Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Բերեզովսկի. «Ես Խաչատրյանի լավագույն կատարողներից եմ». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2016 19:30 Share

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում արդեն երրորդ անգամ Հայաստանում է հանրահայտ դաշնակահար Բորիս Բերեզովսկին:

Նրա առաջին համերգը դեկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում է, երկրորդը դարձյալ նույն սրահում` դեկտեմբերի 13-ին:

2

Դեկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ վիրտուոզ դաշնակահարի եւ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի մամուլի ասուլիսը: Նրանք տեղեկացրին, որ առաջին օրը դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհնչի Չայկովսկու թիվ 2 դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 Սիմֆոնիան: Դեկտեմբերի 13-ին, Բերեզովսկին հայ ունկնդրին կներկայացնի դաշնամուրային երկացանկի եզակի ծրագիր` Բարտոկի Սոնատը և 3 Էտյուդները, ինչպես նաեւ Լիստի 12 Էտյուդները:

Ստեփան Ռոստոմյանը Բորիս Բերեզովսկուն ներկայացրեց որպես աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկը, նաեւ շեշտեց, որ երաժշտական առումով նրա` մեր երկիր գալը տոն է:

Պատասխանելով լրագրողի հարցին, անվանի երաժիշտն ասաց, որ հաճախ առանց դիրիժորի է հանդես գալիս նվագախմբերի հետ, եթե , իհարկե, նվագախումբը բարձրակարգ է: Նրա ձեւակերպմամբ, բայց եթե կա այնպիսի դիրիժոր, որը ոգեշնչում է նվագախմբին, դա հրաշալի է: Բերեզովսկին տեղեկացրեց, որ օրինակ առանց դիրիժորի նվագախմբի հետ հանդես կգա նաեւ ապրիլի 8-ին`կատարելով Ստրավինսկի եւ Բախ:

Ինչ վերաբերում է հայկական երաժշտությանը, արվեստագետը նշեց. «Ես Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների լավագույն կատարողներից եմ, նրա ստեղծագործությունները, անշուշտ կառուցված են ազգայինի հիմքի վրա: Իմ համոզմամբ, Վրաստանի, Հայաստանի, այս տարածաշրջանի ժողովուրդների երաժշտությունը 100 %-անոց է, չկա որեւէ կեղծ բան: Ինչ վերաբերում է դասականին, այն ինձ համար 90 %-անոց երաժշտություն է…Ընդհանրապես ֆոլկլորը խելահեղ երաժշտություն է, շատ բարդ է, թեեւ ոմանց համոզմամբ, պարզունակ է: Ազգայինը ամենագեղեցիկ երաժշտությունն է»:

Խոսելով կոմպոզիտորների մասին` Բերեզովսկին ասաց, որ ամեն երաժիշտ նվագում է այնպես, ինչպես ինքն է ուզում. «Դա շատ անհատական է եւ սուբյեկտիվ: Մի խոսքով այդ առումով լիակատար ազատություն է: Օրինակ Բախ կարելի է ամեն կերպ մեկնաբանել, միեւնույն է`ինքը միշտ գեղեցիկ է»

Հավելենք, որ Բորիս Բերեզովսկին որպես մենակատար հանդես է եկել հեղինակավոր նվագախմբերի և այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են` Կուրտ Մազուրը, Չարլզ Դուտոն, Վոլֆգանգ Զավալիշը, Վլադիմիր Աշկենազին, Ալեքսանդր Լազարևը, Էնդրյու Լիտտոնը, Միխայիլ Պլետնյովը, Անտոնիո Պապպանոն: Թողարկել է մեծաթիվ ձայնագրություններ, որոնք ներառում են Շոպենի, Շումանի, Ռախմանինովի, Մուսորգսկու, Բալակիրևի, Մետների, Ռավելի ստեղծագործությունները:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031