Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր պաշտոն՝ Սեյրան Սարոյանի ու Թևոսիկի պատճառով պաշտոնազրկված ոստիկանապետին

Օգոստոս 04,2016 12:38 Share

Ինչպես հայտնի է՝ երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ արեց Էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանին՝ նրա փոխարեն նշանակելով Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանին:

Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ դեռևս մի քանի ամիս առաջ՝ մարտի 2-ին Վլադիմիր Գասպարյանը միանգամից պաշտոնազրկել էր չորս ոստիկանապետերի՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանին, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանին, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանին և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանին:

Պատճառը, ինչպես հայտնի է՝  եղել էր ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի հրավերով պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելը, որի ժամանակ ոստիկանության պաշտոնյաների կամքից անկախ հայտնվել էր գողական աշխարհի ներկայացուցիչներից մեկը՝ Թևոսիկը: Նա գեներալի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Վլադիմիր Գասպարյանն էլ, պաշտոնազրկել էր քրեական աշխարհի ներկայացուցչի հետ սեղան նստած ոստիկանապետերին:

Վլադիմիր Գասպարյանի այս քայլը բավական քննադատության էր արժանացել Շիրակի մարզի իրավապահների կողմից. նրանք պնդում էին, որ Գրիշա Ամիրխանյանի առավելությունն հենց այն է, որ նա քրեական տարրերի թակարդը երբեք չի ընկնում:

Փաստորեն ամիսներ անց Վլադիմիր Գասպարյանը հաշվի նստեց այս գնահատականի հետ՝ կադրերի ռեզերվում գտնվող Գրիշա Ամիրխանյանին վերադարձնելով համակարգ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել