Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյանը հավանաբար կկանգնի Սեյրան Օհանյանի կողքին (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 17:24

«Համաժողովրդական շարժման ժամանակ մեզ որեւէ դրամ չի տրվել, ինչը, որ արվել է, արվել է մեր սուղ միջոցներով: Իսկ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տրվել է ընդամենը ընթացիկ ծախսերի համար գումար: Այսինքն՝ իսկապես եղել է անշահախնդիր համագործակցություն: Դա հավանաբար բացատրվում է նրանով, որ ես Գագիկ Ծառուկյանի հետ մի քանի անգամ հանդիպել եմ, զրուցել ենք եւ ինքն ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել որպես հայրենասեր եւ ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդու»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական-սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը:

Բանն այն է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում ՀԱՍԿ-ը բավականին սերտ համագործակցում էր ԲՀԿ-ի հետ, ապա, երբ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեցին համաժողովրդական շարժման մասին, ՀԱՍԿ-ը այդ շարժման ակտիվ մասնակիցներից էր:

Այժմ ՀԱՍԿ-ը հավանաբար կհամալրի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքը:

Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքում իրենց չլինելը Մովսես Շահվերդյանը բացատրում է այսպես՝ նախկինում համագործակցության բոլոր նախաձեռնությունները եկել են իրենցից, այժմ իրենք այդ դաշտից որեւէ առաջարկ չեն ստացել:

«Մենք մտածում ենք, որ եթե մենք իրենց պետք ենք, կարիքը կա, անպայման կհրավիրեն: Բայց որեւէ առաջարկ չի եղել: Մենք արդեն նախնական պայմանավորվածություն ունենք Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքի հետ: Միգուցե ընտրություններին կգնանք իրենց հետ»,- ասաց պարոն Շահվերդյանը:

Aravot.am-ի հարցին՝ Սեյրան Օհանյանը այժմ դաժան քննադատության է ենթարկում իշխանություններին, նրանց վարած քաղաքականությունը, մինչդեռ ոչ վաղ անցյալում ինքն այդ իշխանության մաս էր կազմում. ինչո՞ւ այդ ժամանակ չէր խոսում բացերի եւ թերությունների մասին, Մովսես Շահվերդյանը պատասխանեց, որ Սեյրան Օհանյանի հետ դեռ անձամբ չի հանդիպել, չի զրուցել, ուստի շատ հարցերի պատասխաններ ինքն էլ չի կարող տալ:

Բայց մի բանում վստահ է՝ Սեյրան Օհանյանին պետք չէ դարձնել միակ քավության նոխազը: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ բանակի բարձրաստիճան սպայական կազմը ենթարկվում է երկրի գլխավոր գերագույն հրամանատարին, իսկ պաշտպանության նախարարը «երեւի մի կարգին դիտողություն էլ չի կարող անել»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728