Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի կարգավիճակի հարցը` Ալիեւի սեղանին ու մտքում

Նոյեմբեր 05,2016 12:00

Թե ինչպես Ալիեւը Ղարաբաղի հարցով «SOS» հնչեցրեց` Կիսելյովի օգնությանը դիմելով

Անցյալ շաբաթ ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Թեեւ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստ է հանդիպել իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ եւ որ նա` «հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը», այնուամենայնիվ, պարզ չէ, թե նախագահների ձեւաչափով հանդիպում երբ կկազմակերպվի:

Այս պահին միայն պարզ է, որ համանախագահները ծրագրում են հանդիպել ԱԳ նախարարներին՝ դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի հանդիպման շրջանակներում:

Տարածաշրջանային այցի արդյունքներով տարածած հայտարարությունում միջնորդներն ընդգծել են, որ հրադադարը հարգելը շարունակվող բանակցությունների հիմնաքարն է, եւ շեշտել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների լիակատար իրականացման կարեւորությունը: «Նախագահներից յուրաքանչյուրը իր տեսակետներն արտահայտեց, թե ինչպես առաջ մղել կարգավորման գործընթացը: Նախագահները նաեւ վերահաստատեցին իրենց համաձայնությունը ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը», նշել են համանախագահները՝ հավելելով, որ «օպերացիոն մանրամասների քննարկումը դեռ շարունակվում է»:

Այսինքն, համանախագահների տարածաշրջանային վերջին այցը առանձնանում է նրանով, որ կարծես, հետաքննության մեխանիզմների կիրառման պահանջը չի դրվում նախկին սրությամբ: Այստեղ ուշագրավ է հարցը, թե արդյոք պաշտոնական Երեւանի դիրքորոշումը մեղմացե՞լ է այս հարցում: Եթե Բաքվի վերաբերմունքը պարզ էր ի սկզբանե, Ադրբեջանը բացահայտ ընդդիմացավ այդ առաջարկին, այն` «հայկական կողմի» տեխնիկական առաջարկ համարելով, ապա հայկական կողմի համար, այդ մեխանիզմների կիրառումն իսկապես խիստ կարեւոր է: Համանախագահների վերջին այցում այդ հարցը թույլ շեշտադրումներով ներկայացնելը, թերեւս, փաստում է նրա մասին, որ այսպես շարունակվելու դեպքում Ալիեւի քմահաճույքները կարող են բավարարվել հետաքննության մեխանիզմների կիրառումից հրաժարվելու առումով:

Համանախագահների տարածաշրջանային այցը կարեւոր էր նաեւ այն առումով, որ այն ընթացավ Թուրքիայի, Ռուսաստանի իշխանությունների կողմից որոշ խիստ ուշագրավ գնահատականներով, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի` Դմիտրի Կիսելյովին տված ծավալուն հարցազրույցով:

ԵԱՀԿ Մինսկը խումբը, հանուն արդարության, պետք է արձանագրել, որ աշխատում է բավական բարդ պայմաններում: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնական Երեւանը կոշտացրել է դիրքորոշումը, իսկ Բաքուն` Ալիեւի մակարդակով խոստովանեց, որ Ադրբեջանին ճնշումներ են գործադրվում` ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հենց այդ պատճառով էլ Ալիեւը Կիսելյովին տված հարցազրույցում խոսեց Ղարաբաղին «ինքնավարություն» տրամադրելու հնարավորության մասին, այն որպես Ադրբեջանի կողմից միակ հնարավոր զիջում ներկայացնելով:

Այն, որ Ալիեւի «փրկօղակը» ռուսաստանյան քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչն է եւ որ Ալիեւը Ղարաբաղի հարցով «SOS» է հնչեցնում Կիսելյովի օգնությամբ, զարմանալի չէ: Առավել ուշագրավ էր, որ Ալիեւը չմոռացավ իր համար այս ծանր պայմաններում, թեթեւ, ակնարկել, որ կարող է մտածել ԵԱՏՄ-ին անդամակցության մասին` «ոչինչ բացառել չի կարելի» հպանցիկ արտահայտությամբ: Այսինքն` նրա «տրամաբանությունն» ամբողջությամբ տեղավորվում էր հետեւյալ սահմաններում` Ռուսաստա՛ն, օգնիր մեզ, որպեսզի մեզ չստիպեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ մենք լրջորեն կքննարկենք ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը…

Այս համատեքստում հատկանշական էր Երեւանում Ուորլիքի արձանագրումը` Ալիեւի հայտարարություններին ի պատասխան, երբ ամերիկացի համանախագահը նախ կոչ արեց ընդհանուր կոնտեքստից ոչինչ չառանձնացնել նշելով, որ բոլոր բաղադրիչները միասին կազմում են համակարգային կարգավորումը, ապա գալով ԼՂ-ին ինքնավար հանրապետության կարգավիճակ տալու Ալիեւի հայտարարությանը` նա ողջունեց այն, սակայն դա համարելով` «հիմք Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկման» մեկնարկի համար․ «Նախագահ Ալիեւը բացել է քննարկում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, բոլորս սա պետք է ողջունենք: Մենք պետք է ունենանք անկեղծ քննարկում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ․ կողմերի դիրքորոշումները կարող են չհամընկնել, բայց կարեւոր է, որ այս հարցերը դրվեն հանրային քննարկման Հայաստանի, Ադրբեջանի, եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից: Այսպիսով, ես ասել եմ Բաքվում եւ կրկնում եմ այստեղ, որ մենք ողջունում ենք նախագահ Ալիեւի հայտարարությունը ոչ թե որովհետեւ դա վերջին խոսքն է, այլ որովհետեւ նա այս հարցը դնում է քննարկման: Եվ բոլոր հարցերը, որ մասն են կազմում կարգավորման պետք է դրվեն քննարկման ոչ միայն մասնավոր կերպով, այլ լայն հանրության համար»:

Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան այս փուլում կոնկրետ ակնկալիքներ ունեն Մոսկվայից Ղարաբաղի հարցում: Գործ ունենք ոչ միայն թուրք եւ ադրբեջանցի իշխանությունների հայտարարությունների հետ, որոնք կարելի է քարոզչություն համարել, այլեւ ռուսական կողմից դա վկայող պատասխան-ակնարկներ: Դա էր փաստում եւ՛ Թուրքիայի արտգործնախարարի ելույթը ԵԽԽՎ-ում, երբ Մեւլութ Չավուշօղլուն նշեց, որ` «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է՝ հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից, այս տարբերակն այժմ քննարկվում է», եւ՛ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունն Ալիեւի հայտարարությանն ի պատասխան` Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակի տրամադրելու վերաբերյալ: Զախարովան ուղղակի նշեց. «Այդ արտահայտության մեջ առանցքային է` «եթե կողմերը համաձայնության գան»:

Այսինքն` պաշտոնական Մոսկվան համարում է, որ Հայաստանի իշխանությունները կարող են Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն տրամադրելու շուրջ բանակցություննե՞ր վարել Ալիեւի հետ այն դեպքում, երբ Ալիեւն անձամբ է այսօր արձանագրում, որ Ադրբեջանին ճնշում են, որպեսզի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 05.11.2016

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Նախ,հետախուզության մեխանիզմներ դնելու հարցը չի պնդվում,որովետև բոլորին էլ պարզ է թե ով է հրադադարը պարբերաբար խախտում և դրա համար ամիսներով ջուր ծեծելը անիմաստ է.
    Երկրորդ.Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկւմները հնարավորություն կտան 1-2 տասնամյակ էլ այդ հարցը բարձրացնել,և Մինսկի խմբի համանախագահները այդքան ժամանակ աշխատանքով ապահոված կլինեն./Ուորլիքը դրա համար ոգեվորվել/.
    Երրորդ.ինչ է?,սպասում էինք,որ Ալիևը հայտարարելու էր Արցախի անկախության ճանաչման մասին:Միթե մենք այդչափ միամիտ ենք?:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930