Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները չէին ցանկանա որոշակիացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները ընտրություններից առաջ»

Դեկտեմբեր 12,2016 15:00 Share

Պատճառներ, որոնք կաշկանդում են ՀՀ իշխանություններին
հստակեցնել հարաբերությունները ԵՄ-ի հետ

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հավաստմամբ` Հայաստանի կաշկանդվածության աստիճանն այնպիսին է այսօր, որ հավասարապես խորը հարաբերություններ այլ միավորումների հետ նա չի կարող ունենալ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ-ում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յուլիա Բրեզիուսը համոզմունք էր հայտնել, որ «Հայաստանը կարող է դառնալ առաջին պետությունը, որը միաժամանակ ունի սերտ կապեր Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ: Ըստ եվրոպացի պաշտոնյայի` պարտադիր չէ «կամ-կամ»-ի սկզբունքով ընտրության առաջ կանգնել»:

«Առավոտի» հետ զրույցում Երեւանի մամուլի ակումբի նախագահը ցավով նշեց, որ ստեղծված իրավիճակում դա այլեւս հնարավոր չէ: Մեր հարցին` դա բխում է ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության սեպտեմբերի 3-ի որոշումի՞ց, պարոն Նավասարդյանն այսպես պատասխանեց. «Սեպտեմբերի երեքին ընդամենը հայտարարությունն էր, բայց այն պահին, երբ Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ անդամ, ինքը բավականին կաշկանդեց իր հնարավորությունները երրորդ կողմերի հետ հարաբերվելու առումով: Թեեւ ԵՏՄ փաստաթղթում դա գրված չէ, այնուամենայնիվ, այդ տնտեսական կապվածությունից, նաեւ կախվածությունից բխում են նաեւ քաղաքական սահմանափակումներ: Անվտանգության ոլորտում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խորացում է գնում. անվտանգության ոլորտը եւս ազդում է քաղաքական հարաբերությունների վրա: Հայաստանի կաշկանդվածության աստիճանն այնպիսին է այսօր, որ հավասարապես խորը հարաբերություններ այլ միավորումների հետ նա չի կարող ունենալ»:

Մեր այն դիտարկմանը, թե եվրոպական տարբեր պաշտոնյաների շուրթերից ՀՀ-ԵՄ հարաբերությունների հստակեցման ուղերձներ են հնչում, մինչդեռ ՀՀ իշխանություններն այդպես էլ հստակեցումներ չեն կատարում, թե ինչ ձեւաչափով, ինչ շրջանակներում պետք է այդ հարաբերությունները զարգանան, պարոն Նավասարդյանն արձագանքեց. «Մեր եվրոպացի գործընկերները գիտակցում են այն իրողությունները, որոնք ստեղծվում եւ ստեղծվել են ՀՀ-ում: Դրանք հուշում են, որ հավասարապես խորը հարաբերություններ ՀՀ-ն չի կարող ունենալ ՌԴ-ի, ԵՏՄ-ի եւ մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ: Դա «եւ-եւ» բանաձեւը չէ, այլ միանգամայն այլ բանաձեւ: ԵՄ-ի հետ հարաբերություններ Հայաստանը ստիպված կլինի ձեւավորել մնացորդային սկզբունքով: Իհարկե, կոշտ ու կոպիտ արտահայտություններ մեր եվրոպացի բարեկամներն իրենց թույլ չեն տալիս ու ասում են, որ սա է իրավիճակը. ՀՀ-ին տրված էին բոլոր հնարավորությունները, որ կողմնորոշվի, բայց հաշվի առնելով, որ ՀՀ-ն կաշկանդված է արդեն իսկ եղած հարաբերություններով, ե՛ւ ՌԴ-ի հետ, ե՛ւ ԵՏՄ անդամ լինելով՝ ԵՄ-ն ուզի-չուզի պետք է համակերպվի, որ իր հետ ՀՀ-ի հարաբերություններն այնքանով կզարգանան, որքանով դա չի խանգարի ՌԴ-ի եւ ԵՏՄ-ի հետ հարաբերություններին»:

Բորիս Նավասարդյանը փաստեց, որ ՀՀ-ն նույն հավակնությունները չի կարող ունենալ՝ ինչպես Արեւելյան գործընկերության երկրները, որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը, կամ գոնե Ադրբեջանի պես ԵՏՄ անդամ չեն:
Մեր այն հիշեցմանը, թե շրջանակային համաձայնագրի փուլն ավարտին է մոտենում, բայց հստակություն հայկական կողմից այդպես էլ չկա, եւ արդյոք դա կապվա՞ծ է ապրիլին ՀՀ խորհրդարանական ընտրությունների հետ, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Այո, ՀՀ իշխանություններին կաշկանդում են ՀՀ-ում սպասվող առաջիկա ընտրությունները: ՀՀ իշխանությունները չէին ցանկանա որոշակիացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները ընտրություններից առաջ, քանի որ լավ գիտակցում են, որ միանշանակ չէ ՌԴ-ի վերաբերմունքն այդ փաստին, եւ նաեւ ՌԴ ազդեցությունը ՀՀ ներքին քաղաքական զարգացումների վրա լուրջ է: Այս պայմաններում դնել իրենց մի վիճակում ընտրություններից առաջ, որը կարող է առաջացնել ՌԴ դժգոհությունը, ոչ ոք չի ցանկանա»:

Ամփոփելով՝ Բորիս Նավասարդյանը նկատեց, թե հասկանալի են նաեւ ԵՄ-ից եկող ուղերձները. փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների առումով դռները Հայաստանի առաջ բաց են, եւ ամեն ինչ թողնված է Հայաստանի որոշմանը:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

10.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031