Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմություն» բառը դարձել է «ազնիվի» հոմանիշ. արձակագիր

Հունվար 25,2017 23:59

Արձակագիր Արփի Ոսկանյանը, որը նաեւ հայտնի է «Հայկական ժամանակում» հրապարակվող իր «քաղաքական հանելուկներով», նկատում է, որ «ընդդիմություն բառը ընդդիմության տևական պարտությունների հետևանքով իմաստային նոր նրբերանգ է ձեռք բերել, համարյա դարձել է ազնիվ-ի հոմանիշը, ինչն, իհարկե, սխալ է»։

Նա հիշեցնում է, որ ընդդիմությունն ավելի պարզ մի բան է. «Ընդդիմություն են բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխանությանն ու ուզում են գալ իշխանության՝ անկախ նրանից՝ ունեցել ե՞ն երբևէ իշխանություն, թե՞ ոչ։ Երբ մենք չենք ուզում տեսնել որևէ մեկին կամ մի քանիսին որպես ընդդիմություն՝ չենք հավատում, թե ընդդիմություն են, կասկածում ենք, որ զանազան կուլիսային պայմանավորվածություններ ունեն իշխանության հետ, առաջին հերթին չենք ուզում, որ նրանք գան իշխանության կամ գան երկրորդ անգամ։ Այլ կերպ ասած՝ այն ընդդիմությունը չէ, որի հետ մենք կարող ենք դուրս գալ պայքարի կամ, որին ձայն կտանք ընտրությունների ժամանակ։ Որովհետև տարբերություն չենք տեսնում այդպիսի ընդդիմության և իշխանության միջև, որի մասն էր այդ ընդդիմությունը ընդհուպ մինչև վերջերս»։

Այդ տեսանկյունից նայելով՝ Արփի Ոսկանյանը չի բացառում, որ մինչեւ վերջերս ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանի, տարիներ շարունակ ՀՀԿ իշխանության ընթացքում ամենապատասխանատու պաշտոններից մեկը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ նույն գետը կրկնակի մտած ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի «ընդդիմադիր» լինելը բեմադրություն չէ:

«Ես հավատում եմ, որ իրենք ինչու չէ՝ կարող են ընդդիմություն լինել, այսինքն՝ ձգտել իշխանության անկեղծորեն, ոչ թե ձևի համար, ընտրությունները լեգիտիմ դարձնելու, ձայներ փախցնելու և այլ նմանատիպ մոտիվներով։ Բայց Հայաստանի զարգացման տեսլականի առումով աչքովս էլ տեսնեմ՝ չեմ հավատա, որ իրենք ընդդիմություն են, այսինքն՝ տարբեր են էն համակարգից ու դեմ են էն համակարգին, որի մասն են։ Էդ տեսանկյունից, իհարկե, ընդդիմություն չեն։ Եթե խոսքը վերաբերում է միայն նրան, թե արդյո՞ք հավատում եմ, որ կարող է այս ամենը մի ռեժիսորի բեմադրած թատրոն չլինել, ապա՝ հավատում եմ, որ կարող է այդպես էլ լինել, բայց նրանից, որ այդ մարդիկ կարող են իսկապես ձգտել իշխանության, նրանց այդ ձգտումը ինձ համար առավել ընդունելի չի դառնում։

Ի վերջո, զուտ մարդկային տեսանկյունից անհասկանալի է, թե ինչու պիտի մեկը կամ մի քանիսը անընդհատ մնան իշխանության մեջ կամ անընդհատ գան իշխանության, հատկապես եթե նրանց կառավարումը նշանավորվել է կորուստներով ու տապալումներով»։

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031