդեն ձեռքս գցի ուսին, մեկ էլ տեսա՝ ծուխ բարձրացավ, ասի՝ վսյո, գցեցին… ու ես իրան բրդեցի, ու … տրաքավ վրես»: Փաստորեն՝ փրկեցիր էդ աղջկան՝ ասում եմ: «Հա, լավ արեցի, բա չանեի՞»,- նորից ծիծաղում է 25-ամյա քանդակագործը, որի աչքերի անկյուններում նույնիսկ այրվածքի հետքեր կան: Պատմում է, որ երբ պայթյունից աչքերը կկոցել է, աչքերի շուրջը, մաշկի չծալված մասն այրվել է, ծալվածը՝ ոչ, արդյունքում աչքերը հետաքրքիր «ձեւավորում» էին ստացել: Գեւորգի ձեռքերն էլ էին այրված, սակայն ամենածանր վիճակում ոտքերն էին: Չնայած մեր հանդիպման ժամանակ դեպքից անցել էր արդեն չորս օր, սակայն վերքերը դեռ շատ խորն էին եւ մեծածավալ: Նա ցույց տվեց նաեւ անմիջապես պայթյունից հետո արված լուսանկարները:

depqi ory

Այս լուսանկարն արվել է դեպքից մի քանի ժամ անց: Ասում է. «Հագիս երկար բրիջի էր, դարձավ փիս աղջկա շորտիկ»:

ayrvac votqer

Հարեւանները առաջին օգնություն են ցույց տվել մինչեւ շտապօգնությունը հասնի:

ayrvac votq

Դեպքից մի քանի ժամ հետո արված լուսանկար:

Հարցնում եմ՝ իսկ այդ պայթյունից հետո ի՞նչ արեցիր, ո՞ւր գնացիր, չէ՞ին հետապնդում, բռնանում: Ասաց, որ չէ, ոչ ոք դրանից հետո իրեն չի անհանգստացրել: «Ես էս վիճակով մոտավորապես 1,5 կմ գնացել եմ, սկզբում վազում էի, հետո վազելս պրծավ, սկսեցի քայլել: Էդ նռնակը անկյունային էր տրաքել, ոտնաթաթիս վերեւում, դրա համար էլ երկու ոտքս միանգամից վառել ա: Բայց որ պայթեց, առաջինը, որ զգացի՝ տեսողությունս պահի տակ կորավ, հետո՝ գլխիս մեջ մի հատ ձեն էր ընկել, էն որ 1-ին ալիքը չի աշխատում մի հատ տզզոց ունի, է, այ տենց տզզոցի ձեն էր ընկել գլխիս մեջ: Բայց էդ վիճակում ես գնում էի, չգիտեմ ուր էի գնում, ինչքան եմ գնացել, բայց չեմ կարծում, որ շատ գնացած լինեմ: Հետո, որ տեսողությունս եկավ, տեսա, որ ոտքերս լրիվ արյունլվա են, մի ծանոթ մարդ կար, իրեն սկսեցի կանչել, ձեն տվեցի, եկավ, ասեց՝ էս ի՞նչ ա եղել ոտերդ, ասի՝ քել, քել գնանք ստեղից: Տենց գնացինք, ինքն էլ ինձ օգնեց, մոտ կիլոմետրուկես տենց էս տրաքած ոտերովս գնացինք…»:

Գեւորգի երկու ոտքն էլ խորն այրվածքներ են ստացել լուսաձայնային նռնակի պայթյունից:

Գեւորգի երկու ոտքն էլ խորն այրվածքներ են ստացել լուսաձայնային նռնակի պայթյունից:

Հարցնում եմ՝ բա լավ, մի մեքենա չկա՞ր, տաներ, որ ոտքով էդքան գնացել եք, պատասխանում է նորից ծիծաղելով՝ «կար, խի չկար, ասում էին՝ արի տանենք, ոտերդ ջարդած ա, ասում էի՝ այ ընգեր, գնա էլի, ոտերս ջարդած են, չեմ կարա ծեծեմ, որ ինձ քաղմաս տանես…»:

Ի վերջո, Գեւորգին ապաստան է տալիս մի սարիթաղցի ընտանիք. «Մեր սարիթաղցիներից մեկի տունը մտա, որոնց շատ շնորհակալ եմ, իրենք ինձ օգնություն ցույց տվեցին, մինչեւ ժամը 3-ը մնացի իրենց տանը՝ 11-ին էր եղել դեմքը, հետո 3-ին զանգեցինք շտապօգնություն կանչեցինք, բերեցին ինձ ստեղ»: Երբ հետաքրքրվեցի՝ հարցաքննե՞լ են, տուժող ճանաչե՞լ են, Գեւորգը պատասխանեց. «Դե էդ հլը առաջին օրը, ինձ որ բերին ռեանիմացիա, արդեն ստեղ սպասում էին, պարզ ա: Ու հենց ընդեղ սկսեցին մանրամասներ վերցնել ինձնից, ես էլ լավ, տեղը տեղին մեղադրական մանրամասներ եմ ասել, որ գրեն»:

Երբ Գեւորգը պատմում էր, թե ինչպես իրեն օգնեցին, նրա մայրը, որ խնամում էր որդուն, հավելեց. «Սարիթաղցիները ամենալավ, ամենաբարի ժողովուրդն են, ամեն հարցով իրար թեւ-թիկունք են: Անծանոթ մարդ էլ, որ սարիթաղցու դուռը թակի, կտանեն տուն, հաց պետք լինի՝ հաց կտան, ջուր պետք լինի՝ ջուր, պետք է՝ զանգեն, սպասեն… Շատ բարի կամեցող են»: Հարցրեցի՝ իրար մեջ խնդիրներ չե՞ք ունենում: Գեւորգը, թե՝ «Չէ, տենց բան չկա, համարյա չի լինում, բայց որ հանկարծ լինում էլ ա, մենակ հասցնում ա լինի ու վսյո, որովհետեւ դաստիարակելու սիրուն ձեւ կա էլի, դաստիարակում ենք, անցնում ա, բոլորը գիտեն, որ սարիթաղցին սարիթաղցու հետ չպիտի կռվի»: Գեւորգի մայրիկն էլ հավելեց. «Մեր սարիթաղցիները շատ դուխով են, տղա լինի, թե աղջիկ, ոչ մի բանից չեն վախենում, կարող ա տղաները վեճի բռնվեն, աղջիկները չեն փախնի, կգան, կբաժանեն, սարիթաղցու դուխը միշտ բարձր ա եղել: Ու ասեմ ձեզ՝ էս դեպքերը որ եղան, մեր սարիթաղցիներից շատերը տեղյակ չէին, եթե իմանային, սենց բան չէր լինի, չէին թողնի, միանգամից սաղ հարցերը կլուծեին, մեր տղերքը չեն իմացել, որ խառնվեն… Մենակ շատ ենք ջղայնացած բոլոր սարիթաղցիներով, որ էն առաջին օրվա կռվից հետո մեր սարիթաղցի տղաներին մինչեւ հիմա բաց չեն թողել: Ինչի՞ չեն թողնում, ի՞նչ են արել, որ մինչեւ հիմա պահում են…» :

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031