Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնակատարն ուզում է դոկտոր «մկրտվել», որ Մատենադարանի տնօրեն դառնա

Փետրվար 02,2017 17:51

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրությունները հետաձգվում են, չնայած անցել են սահմանված ժամկետները: Նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից հետո, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի գիտական քարտուղար Վահան Տեր-Ղևոնդյանը:

Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, այս ձգձգումը միտումնավոր է. Տեր-Ղեւոնդյանը պետք է հասցնի փետրվարի 28-ին դոկտորական ատենախոսություն պաշտպանել ու լրացնել պակասող հոդվածները, որպեսզի կարողանա հավակնել այդ պատասխանատու պաշտոնին:

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարվեց հեռախոսով պատասխանել Aravot.am-ի հարցերին: «Ես համոզված չեմ, որ դուք «Առավոտի» թղթակից եք»,-ասաց նա:

Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ (ԲՈՀ) Լիլիթ Արզումանյանից, օրինակ` այն մասին, թե ինչո՞ւ ԲՈՀ-ի կանոնադրության համաձայն Վահան Տեր-Ղեւոնդյանի ատենախոսության սեղմագիրը չկա Պատմության ինստիտուտի կայքում եւ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ Տեր-Ղեւոնդյանը չունի պահանջվող թվով գիտական հոդվածներ:

Տիկին Արզումանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ԲՈՀ-ը պատրաստվում է նամակով դիմել Պատմության ինստիտուտի 004 խորհուրդ՝ խնդրանքով, որ պաշտպանությունը հետաձգվի, մանավանդ 2 հոդված պակասում է:

Ըստ մեր տեղեկությունների, պարոն Տեր-Ղևոնդյանը պաշտպանությունից առաջ ներկայացրել է գրքեր, որոնք որեւէ գիտական երաշխավորության չեն արժանացել եւ նաեւ մի հոդված, որը դեռ պետք է տպագրվի Բեյրութում:

Aravot.am-ը կապվեց 004 խորհրդի քարտուղար Հ. Մուրադյանի հետ: Վերջինս ասաց, որ Վահան Տեր-Ղեւոնդյանի սեղմագրի բացակայությունը պատմության ինստիտուտի կայքում, թյուրիմացություն է, եւ շուտով կդրվի, նաեւ հավաստիացրեց, թե պաշտպանությունը անպայման կայանալու է, իսկ Տեր-Ղեւոնդյանը պակաս հոդվածներ չունի, տեղեկանքով ներկայացրել է, որ մի հոդվածի տպագրություն հետաձգվում է ոչ իր մեղքով:

Հավելենք, որ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմության գծով աստիճաններ շնորհող 004 խորհրդի նախագահ Աշոտ Մելքոնյանը, որի հովանավորյալն է Վահան Տեր-Ղեւոնդյանը, մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց:

Aravot.am-ը Մատենադարանի տնօրենի ընտրությունները ձգձգելու վերաբերյալ մեկնաբանություն էր խնդրել նաեւ ԿԳ նախարարությունից: Գերատեսչությունը համապատասխան մեկնաբանություն տվել է yerkir.am-ին, որտեղ ասվում է, թե «ծառացած խնդիրներին ավելի արդյունավետ ու համապարփակ լուծումներ տալու և Մատենադարանի հեռանկարային զարգացումը ապահովելու նպատակով ԿԳՆ-ն նախաձեռնել է Մատենադարանի իրավական կարգավիճակը փոխելու գործընթաց»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728