Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պապյան. «Ես՝ որպես քաղաքացի, որպես մարդ, որպես հայ կին, այդ օրերի հետ կապված անձնական վիրավորանք եմ զգում». «Իրատես»

Սեպտեմբեր 09,2016 12:04

«Իրատեսի» հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը

– Մի հարցազրույցում ակնարկել եք, թե օպերային երգչուհու կարիերան ավարտելուց հետո հնարավոր է՝ նյութական ներդրում անեք հայրենիքում։ Ձեզ հայտնի չե՞ն այն բազմաթիվ չպատճառաբանված արգելանքները, որ ծառանում են այդ քայլին գնացող սփյուռքահայերի առջև:

– Նախ՝ ես սփյուռքահայ չեմ։

– Հայաստանցի հայերն էլ անմասն չեն մնում այդ «բարիքից»։

– Իմ մեջ նաև միտում կա՝ սովորեցնել, թե ինչպես կարելի է կոտրել կարծրատիպերը, ճակատով պատ քանդել և ապացուցել, որ կարելի է ազնիվ ճանապարհով վաստակած գումարը ներդնել ի բարօրություն մեր ժողովրդի։ Այդպիսի բաներ ես արդեն արել եմ դեռ 30 տարի առաջ։ Իսկ այդ տարիներին շատ ավելի դժվար էր։ Հենց միայն այն, որ ես խորհրդային վարչակարգի պայմաններում կարողացել եմ գնալ արտասահման, հաղթահարել այն բոլոր պատնեշները, թղթաբանության պարտադրանքները, որ կային, խոսում են իմ հատկանիշների մասին։ Միայն երգելը բավական չէր, պիտի շաբաթներ, ամիսներ անցկացնեիր նախարարությունների պատերի տակ, ունենայիր Մոսկվայի թույլտվությունը և այլն։ Ես այդ դպրոցն անցել եմ ու հաղթահարել։

– Դուք անձնական օրինակով հերքո՞ւմ եք Սևակի՝ «Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ» խոսքը։

– Չէ՛, ոչ թե Սևակին եմ հերքում, այլ Հրանտ Մաթևոսյանի խոսքին եմ հետևում, կանգնիր, թող խփեն, իրենց բռունցքը կոտրվի։ Իհարկե, հույս ունեմ, որ ինձ վրա ձեռք չեն բարձրացնի։ Թեև հուլիսյան դեպքերն ինձ մտահոգվելու լուրջ հիմքեր տվեցին։ Ես՝ որպես քաղաքացի, որպես մարդ, որպես հայ կին, այդ օրերի հետ կապված անձնական վիրավորանք եմ զգում։ Ես ինձ զգում եմ արհամարհված, անտեսված։ Գերմանացիները շատ լավ մի հատկություն ունեն՝ միշտ երկխոսում են։ Իրենք մեղավոր են, թե ոչ, պատրաստ են բացատրվելու, չխորացնելու բացասական տրամադրությունը։ Ես սա կարող եմ հավաստիացնել հենց իմ ընտանիքի օրինակով։ Իմ ամուսինն ու աղջիկը միշտ ուզում են իմանալ իմ դժգոհության պատճառը, նույնիսկ չլինելով մեղավոր՝ պատրաստ են ներողություն խնդրելու։ Գիտե՞ք՝ ինչքան կարևոր է սա ընտանիքի ամրության, նույն կերպ և պետության ամրության համար։ Պետք է կարողանալ մի կողմ դնել անձնական ամբիցիաները, մանավանդ երբ խոսքը հայ ժողովրդի մասին է, որը պարզ մի ժողովուրդ չէ։ Ես բնակվում եմ Ավստրիայում, բայց ապրում եմ Հայաստանում։ Եվ կցանկանայի, որ Հայաստանում երբևէ գործեին եվրոպական դեմոկրատական երկրների օրենքները, որտեղ, օրինակ, Գերմանիայի նախագահը՝ Քրիստիան Վուլֆը, պաշտոնանկ է արվում, որովհետև արտոնյալ պայմաններով վարկ է վերցնում իր դասընկերոջ բանկից՝ ստանալով ընդամենը 20000 եվրո շահույթ, պաշտպանության նախարարը՝ Կարլ-Թեոդոր Գուտտենբերգը, պաշտոնանկ է արվում, որովհետև նրա դոկտորական աշխատանքում ինչ-որ բաժիններ արտագրված են ուրիշից։ Ես, իհարկե, չէի ակնկալում դեմոկրատիայի նման բարձր դրսևորում Հայաստանում, բայց հուլիսյան օրերն իմ բոլոր սպասելիքները գերազանցեցին, ի՞նչ է նշանակում ոստիկանն իրեն իրավունք է վերապահում ջարդելու իր ժողովրդին, անկախ նրանից՝ ով է մեղավոր, ով՝ ոչ։ Սա 21-րդ դարն է, դատարան կա, օրենքներ կան, ինչպե՞ս կարելի է այս կերպ լուծել հարցերը։ Մենք այս դեպքերի արդյունքում ոչ թե ստալինյան ժամանակների հասանք, այլ միջնադար։

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930