Լրահոս
Օրվա լրահոսը

70 տարվա դադարից հետո կբացվի Բյուրականի աստղադիտարանի գլխավոր մուտքը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2016 16:26

Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակն այս տարի նշանավորվելու է երկու խոշոր միջոցառումներով: Սեպտեմբերի 12-ից կսկսվի «Բյուրականյան 5-րդ դպրոցը», որին կմասնակցեն երիտասարդ աստղագետներ ՀՀ-ից, Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից: Իսկ սեպտեմբերի 19-ին ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որին կմասնակցեն գիտնականներ մի շարք երկրներից: Նիստին կհաջորդի միջազգային գիտաժողովը: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով` հոբելյանական տարում առաջնայինը ոչ թե միջոցառումներն են, այլ հնարավորությունները, որոնց շնորհիվ կառույցը կատարում է իր առաքելությունը` աստղագիտության զարգացում: Այս առումով աստղադիտարանի վիճակը վերջին տարիներին բարելավվել է: «Սարքերն արդիականացվել են, մասնավորապես` մեր խոշոր դիտակը, որը լավ վիճակում է: Երկրորդ` փոքր դիտակն էլ 25 տարվա անգործությունից հետո սկսել է աշխատել»,-տեղեկացրեց տնօրենը:

Հայկ Հարությունյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 18-ը` Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես աստղագիտության օր: Բյուրականի աստղադիտարանն այդ օրը դռները կբացի հյուրերի համար, կլինեն դասախոսություններ, հանդիպումներ: Ի դեպ, տնօրենը հայտնեց, որ աստղադիտարանի շինությունները եւս բարեկարգվում են. «Հետաքրքիր փաստ ասեմ` 70 տարի անց մենք որոշել ենք բացել մեր հիմնական դուռը: 70 տարի շարունակ աստղադիտարան էին մտնում ետնաբակից: Այս տարի վերջապես կբացենք հիմնական մուտքը, որ աստղադիտարան մտնողը զգա` որտեղ է գտնվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930