Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Մեր գործունեությունը հակասում էր Սերժ Սարգսյանի եւ Հիմնադիր խորհրդարանի բանակցությունների տրամաբանությանը

Օգոստոս 04,2016 15:52

Ֆեյսբուքյան օգտատերերը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էին, թե ինչու վերջինս չի ներգրավվել «Սասնա ծռեր»-ի առաջարկած համակարգող ճգնաժամային խորհրդին: Նիկոլ Փաշինյանը ուղիղ  հեռարձակման ընթացքում ասաց, որ հուլիսի 22-ի իր ելույթը սկսել է հղում կատարելով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, այն է՝ Ժիրայր Սեֆիլյանը պաշտոնապես հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից:

«Իհարկե՛, եթե լիներ միայն Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, գուցե թե դա ելույթի մեջ հիշատակվելու պատճառ չդառնա, ողջ խնդիրն այն է սակայն, որ նույն օրվա ցերեկը ՊՊԾ գնդի տարածքում ասուլիս էր տեղի ունեցել եւ Հիմնադիր խորհրդարանի անդամ եւ «Սասնա ծռեր» խմբի անդամ, խոսնակ Վարուժան Ավետիսյանը, ըստ էության, ասել էր հետեւյալը, որ իրենց եւ իշխանությունների միջեւ ընթացող բանակցություններում կա մի երրորդ տարբերակ, որը, ըստ էության, չի ենթադրում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նա ասել էր, որ կարող է խոսք գնալ Սերժ Սարգսյանի լիազորությունները կրճատելու, անցումային կառավարություն ձեւավորելու եւ նույնիսկ Սերժ Սարգսյանին անգլիական թագուհու կարգավիճակում պահելու մասին:

Այս քաղաքական կոնֆիգուրացիայի մանրամասներին ես չեմ անդրադառնում, այստեղ հիմնական արձանագրումը նա էր, որ քննարկվում է Հիմնադիր խորհրդարանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ մի տարբերակ, որտեղ Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ հեռացումը իշխանությունից առաջնային պահանջ չէ: Ասվում էր ավելի կարեւոր բան՝ գիտե՛ք, բանակցությունների այս մասը խորհրդապահական է, այսինքն՝ գաղտնի է, եւ մենք չենք կարող հրապարակել: Կներեք, սա տարօրինակ իրավիճակ է մեզ համար, որովհետեւ ի՞նչ է նշանակում ժողովրդին հրավիրել փողոց, ժողովրդին պայքարի կոչ անել եւ Սերժ Սարգսյանի հետ վարել բանակցություններ, որոնք ժողովրդի համար գաղտնի են»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ ելույթ ունեցավ Ալեք Ենիգոմշյանը, որն ասել է, թե Վիտալի Բալասանյանը խեղաթյուրում է կատարվածը, սակայն հաջորդ օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում կրկնել է Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը. «Ամսի 22-ին մենք անսալով «Սասնա ծռերի» եւ հանրության կոչերին՝ եկանք Խորենացի փողոց եւ ձեւակերպեցինք Սերժ Սարգսյանի հրաժարականը որպես քաղաքական օրակարգի թիվ մեկ պահանջ, որպես Խորենացի փողոցում ընթացող գործընթացի թիվ մեկ պահանջ: Եվ ըստ էության, այդ հարցը օրակարգ էր մտցրել «Սասնա ծռեր» խումբը իր գործողությամբ: Բայց ընդամենը դրանից մի քանի ժամ առաջ պարզվեց, որ Հիմնադիր խորհրդարանը, որը կարելի է ասել «Սասնա ծռեր» խմբի գործողությունների քաղաքական մասն էր ապահովում, այն հետ է քաշել օրակարգից:

Մենք ընտրության առաջ էինք կանգնած՝ ի՞նչ անել՝ այս ամենի մասին հենց հարթակից խոսել հանրության հետ, ինչը կնշանակեր, որ մենք ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Հիմնադիր խորհրդարանի հետ ենք պայքարելու, ինչը մեզ համար այդ իրավիճակում անընդունելի էր կամ էլ ուղղակի արձանագրելով փաստը, որ օրակարգը հանված է հենց նախաձեռնողի կողմից ուղղակի արձանագրել իրողությունը եւ իջնել հարթակից: Կարող է լինել այսպիսի վարկած՝ երբ որ մեր գործունեությունը Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների կողմից արժանանում էր որոշակի հակազդեցության, պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ մեր գործունեությունը որոշակիորեն հակասում էր Սերժ Սարգսյանի եւ Հիմնադիր խորհրդարանի միջեւ տեղի ունեցող բանակցությունների տրամաբանությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031