Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ի՞նչ է անում ՀՀԿ-ն եւ ի՞նչ է անում ՀԱԿ-ը

Հոկտեմբեր 06,2016 22:55

«Ցանկացած ընտրությունից հետո պարտվողները միշտ էլ պետք է փորձեն արդարացնել իրենց պարտությունը` մեղքերը գցելով տարբեր տեղեր, մեղավորներ փնտրելով ոչ իրենց շարքերում եւ գործողություններում: Մեր որոշ ընդդիմադիր գործիչներ նաեւ հերթապահ հայտարարություններ արեցին: Իշխանությունը հաջողեց, որովհետեւ շահագրգիռ էր, իսկ իրենք ընտրել են` մի հատ ցեխ է` շպրտենք, սկզբունքը, քանի որ անգամ 1,5 տոկոս չեն հավաքել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն` անդրադառնալով խորհրդարանական վերջին քառօրյայում, մանավանդ ԸՕ-ի եւ ԿԸՀ կազմի ընտրության հարցի շրջանակներում ծավալված քննարկումներին` կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունների համատեքստում: Նա կարծում է, որ Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններն իր կուսակցության համար լավ հիմք են` առաջիկա խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու համար:

Հիշեցնենք, ընդդիմադիրները, հատկապես ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները քննադատեցին ոչ միայն իշխանությանը, այլ մեղադրանքներ հնչեցրեցին նաեւ ընդդիմադիրների հասցեին` նաեւ ընտրակաշառք բաժանելու մասով :

Ռուզաննա Մուրադյանը նկատում է, որ որոշ ընդդիմադիրներ ընտրակաշառքների եւ կեղծիքների մասին խոսակցություններն այնքան են տարածել` առանց հիմնավորելու, որ դրանք գրեթե սովորական են դարձել` ետին պլանում թողնելով առկա հիմնավոր թերությունները, որոնք դեռ չի հաջողվում առանցքային խնդիր դարձնել ու փոխել: «Չի կարելի լղոզված եւ ինքնանպատակ ասել ու կապ չունի դու այդ ընտրատարածքում եղե՞լ ես, թե` ոչ, խախտում տեսել-արձանագրե՞լ ես, թե` ոչ: Դա ուղղակի մոտեցում է դարձել»,- ասում է իշխող ուժը ներկայացնող պատգամավորը` հայտարարելով, որ Հայաստանն արդեն անցել է ընտրակեղծիքների ժամանակահատվածը, որոնք իրենց ձեւի ու մեթոդների մեջ անգամ կորցրել են իրենց ուժը:

«Մենք գնում ենք մեր սխալներն ուղղելու ճանապարհով, իրենք` իրենց սխալներն արդարացնելու եւ էժան դիվիդենտներ հավաքելու ճանապարհով»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ իրենց պարտությունից եւ դասական ընդդիմությունը` ՀԱԿ-ը պետք է հետեւություններ անի, եւ  պարտություն գրանցած նոր ձեւավորված ուժերը: Ըստ նրա, լավ արդյունքներ գրանցվում են երկարատեւ աշխատանքի շնորհիվ, ոչ թե այլոց սեւացնելու կամ անընդհատ ցեխ շպրտելու. «ՀՀԿ-ն գնում է խնդիրները լուծելու ճանապարհով եւ հակված ենք հանուն գործընթացի լավացման` մեկտեղել ուժերն այն բոլոր քաղաքական կառույցների հետ, որոնք իսկապես շահագրգիռ են: Դա ցույց տվեց նաեւ ԸՕ-ի այսքան լայնածավալ եւ բազմաշերտ քննարկումները, որոնց ընթացքում պարզ երեւաց` ովքեր են ուզում այս երկրում բան փոխել, ովքեր… գնացքը գնում է, դրա ետեւից իրենք չեն կարող վազել եւ հասնել, պետք է գնացքի մեջ լինել»:

Տիկին Մուրադյանը նկատում է, որ հին ընտրական օրենսգիրքը նոր մոտեցում էր բերել` ընտրական գործընթացի մասնակիցները պետք է ընթացակարգերին տեղյակ լինեն ու դրա համար դասընթացներ կազմակերպվեցին, իսկ այսօր` նոր ԸՕ-ով նման դասընթացներ են նախատեսվում դիտորդների եւ վստահված անձերի համար, որպեսզի անտեղյակ եւ պատահական մարդիկ չհայտնվեն ընտրական գործընթացում:

«Որ Գյումրիում եւ Վանաձորում մենք լավագույն ընտրություններ արձանագրեցինք, ես շատ կարեւորում եմ նաեւ ուսումնական բաղադրիչը, նաեւ տարբեր տեսահոլովակներով հանրությանը կրթելու բաղադրիչը: Ճիշտ է, աշխատելու տեղ դեռ կա: Բայց ես դեռ չեմ խոսում գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու մեխանիզմների մասին»,- ասում է մեր զրուցակիցը` արձանագրելով, որ Գյումրու եւ Վանաձորի ընտրությունները, որոնք ՀՀԿ-ն շատ էր կարեւորում, հաջողեցին` իրենց բոլոր խնդիրներով եւ բացթողումներով հանդերձ: Իսկ խախտումների եւ թերությունների համար, ըստ նրա, համապատասխան մարմինները պետք է, անպայման, պատասխան տան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31