Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարն ավանդական դասախոսությամբ հանդես եկավ Երևանի պետական համալսարանում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2016 15:12

Սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ավանդական դասախոսությամբ հանդես եկավ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև:

Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա առթիվ և նրանց մաղթեց բեղմնավոր ուսումնական տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ մաղթեց Մայր ԲՈՒՀ-ի ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին:

Իր ելույթում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Արտգործնախարարը խոսեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի, դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին: Հանգամանալից անդրադարձ կատարվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ դրանց կյանքի կոչումը համապատասխան պայմաններ կձևավորի խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտման ուղղված հայկական դիվանագիտության ջանքերին, ինչպես նաև միջազգային բեմահարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործընթացում Հայաստանի առաջնորդող դերակատարությանը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը կանգ առավ 2015թ. և 2016թ. Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ ֆորումներին:

Էդվարդ Նալբանդյանն ուսանողներին պատմեց Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման, ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության խորացման, Եվրոպական միության հետ համագործակցության ամրապնդման, հարևան Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական փոխգործակցության զարգացման, այլ գործընկեր երկրների հետ կապերի ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։

Արտգործնախարարն անդրադարձավ տարբեր միջազգային կառույցներում և գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից իրականացվող քայլերին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930