Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սերտ հարաբերությունների մեջ եմ Սեյրան Օհանյանի հետ». Պարույր Հայրիկյան

Հունվար 17,2017 21:21

Այսօր Aravot.am-ը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց, թե իրենք որ քաղաքական ուժերի հետ են համագործակցում եւ ում հետ են պատրաստվում դաշինք կազմել:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենք դեկտեմբերին քաղաքական ուժերին նամակ են ուղարկել՝ համագործակցության առաջարկով. «Ոմանք չես ստացել նամակը, ոմանք ստացել են, կամ իրենց քարտուղարությունում են կորցրել, ոմանք պարզապես չեն արձագանքել: Մեզ չեն արձագանքել, բայց մեր նամակը հիմա ուրիշներն էլ են կրկնում թութակի նման կամ կապիկի նման: Չեն արձագանքել, բայց կապկում են»:

Նա հայտարարեց, որ սերտ հարաբերությունների մեջ է Սեյրան Օհանյանի հետ. «Հանդիպել ենք մի քանի անգամ եւ, կարծես թե, այդտեղ հեռանկար կա: Բայց այդ չափերի մեջ ինձ համար բավարար չի, պիտի համազգային դաշինք ստեղծենք՝ արժեքային համակարգի շուրջ: Որովհետեւ ասել՝ «ոչ ռեժիմին», դա դեռ ոչինչ չի նշանակում: Ես կարծում եմ, որ հանուն ժողովրդավարությանը նաեւ նշանակում է ոչ ռեժիմին»:

Ըստ Պարույր Հայրիկյանի, բոլոր քաղաքական ուժերն էլ հասկանում են, որ առանց ԱԻՄ-ի որեւէ հաջողություն չի լինի. «Ես էլ չեմ ուզում ընկնել ծայրահեղ ինքնագերագնահատման մեջ, բայց ցանկացած գրագետ  մարդ գիտի, որ հայ ազգը մի ձեռքբերում է ունեցել եւ դա ԱԻՄ-ի ներդրումն է Անկախության հանրաքվեի ճանապարհով»:

Նա ասաց, որ իրենք ուզում են միասնական ճակատով գնալ ընտրության, եթե դա չստացվի՝ չեն գնա:

Մեր հարցին՝ երեկ Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց, որ քննարկումների են մասնակցում Սեյրան Օհանյանի հետ եւ նա լավ ղեկավար կարող է լինել, Դուք է՞լ եք այդպես կարծում՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Սեյրան Օհանյանը ղեկավարել է պաշտպանության համակարգը երկար տարիներ, բնականաբար, փորձ ունի: Ես հիմա չեմ ուզում շահարկել մեր անձնական մտերմությունը իր հետ, իր՝ ՊՆ նախարար եղած ժամանակ ենք նաեւ հարաբերվել, տեսել եմ որակներ, բայց այս պահին դա էական չի: Այս պահին ոչ իմ անցած ճանապարհն է էական, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները: Այս պահին էական է, որ մենք կարողանանք համախմբել ժողովրդին երկրի տերը դառնալու  հարցում: Գլխավոր հարցը դա է՝ քաղաքացին պիտի երկրի տերը դառնա: Այս հարցը եթե լուծվի՝ միանգամից ե՛ւ ռեժիմն է վերանում, ե՛ւ հետագա ապօրինությունները»:

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված կա քննադատություն, որ նա մոռանում է Մարտի 1–ին Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի մասնակցությունը եւ բանակցում է նրանց հետ: Հայրիկյանի դիտարկմամբ՝ «Նայած թե ում համար որն է ելակետը: Մարտի 1-ը ահավոր հանցագործություն է, բայց հազարապատիկ ավելի մեծ հանցագործություն է Հայաստանն այս վիճակին հասցնելը: ՀՀ բնակչության կեսից ավելին արտագաղթել է, դու ցեղասպանության ես դատապարտել քո ժողովրդին»:

Նա առաջարկեց մոռանալ բոլոր տարաձայնությունները ուժերի հետ եւ համախմբվել գաղափարի շուրջ. «Դա իր մեջ ենթադրում է մոռանալ նույնիսկ ծանր հարցերը: Դա չի ենթադրում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը  չի պահանջելու Մարտի 1-ի հանցագործներին դատապարտել: Ձեզ  հայտնի չե՞ն դեպքեր, օրինակ, Սահակաշվիլին իր ընկերոջը բանտ տարավ կամ Սինգապուրի ղեկավարը սկսեց նրանով, որ ընկերների հետ գնաց իշխանության, ընկերներից մի քանիսին բանտ տարավ, այսինքն, մեկը մյուսին չի բացառում: Այսօրվա մեր գերագույն խնդիրը չպետք է ենթակայեցնենք այլ՝ գուցե եւս կարեւոր, բայց այլ հարցերի: Եթե ես այսօր պիտի գնամ համագործակցության որեւէ մեկի հետ, դա չի նշանակում, որ վաղը ինքը իմ՝ անցյալում կատարած սխալների մասին չպիտի խոսի կամ ես չպետք է խոսեմ: Դա մեզ չի կաշկանդում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031