Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտության ֆինանսավորումը 2022-ին 83 %-ով ավելացել է, 4 նոր ծրագիր ենք իրականացնելու». Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ

Փետրվար 11,2022 12:34

«2022 թվականին գիտության ոլորտի ֆինանսավորումը 2021-ի համեմատությամբ ավելացել է շուրջ 80%-ով»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը: «Վերջին երկու տարիների ընթացքում գիտության ֆինանսավորումը դարձյալ ավելացել էր, բայց ոչ այս կարգի աննախադեպ թվերով, օրինակ՝ 2021թ ավելացել էր 2 մլրդ դրամով, իսկ 2022-ին 83 %-ով, որը մոտավորապես կազմում է 25,1 մլրդ դրամ: Որպեսզի համեմատենք դա ինչ թիվ է՝ 2018-19 թվականների նկատմամբ, կարելի է ասել՝ գիտության ֆինանսավորումը կրկնապատկվել է. 13 մլրդի կարգի էր հետհեղափոխական ժամանակ գիտության ֆինանսավորումը»,-հավելեց նա:

«2020-2021-ի ընթացքում մենք ներդրեցինք նոր ծրագրեր, նոր բարեփոխումներ, որոնց արդյունքում ձեւավորվեցին նաեւ պարտավորություններ: 2021թ ընթացքում իրագործել ենք այնպիսի ծրագրեր՝ վերը նշված 2 մլրդի ավելացման շրջանակներում, ինչը 2022 թվականին մեզ բերել է էապես մեծ ֆինանսավորման պարտավորություն: Մրցույթ ենք հայտարարել, հաղթողները շահել են, եւ մենք պետք է ֆինանսավորենք»,-ասաց Գիտության կոմիտեի նախագահի տեղակալը:

Արթուր Մովսիսյանը ներկայացրեց առաջիկայում իրականացվելիք մի քանի կարեւոր ծրագրեր. «2022 թ. նոր 4 գիտական թեմատիկ ծրագրեր ենք իրականացնելու. PHD ուսանողների ուղարկելու ենք արտասահման լավագույն գիտական կազմակերպություններում սովորելու, վերապատրաստվելու, Postdoc- ներին, թեկնածուականը պաշտպանածներին դարձյալ դուրս ենք ուղարկելու վերապատրաստումների՝ 6-36 ամսով:

Երրորդ ծրագիրը հետեւյալն է՝ գիտական խումբը ստեղծվում է Հայաստանում, բայց գիտական խմբի ղեկավարը գտնվում է արտասահմանում, սակայն նա ժամանակ է տրամադրում եւ այդ գիտական խմբի համար խնդիրներ է դնում, մրցույթով ընտրում խմբի անդամներին, տարվա մեջ էլ երկու-երեք ամիս պետք է լինի Հայաստանում:

Չորրորդ ծրագիրը, որ շուտով կիրականացնենք, դա վերաբնակեցման գրանտն է, երբ արտասահմանցի մեր հայազգի կամ ոչ հայազգի գիտնականները ցանկություն են հայտնում Հայաստան վերադառնալ, ստեղծել գիտական խմբեր,լաբորատորիաներ, ու իրենց նման հնարավորություն ենք տալիս»:

Նա հայտնեց, որ բոլոր 4 գիտական ծրագրերն էլ նորություն են, մի մասի չափանիշների վերաբերյալ նույնիսկ պատկերացում չունեն եւ դեռ նոր պետք է մշակեն: Արթուր Մովսիսյանն ասաց, որ PHD եւ Postdoc-ների համար 15 hոգի է նախատեսված, իսկ վերաբնակեցման գրանտի եւ հեռավար լաբորատորիայի համար՝ 10-ական դրամաշնորհներ են նախատեսված:

«Այս ծրագրերը պետք է միտված լինեն ուժեղացնելու Հայաստանում գիտության այն ուղղությունները, որոնք կամ թույլ են զարգացած, կամ չկան…Դրանց թվում են, օրինակ ռոբոտիքսը, իրավագիտությունը, քաղաքագիտությունը, տնտեսագիտությունը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28