Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբացվեց Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը

Սեպտեմբեր 05,2016 15:34

Երեւան, 05 սեպտեմբերի, 2016թ.: Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանդիսավորությամբ բացվեց Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, որը հիմնանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ: Հանրապետության նախագահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ, շրջայց կատարեց նորաբաց դպրոցում, ծանոթացավ ուսումնառության պայմաններին, զրուցեց դպրոցի ուսուցիչների ու սաների հետ:
«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակության կազմում էին Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի ատենապետ Խորեն Բանդազյանը, տեղական մարմնի ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, հովանավորներ:

«Մեր հարստությունը մեր մշակույթն է, մեր բնական ռեսուրսը, որն, ի տարբերություն այլ ռեսուրսների, անսպառ է եւ սերնդից սերունդ կշարունակվի ու կընդլայնվի»,- ողջույնի խոսքում նշեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«2014թ.-ին, երբ նոր էինք ավարտել Արցախի Մարտունու քաղաքային հիվանդանոցի կառուցումը, առիթ ունեցանք տեսնելու Չայկովսկու դպրոցը եւ թե ինչպիսի անմխիթար պայմաններում էին ուսանում աշակերտները: Այցի ընթացքում սաներից մեկի՝ մի աղջնակի դաշնամուրային կատարումը իրապես հուզեց մեզ, եւ մենք որոշեցինք ձեռնամուխ լինել այս ծրագրի իրագործմանը»,- նշեց Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի ատենապետ Խորեն Բանդազյանը:
Հանդիսության ավարտին դպրոցի` տարբեր միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիր սաները հանդես եկան համերգային փոքրիկ ծրագրով:

Այսօր դպրոցում ուսանում է 600 աշակերտ, ովքեր հաջողությամբ համատեղում են երաժշտական եւ հանրակրթական կրթությունը:

1939թ.-ին հիմնված կրթօջախի ներկայիս շենքը՝ կառուցված 1973թ-ին, վերջին երկու տարիների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքների արդյունքում ստացել է նոր որակ, ինչը լիովին համապատասխանում է նմանօրինակ կրթօջախի ժամանակակից չափանիշներին:

Շենքը վերահատակագծվել է ուժեղացվել, արդիականացվել: Այսօր արդեն դպրոցն ունի նորակառույց տանիք, նոր դռներ եւ պատուհաններ, ջեռուցման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, օդափոխության անվտանգության նոր համակարգեր: Նոր կառուցված վերելակի ու էվակուացիոն աստիճանների առկայության պայմաններում անցյալի բազմաթիվ խնդիրներ կմնան հետեւում: Կենտրոնական մասնաշենքը համալրվել է ընդարձակ եւ գեղեցիկ ճեմասրահներով: Այսուհետ աշակերտներն իրենց ֆիզիկական պատրաստվածության դասերը կանցնեն հարմարավետ մարզադահլիճում: Վերանորոգված համերգային դահլիճն իր նորակառույց բեմահարթակով եւ արդիականացված հնարավորություններով հարմարավետ պայմաններ կապահովի թե’ հանդիսատեսի եւ թե՛ երաժիշտ կատարողների համար: Դպրոցում գործող սիմֆոնիկ, փողային նվագախմբերը, ջութակահարների անսամբլը, երգչախմբումն ու ջազ-բենդն իրենց պարապմունքներն այսուհետ կանցկացնեն մասնագիտական սենյակներում:
Բակի բարեկարգման աշխատանքների արդյունքում մուտքը դեպի դպրոց հնարավոր է նաեւ թեքահարթակներով, իսկ լուսավոր ներքին բակը՝ համալրված տաղավարներով ու նստարաններով, հնարավորություն կտա հաճելի ու հարմարավետ պայմաններում անցկացնել ժամանցը: Դպրոցի արտաքին հարթաքանդակը` հեղինակած ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից, ինչպես նաեւ ներքին հարթաքանդակն ու նորացված գունավոր վիտրաժը շարունակում են զարդարել դպրոցի կենտրոնական մասնաշենքը:

2014թ.-ին կրթօջախը հանդիսավորությամբ նշեց հիմնադրման 75-ամյակը:
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հարուստ ժառանգությամբ այս կրթօջախն իրավամբ անվանել է երաժիշտների դարբնոց: Այստեղ ուսանել են անվանի երաժիշտներ Էդուարդ Թադեւոսյանը, Ռուբեն Ալթունյանը, Վահրամ Սարաջեւը, Ժան Տեր-Մերգերյանը, Լեւոն Չաուշյանը, Սերգեյ Սմբատյանը, Տիգրան Համասյանը, Արամ Թալալյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Բաբախանյանը, Ստեփան Լուսիկյանը, Կարեն Հակոբյանը, Հայկ Արսենյանը, Սոֆյա Մելիքյանը, Լիլիթ Քուրդյանը եւ այլ հանրաճանաչ անուններ, ովքեր մեր ազգի հպարտությունն են:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930