Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը Հայաստանը դարձնելու է Սինգապուր. Մկրտիչ Մինասյան

Սեպտեմբեր 09,2016 18:40

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այն աստիճան լավատես է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակման հարցում, որ համոզված է, թե նոր վարչապետը Հայաստանը դարձնելու է Սինգապուր:

«Հայելի» ակումբում շարունակելով Կարեն Կարապետյանի հասցեին գովասանքների հնչեցման թեման` պարոն Մինասյանն ասաց. «Շատ երիտասարդ տարիքից ճանաչում եմ նրան և անգամ այդ ժամանակվանից տարբերվում էր իր համակարգային մտածելակերպով:  Տարիների ընթացքում, երբ նա աշխատեց «Հայէներգոյում», «Հայռուսգազարդում», համոզվեցինք, որ մարդը որպես մենեջեր ու գործի կազմակերպիչ լավագույններից մեկն է»:

Վկայակոչելով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մկրտիչ Մինասյանը պնդեց, թե սպասելու ժամանակ չկա. երկրում կուտակված խնդիրներ կան և անկախ ամեն ինչից, թե որտեղ է հայ մարդը, եթե նա կարող է օգուտ բերել իր հայրենիքին, պիտի այդ հնարավորությունն օգտագործվի: Ամփոփելով միտքը` պարոն Մինասյանն ասաց. «Կարեն Կարապետյանի տեղափոխությունը «Գազպրոմից» Հայաստան արդարացված է: Հուսով եմ, որ Հայաստանը կդառնա Սինգապուրի նման մի բան, և նոր, համարձակ տնտեսական քայլերով ՀՀ տնտեսությունն ավելի ակտիվ տեմպերով առաջ կգնա»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանն էլ հեգնեց. «Եթե գիտեիք Հայաստանը Սինգապուր դարձնող վարչապետի տեղը, ինչու՞ ավելի վաղ չէիք բերում»: Այնուհետև հակադարձեց, թե միայն մենեջերական որակներ չէ, որ պետք են Հայաստանի վարչապետին. «ՀՀ կառավարությանը պետք է ազատության մեխանիզմների աստիճան, որը պետք է տա ՀՀ նախագահը»:

Դառնալով ՀՀԿ-ի` Կարեն Կարապետյանի նշանակմանն առիթով լավատեսությանը, պարոն Սաֆարյանն ասաց. «Ուրախ եմ, որ թիմը մեծ լավատեսություն է ստացել Կարեն Կարապետյանի նշանակումով, բայց ցավով հիշում եմ, թե ինչպես առանց բացատրության ճանապարհեցիք Կարեն Կարապետյանին Երևանի քաղաքապետի պաշտոնից, հատկապես, երբ նրա գործողությունները բավականին կտրուկ էին քաղաքում իրականացվող բարեփոխումների կտրվածքով: Զարմանում եմ` ինչո՞ւ այն ժամանակ չէիք պաշտպանում ռեֆորմատոր քաղաքապետին»:

Կարեն Կարապետյանի անձի հետ կապված այն մտահոգությունները, թե նա Հայաստան  է գալիս, որպեսզի Հայաստանն ավելի վերահսկելի դառնա Ռուսաստանի համար, Մկրտիչ Մինասյանը շտապեց փարատել. «Նա ուղնուծուծով հայաստանցի է, հայ և Հայաստանի համար է աշխատելու: Այստեղ ռուսական հետք չեմ տեսնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Մնում է սպասենք Սինգապուրի ԱԺ պատգամավորների ընտրությանը, հետո էլ հիանանք նրանց սինգապուրյան մակարդակի ելույթներով:

  2. PATRON says:

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱԼՈԻ Է NEW VASJUKI—URRRA TOVAXIOSHI

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930