Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. Արդեն 25-ամյա ԼՂՀ-ն շարունակական գաղափարների եւ չընդհատվող հաղթանակների ավանդույթ ձեւավորած մի պետություն է

Սեպտեմբեր 02,2016 11:50

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ:

Քառորդ դարն իսկապես փորձության ժամանակաշրջան էր ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայ ժողովրդի համար, արդարության վերականգնման, երազանքի իրականացման, հաղթանակի ոգու փորձության ժամանակաշրջան: Միասին մենք ապացուցեցինք, որ մինչեւ մագաղաթի կամ թղթի վրա գրվելը պատմությունը նախ ստեղծվում է որպես իրականություն, որպես ժողովրդի պայքարի առարկայական էջ, ապա միայն դառնում տարեգրություն եւ գնահատական: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 25 տարի առաջ իր միասնական կամարտահայտությամբ փաստեց, որ անկախությունը երբեք էլ ժամանակավրեպ կամ հնացող չի լինում, որ ինքնիշխան ապրելու անկեղծ ցանկությունը չի կարող օդում կախված մնալ, նույնիսկ եթե փորձեն այն բռնի ուժով ի չիք դարձնել: Նա կարողացավ գաղափարն իրականություն դարձնել, ձգտումը` հաղթանակ, հանուն ազատության պայքարի արդյունքում հռչակելով Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությունը:

Արդեն 25-ամյա ԼՂՀ-ն շարունակական գաղափարների եւ չընդհատվող հաղթանակների ավանդույթ ձեւավորած մի պետություն է, որի կենսունակությանն ու ազատատենչությանն այլեւս ոչ ոք չի կասկածում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ միջազգային ամենալայն շրջանակներում եւ աշխարհագրական տարածքներում: ԼՂՀ-ն կայացել է ոչ միայն ի հեճուկս որոշ երկրների ջանքերի եւ գործողությունների, այլեւ իբրեւ կենդանի եւ անհերքելի ապացույց ազգերի ինքնորոշման սկզբունքի կենսունակության եւ ճշմարտացիության, իբրեւ ապացույց պատմական արդարության չկորցվող էության, որին ցայսօր էլ փորձում են հետեւողականորեն սպառնալ նաեւ ռազմական ուժով: Սակայն դրանք ի սկզբանե ձախողված ու դատապարտված ճիգեր են, քանզի գերակա են Արցախի ժողովրդի ամուր կամքը, աներեր վստահությունն առ այն, որ 25 տարի առաջ ընդունած անբեկանելի որոշումն ապահով ապրելու եւ իրապես զարգանալու միակ ճանապարհն է:
Տոնական այս օրվա շնորհավորանքների հետ մեկտեղ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսությամբ առլեցուն հավատ»,- ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930