Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Վարդանյան. «Ծառերն օրինական են հատվել, եթե 1 ծառ ընկներ Թումանյանի տուն-թանգարանի վրա, շենքը կտապալեր»

Օգոստոս 20,2016 12:01

Դսեղում տեղի ունեցած ծառահատման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում
հարուցվել է քրեական գործ:

Իրավապահների համար հիմք է հանդիսացել լրատվամիջոցներով օգոստոսի 18-ին տարածված այն տեղեկատվությունը, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում ապօրինի հատվել են հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի տարածքի եղեւնիներ եւ այլ տեսակի ծառեր՝ բուսական աշխարհին պատճառելով զգալի վնաս:

Մինչ իրավապահները գործը կուսումնասիրեն՝ Aravot.am-ը զրուցեց Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ, որը նաեւ համակարգում է Դսեղում գործող Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի աշխատանքները: Այս թանգարանը Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի 6 մասնաճյուղերից մեկն է:

«Ոչ մի ծառ ապօրինի չի հատվել»,- մեզ հետ զրույցում պնդեց Կարո Վարդանյանը՝ ներկայացնելով բոլոր այն իրավասու մարմինների եզրակացություններն ու թույլտվությունները, որոնց հիման վրա թանգարանի տարածքի մի քանի ծառերը հատվել են. «Ինչ ասես, որ չգրեցին՝ անհայտ չարագործներ, ապօրինի հատել են եւ այլն: Բայց ոչ ոք հետաքննություն չարեց, չհետաքրքրվեց, թե իրականում ինչո՞ւ են հատվել այդ ծառերը: Եթե չհատվեին հետեւանքը սարսափելի կլիներ, եթե մի ծառ ընկներ, այն ժամանակ ոչ թե կասեին անհայտ չարագործը, այլ, ինձ ազգի թշնամի կհանեին»:

Պարոն Վարդանյանի խոսքերով այս պատմությունն 9-10 ամիսների վաղեմություն ունի: Խնդիրը ծագել է անցյալ տարվա նոյեմբերի 12-ին, երբ մասնաճյուղի վարիչից տնօրենը ահազանգ է ստացել, այն մասին, որ քամու հետեւանքով 2 ծառ կոտրվել են եւ մեկն ընկել է մասնաշենքի թիթեղյա տանիքի հատվածի վրա, մյուսն էլ՝ Թումանյանի կիսանդրու վրա. «Բարեբախտաբար այդ թիթեղյա տանիքը դիմացել էր, որովհետեւ շենքը 200 եւ ավելի տարվա է, հնամաշ եւ հիմնական մասի տանիքները փայտյա են: Այսինքն` դա մեծ մտահոգություն էր եւ այս դեպքից առաջ էլ այն կար: Երբ քամի էր բարձրանում այդ ծառերն այնպես էին ճարճատում ու ճռճռում, որ այցելուներին էլ էինք միշտ զգուշացնում՝ դրանց տակով զգույշ անցնել: Դեպքի համար դիմեցինք արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը: Եկան այդ տապալված ծառերը զգուշորեն հատեցին, որպեսզի տանիքը հնարավորինս քիչ վնասվի: Դրան հաջորդեց Դսեղ համայնքի ղեկավարության գրությունն՝ ուղղված ինձ, քանի որ մեր տարածքն էր դա, մեր իրավասության ներքո, եւ առկա էր վտանգը մյուս 10-15 ծառերն էլ նույն թեքված վիճակում էին տանիքի վրա եւ քամուց կարող էին տապալվել, ինձ առաջարկում էին լուծել այդ ծառերը հատելու խնդիրը եւ փոխարենը բակը պատել թփուտներով:

Իհարկե, շատ էլ որ առաջարկում էին, դա ոչ իմ իրավասությունն էր, ոչ էլ իմ ուժերի սահմաններում, ես նամակով դիմեցի Լոռու մարզպետին, խնդիրը ներկայացրի, հետը կցեցի գյուղապետի նամակը եւ խնդրեցի մարզպետի միջամտությունը, որպեսզի կա՛մ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումը կա՛մ մարզի բնապահպանները գան եւ եզրակացություն տան` ինչպես վարվել, վերջում էլ ավելացրի, որ, եթե եզրակացությունն այնպիսին կլինի, որ հարկավոր է հատել ծառերը, նաեւ խնդրում եմ, որ նրանք աշնան օգնեն մեզ կանաչապատենք համապատասխան տնկիներով, թփերով»:

Կարո Վարդանյանի խոսքերով, 15 օրվա ընթացքում, հունիսի 29-ին ստացել է Լոռու մարզպետի պատասխանը. «Մարզպետն էլ իր հերթին դիմել էր բնապահպանության տեսչության Լոռու տարածքային ստորաբաժանում եւ այնտեղից էլ շատ օպերատիվ տեսուչներ են ուղարկել եւ ամեն ծառի համար եզրակացություն է գրվել ու կցվել նամակին, որ, իսկապես, այդ խեժափիչի  կոչվող ծառը, որը տարածում չունի Հայաստանում, եւ արտաքինից եղեւնու նման է, պետք է հատել: Այդ ծառերի կյանքի միջին տեւողությունը գնահատվում է 50-ից 60 տարի, այդ տնկիները տնկվել են 1969 թվականին՝ Թումանյանի 100-ամյակի առթիվ, ընդ որում շատ անփույթ է տնկված, ինչի մասին նշված է նաեւ տեսուչների եզրակացության մեջ: Մեկ մետր եւ ավելի տարածությամբ եւ արմատներով իրենք իրենց խեղդել են, այդ ամբողջ սալաքարերն էլ դուրս են թռչել այդ արմատներից եւ մարդիկ գրել էին, որ բոլոր ծառերն էլ վարակված են սնկային հիվանդությամբ եւ որեւէ մեկն էլ ապահովագրված չէր, որ քամուց չի ընկնի տանիքի վրա»:

Եզրակացությունում առաջարկվել է հատել նշյալ ծառերը ու հատելու պարագայում խիստ պահպանել անվտանգության կանոնները:

«Նույն բանը նաեւ զգուշացնում էր իր գրությամբ մարզպետը, որ հարկավոր է պահպանել անվտանգության կանոնները: Այդ ամենը կցեցի մի նոր գրություն պատրաստեցի եւ ուղարկեցի արտակարգ իրավիճակների նախարարություն` խնդրելով օգնել: Դրանք 20 եւ ավելի մետրանոց ծառեր են եւ անվտանգությունը միայն փրկարար ծառայությամբ կարող էր ապահովել: Եկավ պատասխան, որ անհրաժեշտ է տեխնիկա` վերամբարձ կռունկ, պրոֆեսիոնալ փայտահատ եւ այլ, որն իրենք չունեն եւ, եթե մենք կապահովենք այդ տեխնիկան իրենք պարտավորվում են իրենց մասնագետներին ուղարկել, որպեսզի հետեւեն այդ աշխատանքներին»,-պատմեց պարոն Վարդանյանը: Ըստ նրա, այդ բոլոր եզրակացությունները ստանալուց հետո, որպես տնօրեն իր պարտքն է համարել գործի անցնել. «Այսինքն՝ այսքանից հետո ձեռքերս ծալեի եւ նստեի կդիտվեր որպես հանցավոր անտարբերություն, մանավանդ, որ ամեն քամուց սրտաճաք էինք լինում: Հիմա թանգարանի սուղ միջոցներով ես կարողացել եմ բավարար հզորությամբ մի վերամբարձ կռունկ վարձել, մի մասնագետ-փայտահատ՝ իր «դրուժբա» սղոցով եւ 4 բանվոր ու փրկարար ծառայությունն ինչպես որ խոստացել էր իրենց դասակն ուղարկեցին 5 հոգանոց հրամանատարի հետ:

Երկու օր շարունակ այդ մարդիկ մեզ օգնել են, իրենց ճոպաններով կարողացել ենք 10 ծառը հատել, ցավոք դրանով վտանգը, սպառնալիքը չի վերացել, որովհետեւ 3 ծառն այդպես էլ խորքում մնացին տանիքի վրա թեքված, որովհետեւ կռունկը չհասավ նրանց: Այդ աշխատանքները կատարվել են առավոտից մինչեւ ուշ գիշեր, այնպիսի սեզոնին, երբ թանգարանը միշտ բաց է, ամբողջ գյուղի ներկայությամբ, բոլոր դսեղցիները գիտեն այդ խնդրի մասին, ես տասը օր թույլ չեմ տվել, որպեսզի այդ կոճղերը, թափված ճյուղերը տանեն, որպեսզի մարդիկ, երբ գան տեսնեն, որ պարզ երեւում է, որ սնամեջ են, քայքայված: Հետո, երբ աշխատակիցները տարան իրենց տները, ու հանկարծ սկսվեց այդ աղմուկը: Քանի օր է ես եմ դիմում տարբեր լրատվամիջոցների, որպեսզի մի հատ հետաքննություն կատարեն»:

Կարո Վարդանյանի խոսքերով, եթե մեկ ծառն ընկնի այդ փայտաշեն հնամաշ թանգարանի վրա, որը Թումանյանի հայրական օջախն է, ոչ թե տանիքը կվնասեր, այլ՝ հողին կհավասարեցներ այդ շենքը. «Ցուցադրության ժամանակ մենք պատերին չէինք կարողանում ձեռք տալ, կիրը թափվում էր,ստիպված գիպսակարտոնով ներսում արհեստական պատեր ենք ստեղծել, որպեսզի կարողանաք ցուցադրություն կազմակերպել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031