Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիաննա Գրիգորյան.«Ծաղրանկարները գողանալով փորձում են վախեցնել, ճնշում գործադրել»

Օգոստոս 08,2016 12:50

Երեկ Մաշտոցի պուրակում Medialab.am-ի՝   ծաղրանկարների «Չ՛Արգելված» խորագրով ցուցահանդեսից հետո գողացել են ծաղրանկարները:

Aravot.am-ի հետ զրույցում Medialab.am-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը պատմեց, որ ցուցահանդեսից հետո, կեսգիշերն անց, ժամը գիշերվա 1-2-ի շրջակայքում, մեքենան կանգնեցրել են Ծարավ Աղբյուրի փողոցում, իսկ ծաղրանկարներն էլ մեքենայի մեջ էին.«Սկզբում մտածեցինք ծաղրանկարները տուն բարձրացնենք, հետո որոշեցինք մի քիչ զբոսնենք, գանք նոր բարձրացնենք:

Երբ զբոսանքից վերադարձանք, տեսանք, որ մեքենայի հետեւ ապակին կոտրած է, իսկ ծաղրանկարներն էլ չկան: Թիրախը հենց ծաղրանկարներն են եղել, եւ ըստ երեւույթին, մեզ հետեւել են ու տեսել են, որ ծաղրանկարները մեքենայի մեջ են: Եթե չհետեւեին, չէին իմանա, քանի որ դրսից չէր երեւում, որ մեքենայի մեջ բան կա»:

Medialab_5 Medialab_4 Medialab_3 Medialab_2 Medialab_1

Մարիաննա Գրիգորյանի պատմելով, Մաշտոցի պուրակում մի քանի անգամ ոստիկաններ են մոտեցել եւ հարցուփորձ արել՝ ի՞նչ ցուցահանդես է, ինչքա՞ն մարդ կհավաքվի, ի՞նչ կազմակերպություն է եւ այլն.«Ասացի, որ 100 մարդուց էլ քիչ կլինեն, ներկայացրեցի, որ լրատվամիջոց ենք, օրենք չենք խախտում: Ոստիկաններն անընդհատ շրջում էին այդտեղ, ինչ-որ զանգեր էին անում, հետո մոտենում ինձ էլի հարցեր տալիս: Անուն-ազգանունս հարցրեցին: Հետո հետաքրքրվեցին՝ երբ է ավարտվելու»:

Մարիաննա Գրիգորյանի կարծիքով՝ ծաղրանկարների գողանալով, ինչ-որ անձինք կարծել են, թե ցուցահանդեսը շարունակվելու է, ուստի գողացել են, իրենց ենթադրությամբ՝ խոչընդոտելու համար.«Նախորդ օրերին մենք ցուցահանդեսներ են ունեցել Վանաձորում եւ Գյումրիում, երեկ էլ՝ Երեւանում: Կարծում եմ, մտածել են շարունակական է լինելու, ու դիմել են նման քայլի»:

Գրիգորյանն հենց երեկ գիշերը դիմել է ոստիկանություն, գործին ընթացք է տրվել. «Ոստիկաններն էլ զարմացած էին»:

Medialab.am-ի խմբագրի վստահեցմամբ՝ Երեւանում որեւէ սրահ չեն կարողացել գտնել ցուցահանդեսի համար, բնականաբար, կազմակերպությունը պատրաստ էր վճարել համապատասխան գումարը, բայց ցուցասրահների ղեկավարությունները մերժել են տարածք տրամադրել ծաղրանկարների ցուցադրության համար: Պատճառն, ըստ Գրիգորյանի, վախն էր, քանի որ ծաղրանկարների բովանդակությունը քաղաքական սուր հումորն է, որի թիրախ են բարձրաստիճան պաշտոնյաններ:

Գրիգորյանի կարծիքով՝ ծաղրանկարների գողությամբ փորձ է արվում ճնշում գործադրելու, վախեցնելու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031