Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Մինասյան. Պարոն Ծառուկյանի՝ ինձ տված բնակարանը ոչ նվեր է, ոչ բարեգործություն: Դա իմ ցույց տված արդյունքների դիմաց պարգեւ է

Սեպտեմբեր 02,2016 15:27

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը եւ 31-րդ ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ, 105 կգ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն ու +105 կգ քաշային Գոռ Մինասյանը Ռիոյից վերադառնալուց հետո «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հանդիպեցին ԶԼՄ-ների հետ:

Քննարկվեցին թեժ թեմաներ՝ կապված իրենց բնակության վայրում մեր երկու ծանրորդների մարզումային պայմանների, օլիմպիական հավաքականի անդամների ճիշտ ընտրության, վերջին շրջանում մեր առաջատար ծանրորդներ Տիգրան Գ. Մարտիրոսյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի անունների հետ կապված դոպինգային սկանդալների, օլիմպիական խաղերում մեր մարզչական կազմի իրականացրած ռազմավարության եւ այլ հարցերի հետ:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր Ռիո մեկնել Առաքել Միրզոյանը եւ ոչ թե վերջին շրջանում իր արդյունքներով նրան գերազանցող Աղասի Աղասյանը, որն օլիմպիական խաղերի օրերին համացանցում հանդես էր գալիս հայտարարություններով, Փաշիկ Ալավերդյանը պատասխանեց հակիրճ. «Եթե մի մարզիկ պետք է մեկներ օլիմպիական խաղեր, դա Աղասի Աղասյանը չէր: Դա իմ կարծիքը չէր, դա մարզչական խորհրդի կարծիքն էր»: Ասուլիսի ընթացքում մասնագետը նաեւ մանրամասնեց, թե Առաքել Միրզոյանը վնասվածքներից հետո վերսկսելով մարզումները, իր արդյունքների շոշափելի աճ էր արձանագրում ամեն ամիս:

Լրագրողները հարց ուղղեցին Գոռ Մինասյանին՝ հետաքրքրվելով, որ ինքը իր արած հայտարարություններում ասել է, թե նվերներ ու բարեգործություններ չի ընդունում: Մինչդեռ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն օրերս նրան Գյումրիում 4 սենյականոց բնակարան է նվիրել: «Պարոն Ծառուկյանի՝ ինձ տված բնակարանը ոչ նվեր է, ոչ բարեգործություն: Դա իմ ցույց տված արդյունքների դիմաց պարգեւ է, որը, կարծում եմ, ես վաստակել եմ: Մտածում եմ՝ քիչ բան չեմ արել մեր երկրի համար եւ ինձ թվում է, որ արժանի էի դրան: Շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին, որ գնահատում է մեր արածն ու արդյունքները», – պատասխանեց ծանրորդը:

Սիմոն Մարտիրոսյանն էլ պարգեւատրումների թեմայով ասաց, որ ինքն առայժմ հորեղբորից է ավտոմեքենա նվեր ստացել: «Բայց պարգեւատրումներ կլինեն», – վստահեցրեց ծանրորդը:

Առանձնակի քննարկման թեմա դարձան Տիգրան Գ. Մարտիրոսյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի անվան հետ կապված դոպինգային սկանդալները եւ նրանց որակազրկելու խնդիրները: Փաշիկ Ալավերդյանը հանգամանալից բացատրեց, թե ինչն ինչոց է: Սակայն նաեւ ավելացրեց. «Այդ խնդիրը միայն Հայաստանի եւ ծանրամարտի դեմ չի ուղղված: Շատ շատ երկրների տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ են հայտնվել այդպիսիների շարքում: Ես իմ տեսակետն ունեմ: Եթե ուզում են այս կամ այն մարզիկից մեդալ ետ վերցնել ու փոխանցել մեկ այլ երկրի կամ մարզիկի, պետք է անխտիր բոլորի դոպինգ փորձանմուշները բացեն. սկսած հաղթողներից ու մրցանակակիրներից, վերջացրած մինչեւ 100-րդ մարզիկը, զրո ստացած մարզիկը, վնասվածք ստացած մարզիկը: Ես սա գնահատում եմ գործից անտեղյակություն կամ միտումնավորություն: Ի՞նչ է նշանակում 3-րդ տեղ զբաղեցրած ծանրորդից մեդալը վերցնել ու տալ 4-րդ. 21-րդ տեղն զբաղեցնողին: Իսկ նրանց ստուգե՞լ են, նրանք մաքո՞ւր են: Բոլոր մարզիկներն էլ անխտիր գտնվում են նույն հարթության վրա:

Ինչ վերաբերում է ՄՕԿ-ի՝ Տիգրան Մարտիրոսյանի մեդալը հնարավորինս արագ վերադարձնելու առաջարկին, ՄՕԿ-ի այդ առաջարկը մեզ համար որեւէ հիմք չի ծառայում: Մեր ֆեդերացիան անմիջապես ենթարկվում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիային եւ կատարում է միայն նրա որոշումները: IWF-ն սեպտեմբերի ընթացքում գործկոմի ընդլայնված նիստ է անցկացնելու, որի ժամանակ էլ կերեւա, թե ինչ որոշումներ կկայացնի: Հենց պաշտոնական նամակ ստացանք, կարող ենք կրկին հավաքվել ու այդ բոլոր հարցերի շուրջ զրուցել»:

Հարցին, թե Անդրանիկ Կարապետյանի վնասվածքից հետո Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանն ինչպե՞ս կարողացան հաղթահարել հոգեբանական լարված արգելքը, գլխավոր մարզիչը պատասխանեց. «Երկուսն էլ ցույց տվեցին պայքարելու պատրաստականություն եւ հոգեբանական ամուր կամք: Եթե Աստված մի արասցե. պատերազմ է ու երկու զինվոր զոհվում է, մյուսները թողնեն գնան տո՞ւն: Տղաներն իմ զինվորներն են եւ ես ու մարզիչները նրանց առանց վարանելու ուղարկում էինք մրցահարթակ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    «Պարոն Ծառուկյանի՝ ինձ տված բնակարանը ոչ նվեր է, ոչ բարեգործություն: Դա իմ ցույց տված արդյունքների դիմաց պարգեւ է, որը, կարծում եմ, ես վաստակել եմ: Մտածում եմ՝ քիչ բան չեմ արել մեր երկրի համար եւ ինձ թվում է, որ արժանի էի դրան»: Ինչքան հիասթափեցնող ա էս ամեն ինչը: Էսքան անհամեստությո՞ւն: Գոռ ջան, ափսոսում եմ, որ այսպես ես մտածում:

  2. Բալաբեկ says:

    Գոռ ջան, իհարկե արժանի ես:
    Ուրախ եմ, որ գնահատվել ես:
    Մի հայտնի դեմք ասել ա ” Ես դեռ այնքան մեծ մարդ չեմ, որ համեստ լինեմ”:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930