Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցի մասնակից. «Երկիրը փոսից հանողը սենյակներում փակված քաղաքական գործիչները չեն»

Օգոստոս 13,2016 21:15

Օգոստոսի 13-ին Ազատության հրապարակում շարունակվում է հանրահավաքը: «Հայազն» կուսակցությունից՝ Արմեն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Ալեք Ենիգոմշյանը դեռ երեկ հայտարարել էր, որ իրենց հավաքները պետք է լինեն ավելի կոնկրետ, ավելի գործնական: «Մենք պետք է փորձենք անտեղի չվատնել մեր էներգիան, որովհետեւ ԱԱԾ չունենք, 25000 զինված ոստիկան չունենք, օլիգարխիա չունենք, ունենք միայն մեզ, պետք է մեր էներգիան օգտագործենք ռացիոնալ կերպով, որպեսզի հասնենք հաղթանակի»,-ասաց Հովհաննիսյանը՝ կոչ անելով օրինակ վերցնել «Սասնա ծռերից», որ այդքան համբերատար են, հավաքված, կամային ու նպատակասլաց:

Նա նաեւ հավելեց, որ վերաձեւակերպվում է նոր խորհուրդ, որը համակարգող գործառույթներ կունենա եւ կպահի կապը «Սասնա ծռերի» հետ: Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ցուցակը փոփոխվում է, համալրվում, քանի որ կան հարգանք վայելող մարդիկ, որոնք կարող են լինել շարժման համակարգող մարմնում: «Դա արվում է «Սասնա ծռերի» կողմից նախաձեռնած շարժման շրջանակում, որը ազատ մարդկանց շարժում է: Սա լինելու է ապակենտրոն շարժում, գիտակից ազատ հայ քաղաքացիների պայքար: Շարժումը շարունակվում է մինչեւ վերջնական հաղթանակ: Պետք է փորձել երկիրը փոսից դուրս հանելու մասին, եւ դա պետք է անեն ոչ թե մի խումբ քաղաքական գործիչներ՝ սենյակներում փակված, այլ ողջ հայ ազգի ստեղծագործական մտքի արդյունքը պետք է լինի որոշելիքը, ճանապարհային քարտեզը… Ի վերջո, մեր ռազմավարական նպատակը հաղթանակն ու Հայաստանի ազատագրումն է»,-նշեց բանախոսը:

Հարթակից ցուցարարների համար կարդացին Վարուժան Ավետիսյանի՝ բանտից ուղարկված նամակի 7-րդ կետը, որը վերաբերում էր հեղինակի ձեւակերպմամբ՝ ապագաղութացման միջոցառումներին, ժողովրդի վստահության կառավարության ստեղծմանը, նոր սահմանադրությանը, համապետական եւ ՏԻՄ ընտրություններին, ռուս սահմանապահներին հայերով փոխարինելուն եւ այլն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031