ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը պարզաբանեց, թե ինչու ԱՄՆ նախագահական ընտրություններին չեն աջակցել որեւէ թեկնածուի:
Ըստ նրա, Հայ դատի հանձնախումբը նախագահական նախորդ ընտրություններին էլ ոչ մի կողմին չպաշտպանեց, բայց պաշտպանեց կոնգրեսական ընտրություններին, ընտրվում էր մոտ 460 ներկայացուցիչ, հանձնախումբը պաշտպանեց 130 թեկնածուի տարբեր նահանգներից:
«Այնպես չէր, որ հանձնախումբն ակտիվ չէր, իսկ թե ինչու չսատարեց նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկին, բացատրեմ՝ Հիլարի Քլինթոնն իր կեցվածքը ցույց էր տվել որպես պետքարտուղար, ինչ վերաբերում է Թրամփին չաջակցելու հարցին, նրա քարոզարշավի տրամաբանություններից մեկն այն է , որ պետք չէ տուրք տալ հատուկ շահեր հետապնդող կառույցներին, դրա դեմ էր նա պայքարում, ուրեմն ընդհանրապես նման կառույցների հետ աշխատելու հետաքրքրություն չունեին… դա եւս պատճառ էր, որ աջակցություն չլինի»,- «Մեդիա կենտրոնում» ասաց Կիրո Մանոյանը:
Նա նկատեց, որ հանձնախմբի ջանքերով որպես քվեարկողներ շատ ամերիկահայեր են գրանցվել. «24 ժամվա մեջ տարբեր բաներ ասաց Թրամփը, սպասենք ՝ ովքեր կլինեն իր շրջապատում: Ինչից հետո կարելի կլինի պատկերացնել՝ ինչ ուղղություններով պետք է աշխատենք»:
Կարդացեք նաև
Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանն էլ ասաց, որ մի քանի բան են իմացել Թրամփի մասին. «Նա քաղաքական փորձ չունի, բիզնեսմեն է եղել, նոր է մտնում քաղաքական դաշտ: Դրա համար պետք է իմանանք՝ շատ անակնկալներ կարող են մեզ սպասել, չգիտենք՝ ինչպես կմոտենա քաղաքականությանը, որը լրիվ ուզում է փոխել, որովհետեւ դեմ է շատ բաներին: ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը, որ Թրամփին է ձայն տվել, փաստորեն կողմ է այդ փոփոխություններին: Հունվարի քսանմեկից, երբ նորընտիր նախագահը սկսի իր աշխատանքները, ամեն ինչ պարզ կլինի, կարող է այլ կերպ մոտենալ այս հարցերին: Սպասենք՝ ինչ շեշտադրումներ նա կանի ԱՄՆ քաղաքականության մեջ»:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի խոսքով, եթե հիմա փորձենք հասկանալ՝ ինչպիսի քաղաքականություն կվարի ԱՄՆ-ն առաջիկա չորս տարիներին, պետք է դիտարկենք ԱՄՆ-ի ստատիկ ու դժվար փոխվող արտաքին քաղաքական դրույթները, բայց հաշվի առնենք, որ Թրամփը նորություն է, անկանխատեսելի աշխարհի համար, որովհետեւ չգիտեն՝ որ իրավիճակում ինչպես կվարվի. «Մնում է հույս ունենալ, որ ԱՄՆ-ն, որպես կանոն, հավատարիմ է մնում իր արտաքին քաղաքականության գերակայություններին»:
Ըստ նրա, դժվար է կանխատեսել, թե ինչ հունով կզարգանան ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները, քանի որ Թրամփն իր նախընտրական քարոզարշավում հակասական հայտարարություններ արեց. «Լուրջ խնդիրներ առաջացրեց արժեհամակարգային դաշտում, մասնավորապես, կրոնական, ազգային խտրականության, մուսուլմաններին չթողնել երկիր ներս մտնել եւ այլն, ինչը եվրոպական երկրներում բացասական արձագանք գտավ, սա թուլացնում է ԱՄՆ- Եվրոպական միություն տանդեմը, ինչը պարարտ հող է ստեղծում ՌԴ-ի համար Եվրոպայում ավելի ազատ գործելու առումով»:
Փորձագետը նաեւ հավելեց, որ ամեն դեպքում, կարծում է, որ ԱՄՆ-ն գոնե առաջին մեկ-երկու տարում կվարի այն նույն քաղաքականությունը, որն ԱՄՆ-ն ունեցել է մինչեւ Թրամփը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































