Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր խնդիրն է ուղղակի թույլ չտալ, որ Սահմանադրության հարցը դրվի հանրաքվեի. Աննա Գրիգորյան

Նոյեմբեր 09,2026 13:38 Share
Աջակցեք aravot.am-ին

«Խաղաղության օրակարգ փաստացի չկա, որովհետև յուրաքանչյուր փուլում կա ադրբեջանական պահանջ, և այս իշխանությունները գնում են այդ պահանջը բավարարելու ճանապարհով՝ այն հույսով, որ գուցե այդ փուլում խաղաղությունը գա»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների պատկերացրած խաղաղությունը չի հաստատվում, որովհետև ամեն անգամ ականատես ենք լինում Ադրբեջանի նոր պահանջների։ Գրիգորյանը նաև նշեց, որ այս փուլում ՀՀ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը մեկ հարցի շուրջ կոնսենսուս ունեն՝ թույլ չտալ Ալիևի Սահմանադրության ընդունումը։

«Ինչքան էլ դժգոհություն ունենանք գործող Սահմանադրությունից, Հայաստանում չի կարող ընդունվել ալիևյան Սահմանադրություն։ Կարող է լինել միայն հայկական օրակարգով ձևավորված առաջարկ ու Սահմանադրություն, և ոչ թե ալիևյան Սահմանադրություն»,- ասաց նա։

Անդրադառնալով հանրության շրջանում իրենց սկսած իրազեկման ակցիաներին՝ Գրիգորյանն ասաց, որ կային մարդիկ, որոնք անտեղյակ էին այդ օրակարգից, և իրենք փորձել են իրազեկել նրանց։

«Ալիևյան Սահմանադրության ընդունման օրակարգը եղել է ՔՊ-ի նախընտրական քարոզչության մաս։ Հետևաբար, ժողովուրդն իր արձագանքը տվել է հունիսի 7-ին և ասել է՝ քեզ այնքան ձայն չենք տալիս, որ կարողանաս Սահմանադրություն փոխել։ Մեզ էլ պարտավորեցրել է ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտանք ալիևյան Սահմանադրության ընդունումը»,- նշեց Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ եթե այս համատեքստում, այսինքն՝ Ալիևյան օրակարգով փոխվի Սահմանադրությունը, հանրաքվեի ցանկացած ելք՝ թե՛ բացասական, թե՛ դրական, վատ կլինի ՀՀ-ի համար:

«Մեր խնդիրն է ուղղակի թույլ չտալ, որ այդ հարցը դրվի հանրաքվեի։ Երբևէ կողմ չենք քվեարկելու հանրաքվեի այդ նախագծին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հանրային իրազեկման ակցիաներին՝ Գրիգորյանն ասաց.

«Փաշինյանը խոսում է անհասկանալի հանրային ճնշումներից։ Մենք հիմա խոսում ենք մեր ժողովրդի հետ, որպեսզի այն մանդատը, որ ժողովուրդը մեզ տվել է, X պահին և անհրաժեշտության դեպքում կարողանանք նրանց աջակցությունը ստանալ։ Եվ այն ճնշումը, որը Փաշինյանը պատկերացնում է, թե կարող է կիրառել ընդդիմության նկատմամբ, մենք ժողովրդի կողքին կանգնած կլինենք, և այդ ճնշումները ազդեցություն չեն ունենա»։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի ու ՀՀ մի շարք հասարակական ու ընդդիմադիր քաղաքական գործիչներ Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվեց Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որով ավարտվեց 44-օրյա արցախյան պատերազմը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթուղթն ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ից։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30