Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղեկավար պաշտոնը ամենեւին չի ասոցացվում կնոջ հետ». Զառա Հովհաննիսյան

Հոկտեմբեր 26,2016 14:45

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանի տվյալներով, Հայաստանում համայնքների ղեկավարների 70 %-ը 56-66 տարեկան տղամարդիկ են: Ինչու են համայնքների ղեկավարների շրջանում գերիշխում տղամարդիկ, այսօր այս հարցի շուրջ իրենց տեսակետներն էին հայտնում կին գործիչները:

«Սա լուրջ խնդիր է՝ տարիքային եւ սեռային խտրականություն: Առաջադրվում են միջին տարիքի տղամարդիկ եւ քիչ թվով կանայք: Ընդունված կարծիք կա համայնքներում, որ տղամարդիկ շատ ավելի լավ են հարցերը լուծում: Իսկ կանանց մեջ չկա սոլիդարություն, կանայք չեն հավատում իրենց ուժերին ու չեն հավատում նաեւ կին թեկնածուների ուժերին:

Ինձ համար վառ օրինակ է այս ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու Արուսյակ Այվազյանի դեպքը, նա լավ ցույց տվեց իր քաղաքացիական դիրքորոշումը, թեկնածություն առաջադրեց ու ստացավ ընդամենը 188 ձայն, այդ համայնքում կին ընտրողների թիվը շատ ավելի մեծ էր, քան նրան ձայն տվողների թիվը»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Լենա Նազարյանը:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ ասաց, որ գործ ունենք գենդերային կարծրատիպերի հետ, սոցիալական ինչ վարք է նախատեսվում կնոջ ու տղամարդու համար. «Այդ դեպքում ղեկավար պաշտոնը ամենեւին չի ասոցացվում կնոջ հետ… խտրական մոտեցումը հենց կանանց խնդիրներին բավական վիճահարույց է, կանայք Հայաստանի բնակչության հիսուն տոկոսից ավելին են եւ դիտարկելով կանանց մասնակցությունը, իրավունքները որպես մարգինալ խմբի հանդեպ խտրականություն՝ մենք պետք է ներսում վերաձեւակերպենք ու հոգեբանական այդ արգելքը հաղթահարենք»:

Նրա խոսքով, եթե հետեւենք տղամարդ թեկնածուների քարոզարշավին, գիտելիքներն ու բառապաշարը, ամենեւին չենք կարող ասել, որ կանայք գրագիտության ու այլ առումներով զիջում են նրանց. « Բոլոր ցուցանիշներով կրթական համակարգում կանանց ներգրավվածությունը շատ ավելի բարձր է, կրթություն ստացողների 50 % -ից ավելին կանայք են»:

Ինչու են կանայք ավելի քիչ, օրինակ՝ քաղաքական ոլորտում, Զառա Հովհաննիսյանի կարծիքով, պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է. «Քաղաքականությունն ու տնտեսությունը զուգահեռ են գնում: Հաղթում ու հիմնավորվում են նրանք, որոնք ունեն տնտեսական լուրջ բազա: Կանանց մեկ տոկոսն է, որ բիզնեսում ներգրավված է, դա է պատճառը, որ կանանց ներգրավվածությունը քիչ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31