Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գիտության պետական կոմիտեից հաստիքներ են կրճատվել, բայց ռազմատեխնիկական ծրագրերն իրագործելու համար նոր հաստիքներ են պետք (Տեսանյութ)

Հունվար 17,2017 14:41

Aravot.am-ը Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեց, թե այս 4 ամիսների ընթացքում ինչպիսի փոփոխություններ է նկատել գիտության ոլորտում` հաշվի առնելով, որ կառավարության նոր ծրագրում գիտությանը մեծ դեր է վերապահված:

Պարոն Հարությունյանն ասաց, որ 2017 թվականին գիտությանն ուղղված մի քանի կարեւոր կետեր է կառավարությունն ընդունել, համաձայն որոնց, գիտության կիրառական եւ հիմնարար ոլորտներն էլ ձեւափոխություններ են կրելու. «Խոսքը վերաբերում է կիրառական արդյունքների ուղղությամբ իրականացվող ուսումնասիրությունների ավելի ինտենսիվացմանը: Մեր բյուջեի զգալի մասը հիմնականում հիմնարար ուսումնասիրությունների վրա էր ծախսվում` տնտեսության ոչ բավարար պատվերի պատճառով, բայց առանց հիմնարար գիտության ակնկալել կիրառական ուռճացումներ, հնարավոր չէ, մենք, այնուամենայնիվ, հիմնարար գիտությանը պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, Բայց, այնուամենայնիվ, կիրառական գիտության մասնաբաժինը պետք է մեծանա»:

Այսօր Սամվել Հարությունյանը կառավարության մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել, ներկայացնելու նախորդ տարի իրականացրած ծրագրերը: Կոմիտեի ղեկավարի խոսքերով, նոր կառավարությունը բավականին վճռական է տրամադրված ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացնելուն եւ կողմ է, որպեսզի պահեստավորված վիճակում գտնվող գիտական մշակումները կիրառվեն: Այս ոլորտում ֆինանսավորվող մի շարք ծրագրեր կան, որոնք լուծումներ են առաջարկում ռազմատեխնիկական, ինժեներատեխնիկական, բազմաթիվ խնդիրների համար: Բացի այդ, որոշ ծրագրեր վերաբերում են զինվորների կենցաղային պայմանների բարելավմանը եւ լուծմանը:

Նա վստահեցրեց, որ ռազմատեխնիկական ոլորտի խնդիրները մեր գիտնականների համար միանգամայն լուծելի են, եթե դրանք ուղղորդված լինեն:

Հարցին, թե որքան է այսօր վարձատրվում գիտնականը, պարոն Հարությունյանն ասաց, որ 1200-1300 գիտնականներ կան, որոնք այսօրվա պայմանների համար «բավականին լուրջ գումարներ են ստանում` 200-500 հազար դրամ», իսկ միայն բազային դրույքաչափով վարձատրվողները ստանում են 81 հազար դրամ. «Գիտության թեկնածուն նաեւ հավելավճարներ է ստանում, գիտության դոկտորը միջինում ստանում է 130 հազար դրամ` չհաշված դրամաշնորհները: Դոկտորները աշխատավարձով չեն սահմանափակվում նաեւ դրամաշնորհներ են ստանում: Ակտիվները այլ գումարներ եւս ստանում են պետբյուջեից»:

Կառավարության` պետական օղակներում կատարած օպտիմալացումը Գիտության պետական կոմիտեին էլ է հասել. այս կառույցում 4 հաստիք է կրճատվել, չնայած, պարոն Հարությունյանը գտնում է, որ իրենք դեռ աշխատողների կարիք էլ ունեն. «Գիտության պետական կոմիտեի վրա ահռելի լիազորություններ է դրված, մեր աշխատակիցները շաբաթ կիրակի օրերին էլ են աշխատում: Հիմի, եթե ռազմական արդյունաբերության խնդիրներն էլ հաշվի առնենք, ապա մեր հաստիքակազմը, որը 39-ից դարձել է 35, շատ փոքր թիվ է: Այն լիազորությունները, որը մենք ունենք, այս թվաքանակով շատ դժվար է իրականացնել: Ես վարչապետին էլ եմ ասել»:

Պարոն Հարությունյանի ներկայացմամբ, 2016-ի համար պետբյուջեից գիտության ոլորտի ֆինանսավորումը կազմել է 14.2 միլիարդ դրամ, իսկ 2017 թվականի բյուջեում աճը կազմել է 0,8 %: Ըստ նրա, այդ գումարները կուղղվեն «Հորիզոն 20-20» ծրագրին: Նախորդ տարի Պաշտպանության նախարարության կողմից 42 ծրագիր է ֆինանսավորվել:
Սամվել Հարությունյանն անդրադառնալով գիտությանը` պետական պատվերներին, ասաց, որ տնտեսությունը պիտի ունենա պատվերներ, որ Գիտության պետական կոմիտեի ծրագրերն առեւտրայնացվեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031