Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոնայք, սա մեր երկիրը ռումբերով ժողովրդավարություն բերելու խելագար կոչ չէ

Սեպտեմբեր 01,2016 17:35

Բաց նամակ օտարերկրյա դեսպանին

Երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, եվրոպացիները և ամերիկյան քաղաքական որոշ շրջանակներ ակտիվորեն քարոզում էին արևմտյան արժեքները: Ոգևորությունը մեծ էր, բոլորս, այդ թվում ես, մտածում էինք պարզ` այս պահից սկսած անկախ Հայաստանը որդեգրում է արևմտյան ժողովրդավարական արժեքները և ահա քեզ լուսավոր ապագա: Յուրաքանչյուրս կունենանք մեր գործը, ընտրությունների միջոցով կընտրենք մեր համար ցանկալի ղեկավարին, կզարգանանք ու կունենանք այնպիսի տնտեսություն, որով կստիպենք մեր թշնամիներին ճանաչել Արցախի ինքնիշխանությունը: Մեր ուժը ու մեր ժողովրդավարական արժեքները կհանգեցնեն նրան, որ ցեղասպանության ճանաչումը ուղղակի անխուսափելի կլինի, իսկ Թուրքիան ներողության հետ միասին բարեկամության աղերս կմեկնի մեզ: Իսկ եթե հանկարծ մեր մոտ մի բան այնպես չգնա, մեր բարեկամ Եվրոպան և Միացյալ Նահանգները մեզ կուղղորդեն դրա մեջ, համենայն դեպս վերջիններիս հավաստիացումները դրա մասին էին խոսում: Մենք էլ հավատում էինք:

Այսքանը զգացմունքայնության ու սրտի խորքից:

Իրականում այն երկրները, որոնք հորդորում էին ժողովրդավարությունը և անկախությունը, այս պահի դրությամբ`

1.Հորդորում և ներողամտորեն ժպտում են բոլոր ընտրակեղծարարներին, հայտարարելով, որ ընտրություններում ոչ մի էական խախտում տեղի չի ունեցել, դրանք ազատ են, թափանցիկ և օրենքի տառին համապատասխան:

2.Դրամաշնորհներ են հատկացնում ոստիկանությանը այլ իրավապահ մարմիններին միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով, սակայն իրականում ոստիկանությունը դարձել է ավելի հետամնաց ու անգետ, իսկ առանձին բարձր կոչում ունեցող սպայական կազմը՝ բավարարված մեկ երկու օրենքի իմացությամբ:

3.Դրամական միջոցներ են հատկացվում կոռումպացված համակարգին կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Հետևանքը ակնհայտ է:

4.Տարբեր դրամական համակարգերի միջոցով վարկային միջոցներ են հատկացվում տմարդ, անբան երկիրը կառավարողներին, իմանալով, որ ազգային ժողով կոչվածում նստած որկրամոլները մեկը քսանի տեղ քվեարկելով արագ կուլ կտան այդ գումարները: Արդյունքում՝ աննպատակ վարկեր և երկրի ուսերին կուտակվող միլիարդավոր պարտք:

5.Հասարակական սեկտորին հատկացվող դրամաշնորհները տրամադրվում են հիմնականում կամային ցանկությամբ, որոնք հաշվի չեն առնում ոչ Հայաստանի սոցիալ տնտեսական ոչ էլ իրական խնդիրները:

6.Որոշ դեպքերում արևմտյան երկրների ներկայացուցիչները անտարբեր են երկրում տեղի ունեցող մարդու հիմնարար իրավունքների խախտումներին, քաղբանտարկյալների առկայությանը, ժողովրդավարական ճնշվող զարգացումներին, տպավորություն ստեղծելով, որ անձեռնամխելի մեր օտարերկրյա բարեկամները սերտաճել են այս կոռուպցիային:

Հիմա մի քանի հարցադրում մեր ժողովրդավարության ջատագովներին:

Ո՞րն է վերջնական ձեր նպատակը: Աջակցե՞լ Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, թե՞ քանդել այն վերջնականապես ձեռքի տակ ունենալով այնպիսի պետություն, որը իր ոչ լեգիտիմ իշխանություններով հլու հնազանդ կծառայի ինչ-որ շահերի:

Ստեղծել քաղաքացիական հասարակությո՞ւն, թե՞ մինչև ատամները զինված բիրտ և տգետ ոստիկանական համակարգ:

Խեղդել պարտքերով ու վերացնել հայի տեսա՞կը, թե՞ ցանկություն կա տեսնել կայուն և ժողովրդավար Հայաստան:

Ինչո՞ւ պարոնայք մեկ երկրում ժողովրդի համար կարելի է պատերազմ սկսել իսկ մյուսում, ոչ լսել, ոչ տեսնել բիրտ խուժանի խախտումները: Պարոնայք, սա մեր երկիրը ռումբերով ժողովրդավարություն բերելու խելագար կոչ չէ այնուամենայնիվ, այլ ուղղակի արդար եղեք մեզ հետ ևս մեկ անգամ և հայտարարեք, որ ձեր նավերը մեր լեռներում անելիք չունեն:

Հ.Գ. Այս նամակը ուղղված է չէ ՌԴ ներկայացուցիչներին, այն պարզ պատճառով, որ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Ռուսաստանը ընդհանրապես չի կատարում մեր երկրի նկատմամբ իր կողմից հանձն առած միջպետական պարտավորությունները, և այդ երկրի ներկայացուցիչներին հարցադրումներ անելը ավելորդ է:

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ն. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Զորի Բալայանի արեւմտամետ տարբերակը: Հայե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի սրան-նրան դիմենք: Եղբայր, կարո՞ղ ես, ինքդ քեզ պահիր ինչպես որ ուզում ես: Չե՞ս կարող, ոչ մեկին մի՛ խնդրի, որ քեզ պահի, նամանավանդ քո ուզած ձեւով: Դառնում ես խեղկատակ այդ ուրիշի աչքերում` եւ դրանով է՛լ ավելի վատացնում վիճակդ, որից որ դժգոհում ես: Բայց դեռ ինչքա՞ն պիտի «մեծանանք», որ այս տարրական բաները հասկանանք:
    Հ.Գ. Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացի Ն. ՆԵՐՍԻՍՅԱՆ, Ձեր հիշատակած ոչ մի միտք իմ երազածը չի եղել: Ես միանգամայն այլ ձեւով էի (եւ եմ) տեսնում հայկական անկախ պետականությունը:

  2. Seyran says:

    Ուղղակի նրանք ձեր տեսակին էլ չեն վստահում…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930