Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախենամ, որ մենք՝ 21-րդ դարասկզբի մարդիկ, տվել-անցել ենք Օրուելին». «1984»-ը՝ մյուզիքլի լեզվով

Սեպտեմբեր 30,2026 12:30 Share

«1984» մյուզիքլի ռեժիսոր Կոնստանտին Կամենսկիի բացառիկ հարցազրույցը:

Հոկտեմբերի 17-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Ջորջ Օրուելի հանրահայտ «1984» հակաուտոպիական վեպի մոտիվներով ստեղծված նոր մուլտիմեդիոն մյուզիքլի պրեմիերան: Մյուզիքլի պրոդյուսերն է «Կինոկլուբ Երեւան»-ի հիմնադիր Սերգեյ Ցելիկովը, ռեժիսորը՝ Կոնստանտին Կամենսկին: Երգերի տեքստերը գրել է բանաստեղծուհի Վերա Պոլոզկովան, իսկ երաժշտությունը՝ Animal ДжаZ եւ Zero People խմբերի վոկալիստ Ալեքսանդր Կրասովիցկին, որը նաեւ հանդես կգա գլխավոր դերում։

Կոնստանտին Կամենսկին պատասխանել է «Առավոտի» հարցերին։

– Ինչո՞ւ որոշեցիք Օրուելին ներկայացնել մյուզիքլի ժանրում, ի՞նչ դժվարություններ էր դա ենթադրում:

– Օրուելի «1984» ստեղծագործության մոտիվներով մյուզիքլ բեմադրելը բարդ խնդիր կլիներ, եթե նպատակ ունենայինք ներկայացում անել այն թեմայով, որը բարձրացնում է Օրուելը՝ դիկտատուրայի, ֆաշիզմի, հակաուտոպիական ապագայի, ազատության, ցենզուրայի, ստրկության մասին, այսինքն՝ բոլոր այն քաղաքական թեմաներով, որոնց նվիրված է Օրուելի վեպը։ Բայց մենք սկզբունքորեն այլ նպատակ էինք հետապնդում՝ անել ներկայացում սիրո մասին։ Որովհետև հենց «1984» վեպում տեղի ունեցող ամեն ինչի ֆոնին, որպես գլխավոր նպատակ տեսանք սերը՝ որպես միակ հույս, որպես մի բան, որը փրկում է մարդուն և դարձնում ազատ։ Իսկ սա հենց թեմա է մյուզիքլի, երաժշտական ստեղծագործության և պոետիկ երկի համար։ Ուստի հենց այն, թե ինչպես մենք վերաիմաստավորեցինք Օրուելի նյութը, հնարավոր դարձրեց ստեղծել ներկայացում մյուզիքլի ժանրում։ Եվ մեզ բացարձակապես ոչինչ չէր խանգարում դրա համար, այլ ընդհակառակը՝ օգնում էր:

– Ի՞նչ կարող է փոխել այս ներկայացումը մարդու մեջ։

– Ինչպես ցանկացած թատերական նախագիծ, մենք շատ ենք հույս տածում, որ այս ներկայացումը կդիպչի մարդու հոգուն, նրան մի փոքր ավելի շատ ինքնավստահություն կտա, կստիպի կաթարսիս ապրել, եթե կուզեք, այսինքն՝ այն հուզական ցնցումը, որն առաջանում է կենդանի էմոցիայի հետ շփվելիս։ Հույս ունենք, որ ժամանակակից հանդիսատեսին դա մի փոքր ավելի շատ հույս կտա, ինչը կարևոր է։ Հենց դա էր մեր աշխատանքի նպատակը և մնում է մեր աշխատանքի նպատակը։

– Ի՞նչ եք ակնկալում հանդիսատեսից, որին սպասվում է ծանոթություն Օրուելի կերպարների հետ, ձեր կարծիքով հանդիսատեսը ինչ զգացումով կլքի դահլիճը։

– Երկու հարց մեկում։ Մենք, ըստ էության, հանդիսատեսից սպասում ենք միայն բաց սիրտ, ինչպես և ցանկացած մարդիկ, որոնք ներկայացում են ստեղծում։ Մենք գիտենք, որ հանդիսատեսները տարբեր են լինելու, տարբեր երկրներում նրանք տարբեր կերպ են արձագանքում միևնույն բաներին։ Հյուրախաղային ներկայացումների հետ աշխատելով՝ դա շատ լավ պատկերացնում ենք։ Նրանք տարբեր տարիքի, տարբեր սերունդների մարդիկ են, որոնք տարբեր ժամանակներում ապրում են Ռուսաստանից դուրս, պտտվում են տարբեր մշակույթներում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ դա լինելու է 360 աստիճան տարբեր վերաբերմունք այն ամենի հանդեպ, ինչ անում ենք, և դա հրաշալի է։ Մենք նաեւ մեծ հույս ունենք, որ այս ներկայացումը նրանց հնարավորություն կտա բավարարվածություն զգալու նրանից, որ մեծ ձևաչափի ներկայացումները, հյուրախաղերով հանդես եկող մեծ գործերը գալիս են և նպատակ են դնում ճանապարհորդել աշխարհով մեկ՝ տարբեր հանդիսատեսների, բոլոր երկրներում ռուսալեզու մարդկանց տեսնելու համար, և որ այդպիսով ռուսական թատերական ավանդույթը շարունակվում է, մեծ ձևաչափի ներկայացումներ ստեղծելու ռուսալեզու թատերական ավանդույթը չի մեռնում…

– Իսկ ինչպես ծնվեց նման ներկայացում բեմադրելու գաղափարը։

– Գաղափար առաջացավ բեմադրել Օրուելի վեպի թատերական ադապտացիան։ Գաղափարը պատկանում է մեր ստեղծագործական պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովին։ Հենց նա զանգահարեց ինձ մոտ մեկ տարի առաջ՝ օրուելյան «1984»-ը բեմադրելու գաղափարով։ Այնուհետև սկսեցինք միասին մտածել, թե ի՛նչ ձևով, ի՛նչ եղանակով, ինչպե՛ս Օրուելի բազմամարդ վեպի բոլոր հերոսներին տեղավորել այս մեծամասշտաբ թատերական ստեղծագործության մեջ։ Դա հեշտ խնդիր չէր։ Իսկ թե ո՛ր թեման վերցնել Օրուելի արծարծած թեմաների բազմազանությունից, ահա դա արդեն, իհարկե, համատեղ ընտրություն էր, և այստեղ արդեն միասին էինք աշխատում։ Բայց գաղափարը, ընդգծում եմ, այնուամենայնիվ գալիս էր Սերգեյից։ Հենց նա իր վեցերորդ զգայարանով զգաց, որ հենց հիմա է հասել այս ստեղծագործության ժամանակը։ Եվ նա բոլորովին չի սխալվել…

– Ձեր կարծիքով, որքանո՞վ է Օրուելն այսօր արդիական։

– Վախենամ, որ Օրուելն արդեն նույնիսկ արդիական էլ չէ, քանի որ իրականությունը գերազանցել է նրա բոլոր ամենահամարձակ երազանքները՝ կապված այն բանի հետ, թե ինչպիսին կարող է լինել ապագան՝ 1984 թվականից հետո ընկած նրա ապագան, որն այն ժամանակ հեռավոր էր թվում։ Վախենամ, որ մենք՝ 21-րդ դարասկզբի մարդիկ, տվել-անցել ենք Օրուելին… Մենք հաստատել ենք, որ նա մարգարե էր, եւ նրա անտիուտոպիան այլեւս իրականություն է:

– Ի վերջո, ի՞նչ ուղերձ եք ուզում փոխանցել լսարանին այս դժվարին ժամանակներում։

– Օգտվելով օրուելյան լեզվի կարճ կարգախոսներից, որոնցով հագեցած է նրա վեպը, կգերադասեի ասել՝ սերը հույս է։ Եվ սա հակասություն չէ, ինչպես այն, ինչ դրված է մյուս լոզունգներում, օրինակ՝ «Պատերազմը խաղաղություն է»։ Սա այն ճշմարտությունն է, որի վրա մենք կանգնած ենք, որից ելնում էինք և ելնում ենք ամեն օր՝ գնալով փորձերի, ստեղծելով այս ներկայացումը, հորինելով այն։

– Ձեր կարծիքով, արդյոք ընդունա՞կ է ՏիկՏոկի, ֆաստֆուդի և սիթքոմների սերունդն ընկալել Օրուելին, թեկուզ մյուզիքլի ժանրում:

– Շատ մեծ հույս ունենք, որ սիրո պատմության ընկալման մոդան երբեք չի անցել ու չի անցնի։ Նույնիսկ ոչ ՏիկՏոկը, ոչ ֆաստֆուդը, ոչ առավել ևս սիթքոմներն այս թեմայի հանդեպ հետաքրքրությունը որևէ կերպ չեն նվազեցնում։ Սիրո մասին մարդկությունը մտածել է միշտ և մտածելու է, նա այդպես է ստեղծված։ Դա մարդկային ամենագլխավոր բնազդն է՝ սեփական երկրորդ կեսի փնտրտուքը, սեփական փոքր բջջի ստեղծումը։ Դա բացարձակապես անհրաժեշտ պահանջմունք է, և մենք խոսում ենք հենց դրա մասին, ըստ այդմ՝ այն արդիական է միշտ, որովհետև մենք ստեղծում ենք Ռոմեոյի և Ջուլիետի թվային պատմությունը, մեր թվային դարաշրջանի Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը։ Եվ այստեղ չի կարող լինել որևէ անհամապատասխանություն որևէ սերնդի հետ, որևէ լսարանի հետ, և ցանկացած լեզվով դա հասկանալի է բացարձակապես յուրաքանչյուր մարդու։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ Երեւան կինոակումբի

«Առավոտ» օրաթերթ
29.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել