Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Պապիկյան. Խափանման միջոցները փոխելով երեւի ցանկանում են ցույց տալ՝ օբյեկտիվ քննություն են իրականացնում

Սեպտեմբեր 28,2016 20:15

«Վերաքննիչ բողոքը չէինք հասցրել հանձնել, մեկ էլ մեզ նման բան են հայտնում»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լեւոն Ասլանյանի խափանման միջոցի փոփոխմանը, ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնեք՝ 2016թ. հուլիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մ.Խորենացի եւ Քրիստափոր փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց կողմից հասարակական անվտանգությունը վտանգելով, բռնություններով, ջարդերով, գույք ոչնչացնելով ու վնասելով արտահայտված զանգվածային անկարգություններին մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 27-ին կայացված որոշումներով մեղադրյալներ Լեւոն Ասլանյանի եւ Արմեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նկատի ունենալով, որ վերացել է նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ նման որոշում չէր սպասում, քանի որ մի քանի օր առաջ երկարաձգվել էր իր պաշտպանյալի խափանման միջոց հանդիսացող կալանքը. «Իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է, եւ նաեւ հույս ունենք, որ առաջիկայում նաեւ իր նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, որովհետեւ զանգվածային անկարգություններին մասնակցելու իր մասով որեւէ փաստ կամ ապացույց վարույթ իրականացնող մարմինը չուներ: Հետևաբար` իր նկատմամբ ոչ միայն կալանքն էր ապօրինի, այլ ընդհանրապես քրեական հետապնդումը, որ իրականացվել է: Իմ կարծիքով՝ դա նաեւ անհիմն է, եւ հույս ունեմ, որ առաջիկայում իր նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի, եւ իր մասով գործն ուղղակի կավարտվի»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե փաստաբանի կարծիքով՝ ի՞նչ է փոխվել այդ մի քանի օրերի ընթացքում, երբ դատարանը որոշել է երկարաձգել Լեւոն Ասլանյանի կալանքը եւ քննչական կոմիտեն օրեր անց որոշել է վերացնել կալանավորումը, Արայիկ Պապիկյանը ասաց, որ դժվարանում է պատասխանել. «Որովհետեւ խափանման միջոցը փոխելու որոշումն այդքան էլ մեզ պարզ չէր: Չնայած՝ շատ լավ է, որ այդ վիճակը փոխվեց, թեկուզեւ մենք չգիտենք այս պահին, բայց այն հանգամանքը, որ փոխվեց, շատ լավ է: Ես ուզում եմ հավատալ, որ վարույթն իրականացնող մարմինը սկսել է նաեւ այդ անձանց նկատմամբ օբյեկտիվ քննություն տանել, բայց նաեւ գիտեմ, որ այլ գործերով այդ օբյեկտիվությունը դեռեւս տեսանելի չէ:

Մի քանի դեպքերով փորձում են ցույց տալ՝ տեսե՛ք օբյեկտիվ քննություն են սկսում իրականացնել, բայց ակնկալում ենք, որ այդ օբյեկտիվ քննությունը ընդհանրապես կլինի ոչ թե կոնկրետ այս դեպքում Լեւոն Ասլանյանի կամ այլ անձի գործով, այլ ընդհանրապես քննությունը պետք է օբյեկտիվ լինի: Վստահաբար կարող եմ ասել, որ Լեւոն Ասլանյանի նկատմամբ իր կալանավորման պահից մինչեւ խափանման միջոց փոխելը, պետք է հիմնավորապես պնդեն, որ երբ մենք ասում էինք, որ իր նկատմամբ ապօրինի էր ընտրված խափանման միջոցը, եւ ընդհանրապես քրեական հետապնդումն ապօրինի էր: 2.5 ամիս պահանջեց, որ վարույթ իրականացնող մարմինը համոզվեր դրանում»:

Արայիկ Պապիկյանի ենթադրությամբ՝ երեւի ցանկանում են ցույց տալ, որ օբյեկտիվ քննություն են իրականացնում: Նա ընդգծեց, որ Լեւոն Ասլանյանը հանրության լայն զանգվածներին հայտնի չէ եւ ցույցերի ընթացքում ամենաակտիվ մասնակիցների շարքում չի եղել. «Բայց շատ-շատ անձանց անունները, որ հանրությանը բավականաչափ  բան է ասում եւ ճանաչում են իրենց, նրանց նկատմամբ, ըստ էության, նույն պայմաններում է քննությունը տարվում, ինչ Լեւոն Ասլանյանի: Իր նկատմամբ փոխեցին, եթե ուզում են օբյեկտիվությունը ցույց տալ, ապա դա բոլոր անձանց նկատմամբ պետք է լինի, այդ թվում նաեւ զանգվածային անկարգության մեջ մեղադրվող շատ անձանց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930