Լրահոս
Օրվա լրահոսը

2016 թ.-ին Երևանում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 16,7 տոկոսով

Փետրվար 07,2017 16:08

Փետրվարի 7-ին Երևանի քաղաքապետարանում կայացավ ԱԻ նախարարության Երևանի՝ տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված վերջին հաշվետու նիստը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԻՆ փրկարար փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյան ինչպես նաև՝ մասնակցում էին Երևանի վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Երևանի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ:

ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ողջունելով ներկաներին, համատեղ բեղմնավոր և արգասաբեր աշխատանք մաղթեց՝ հորդորելով հաշվետու նիստի ընթացքում ակտիվորեն մասնակցել Երևանի փրկարար վարչության աշխատանքների գնահատման գործընթացին:

Հիմնական տարեկան զեկույցով հանդես եկավ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի փրկարարական վարչության գործունեությունը ուղղված է եղել բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացմանը, կազմակերպությունների կողմից ուսումնավարժությունների պլանավորման ուղղությամբ մեթոդական օգնության ցուցաբերմանը, ենթակա ուժերի և միջոցների մշտական պատրաստության վիճակի ապահովմանը, ինչպես նաև պլանավորման և իրավական ակտերի մշակման աշխատանքների իրականացմանը՝ առանձնացնելով նաև գործունեության հիմնական ուղղությունները:

2016թ. հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի տարածքում գրանցվել է 7701 արտակարգ դեպք՝ (2015թ.` 9247), որոնց հետևանքով զոհվել է 154 (2015թ.` 165), մարմնական վնասվածքներ ստացել (վիրավորվել)` 4554 (2015թ.` 4313) մարդ: Դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2015թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 1546-ով, կամ 16,7%-ով, զոհերինը՝ 11-ով, կամ 6,7%-ով, իսկ վիրավորներինը ավելացել է` 241-ով, կամ 5,6%-ով:

Ն. Նազարյանը նշեց, որ հաշվետու տարվա ընթացքում անցկացվել է 9 շտաբային ուսումնավարժություն, որից 6-ը վարչական շրջանների ղեկավար կազմի, իսկ 2-ը՝ ԵՓՎ փրկարարական ծառայողների հետ, 120 հատուկ տակտիկական ուսումնավարժություն և 17 օբյեկտային վարժանք:

ԵՓՎ-ը շարունակում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, որոնց հետ իրականացվում են տարբեր ծրագրեր: Ն. Նազարյանի խոսքով՝ չնայած 2016 թ. ընթացքում ԵՓՎ անձնակազմի կողմից իրականացված լուրջ աշխատանքներին՝ եղել են նաև թերություններ, այդ թվում՝ կարգապահական տարբեր տույժերի են ենթարկվել թվով 7 փրկարարական ծառայողներ:

Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից 2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ զեկուցեց տեսչության պետ Վ. Վահանյանը:

2016թ. ընթացքում Երևան քաղաքում հաշվառվել է 474 հրդեհ` 336140839 դրամ նյութական վնասով, որոնցից 20 հրդեհները խոշոր են` 206.849.393 դրամ նյութական վնասով: Հրդեհների հետևանքով 8 մարդ զոհվել է, 16 մարդ ստացել է վնասվածքներ:

Հաշվետու տարվա  հրդեհների քանակը 2015թ. հետ համեմատած ավելացել է 3-ով կամ 0.64 %-ով, իսկ նյութական վնասը՝ 62.224.279 դրամով:

Ամփոփելով զեկույցը՝ Վ. Վահանյանը առանձնացրեց այն ուղղությունները և գործառությունները, որոնք առավել ուշադրություն են պահանջում:

ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տարեկան աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ կենտրոնի տնօրենի տեղակալ Ս. Հովսեփյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2016 թ. շարունակվել է ակտիվ համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ՝ քաղաքի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննությունների իրականացման, դրանց կարևորության և այլ խնդիրների հետ կապված: Արդյունքում 2016 թվականին բնակելի ֆոնդի վերելակների փորձաքննությունների քանակը ավելացավ 800-ով, սակայն Երևանում դեռ շարունակվում են շահագործվել առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման շուրջ 1000 վերելակներ:

Զեկուցումներից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով Դավիթ Տոնոյանին՝ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան պատասխանատու աշխատանքում.

– Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում աջակցել ԵՓՎ-ին մայրաքաղաքի բնակչության անվտանգության ապահովման հարցում: Արդեն բարի ավանդույթ է դարձել Երևան քաղաքի փրկարարական վարչության տարեկան աշխատանքների ամփոփիչ նիստը Երևանի քաղաքապետարանի հարկի տակ անցկացնելը: Պարոն նախարար, համոզված եղեք, որ մենք բարձր ենք գնահատում Ձեր աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ՀՀ ԱԻՆ-ի հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը: Շատ կարևոր է այն վստահությունը, որն այսօր ունի Երևանի բնակիչը ԱԻՆ աշխատակիցների նկատմամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն պատասխանատուներին ու աշխատակիցներին, ովքեր 2016թ. ընթացքում ևս ակտիվ գործունեություն են ծավալել մայրաքաղաքում և բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքը, – ասաց Տարոն Մարգարյանը:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց աջակցության համար և վստահեցրեց, որ փոխգործակցությունն առաջիկայում կլինի շարունակական և կընդգրկի նոր ուղղություններ:

Ամփոփիչ նիստի ավարտին Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի անունից հուշանվեր հանձնեց ԱԻ նախարար Դ. Տոնոյանին: 2016 թ. ընթացքում գործունեության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ մի շարք աշխատակիցներ քաղաքապետի կողմից պարգևատրվեցին Երևանի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

ՀՀ ԱԻՆ հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև Երևան քաղաքի բարեկարգման ու բարելավման աշխատանքներում ներդրած զգալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախարարի հրամանագրով պարգևատրվեց ՀՀ ԱԻՆ «Փառքի Խաչ Նոյ» մեդալով:

ՀՀ ԱԻՆ հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև Երևան քաղաքի բարեկարգման ու բարելավման աշխատանքներում ձեռքբերված հաջողությունների համար Երևանի քաղաքապետի տեղակալ Դ. Օհանյանը պարգևատրվեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Երևանի Ավան, Շենգավիթ, Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ ևս արժանացան ՀՀ ԱԻՆ պատվոգրերի:

 

ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728