Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Նելսոն Մամուլյանը հրաժարական է տվել։ Նա իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի համաքաղաքացիներ,
Ավարտվեց Վանաձորի ավագանու ընտրությունների առաջին փուլը, ընտրվեց ավագանի, որն էլ իր հերթին կընտրի համայնքապետ:
Հ.Յ.Դաշնակցության մասնակցությունն այս ընտրություններում նպատակամղված էր համայնքային կառավարման նոր որակի և մշակույթի ներմուծմանը: Համամասնական ցուցակի մեր թիմով փորձեցինք սահմանել և պահպանել քարոզարշավի հանդուրժողականության առանցքը, սակայն որոշ կուսակցությունների կողմից այն ոչ միայն չպահպանվեց, այլև նրանց կողմից ընտրարշավը վերածվեց քաղաքական ինտրիգային հարթակի: Գրեթե չքննարկվեցին Վանաձորի տարիներ շարունակ կուտակված հիմնախնդիրները: Եթե ավագանին այս ոճով մեկնարկի, ապա Վանաձորը դեռ երկար կսպասի համայնքային խնդիրների լուծումներին:
Կոչ եմ անում ավագանուն բառացիորեն լծվել այս խնդիրներին, դրանց ռացիոնալ և օրիգինալ լուծումների և ռեսուրսների փնտրմանը, որի արդյունքում կունենանք շատ ավելի բարեկարգ Վանաձոր:
Հաշվի առնելով, որ ՀՅԴ համամասնական ցուցակը, չնայած հավաքելով մասնակիցների քվեների 6.37%-ը, ավագանում կներկայանա 2 մանդատով, չստացավ վանաձորցիների մեծամասնության քվեն, ինչի համար որ մասնակցում էինք ընտրարշավին, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարեցին մեր թիմին և ինձ` որպես թիմի ավագ (կամ ինչպես ընդունված է ասել`թիվ 1 համար) և հավաստելով, որ ավագանու անդամի կարգավիճակն ինձ համար գերնպատակ չէր, հայտնում եմ ինքնաբացարկ, հնարավորություն տալով համամասնական ցուցակի հաջորդ համարով ընկերոջս դառնալու ավագանու անդամ:
Նշեմ նաև, որ ընտրարշավի ընթացքում մեր համաքաղաքացիների հետ քննարկված և նրանց կողմից բարձրացված խնդիրներին կշարունակեմ ակտիվ առնչվել, ավելին, շարունակելով մնալ հանրային կերպար, հանուն իմ քաղաքի զարգացման, պահանջատիրոջ կարգավիճակով ուշադիր կհետևեմ ավագանու նիստերին, հաճախ նաև` կմասնակցեմ դրանց, հանդես գալով Վանաձորի զարգացմանն ուղղված իմ առաջարկներով:


















































