Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հետ հարաբերությունները դադարեցրեց

Փետրվար 15,2017 16:53

«Դեռ չսկսած՝ դադարեցնում եմ հարաբերությունները դաշինքի հետ: Ընտրական որևէ ցուցակում չեմ լինելու: Կուսակցությունից չեմ ուզում դուրս գալ, քանի որ շարունակում եմ հարգել «Համախմբումում» հավաքված բազում մարդկանց»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը:

Հետաքրքրվեցինք` դաշինքի ճակատագիրն ինչպիսի՞ն կլինի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ հավաքված են սկզբունքներով տրամագծորեն տարբեր ուժեր: Օրինակ` այս առիթով ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը կարծիք էր հայտնել,  թե նման դաշինքները տձև և ոչ գաղափարական են: Իսկ Օհանյան-Րաֆֆի –Օսկանյան դաշինքի մասին նշել էր. «Այստեղ է Վարդան Օսկանյանը` արևմտամետ գործիչ և էպիլյատոր բաժանող Տիգրան Կարապետիչը: Ո՞նց են մադրիդյան սկզբունքներն ու էպիլյատորը համադրելու»:

Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցինք` մտավախություն չունի՞, որ այս հանգամանքը կստվերի «Համախմբմանը», որն ընտրությունների պատրաստվում է մասնակցել նման դաշինքով: Նա պատասխանեց. «Հունվարի 24-ի` իմ գրառումը նախորդել է Ալեքսանդր Արզումանյանի տեքստին: Առաջին իսկ մտահոգությանս մեջ կար տարբեր աշխարհաքաղաքական ու արժեքային մարդկանց` առանց որոշակի սկզբունքների միավորվելը: Դեմ չեմ լինի, եթե բոլորը միավորվեին իշխանափոխության համար, բայց սկզբունք նշանակում է որոշել, թե այդտեղ ով է վերջնական որոշումներ կայացնող մարմինը, որոշել, թե որոնք են այդ արժեհամակարգերը, որոնցից չի կարելի շեղվել` թեկուզ աշխարհաքաղաքական իմաստով: Այնպես որ, ես ինքս ունեցել եմ այդ մտահոգությունը: Այն կարծիքին եմ, որ թեկուզ իշխանափոխության համար աջափսանդալ սարքել պետք չէ»:

Թեև Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ չի մասնակցում դաշինքի աշխատանքներին, այն ժամանակվանից, երբ մեր նշած «կոնտինգենտը» հավաքվեց «Համախմբման շուրջ», բայց նաև հույս հայտնեց, որ կլինեն փոփոխություններ, ինչպես եղավ Արամ Սարգսյանի և Պարույր Հայրիկյանի պարագայում, ինչի առիթով պարոն Անդրեասյանը հայտնել էր, թե չի պատկերացնում` ինչպե՞ս են Արամ Սարգսյանն ու Պարույր Հայրիկյանը մեկ տեղում լինում:

Փաստեցինք` սակայն Տիգրան Կարապետյանը շարունակում է դաշինքում մնալ, պարոն Անդրեասյանն արձագանքեց, միգուցե նա կընդունի Վարդան Օսկանյանի արժեհամակարգն ու աշխարհաքաղաքական տեսակետները և խնդիր չի լինի:

Կարեն Անդրեասյանը մտահոգություն ունի, որ եթե դաշինքներ կազմելու այս սկզբունքը պահպանվի, դա միայն կգեղեցկացնի իշխանության դեմքը, և մարդիկ այնքան կզզվեն ընդդիմադիր դաշտից, որքան իշխանականից:

Մեր այն դիտարկմանը, թե արդեն կարծես թե հստակ է, որ դաշինքը գլխավորելու է Սեյրան Օհանյանը, հետևաբար որո՞նք են լինելու պարոն Անդրեասյանի քայլերը, նա ևս մեկ անգամ շեշտեց, որ դադարեցնում է հարաբերությունները դաշինքի հետ. «Դաշինքի անունը հուշում է, որ առաջին տեղում Սեյրան Օհանյանն է լինելու: Նշանակում է՝ առաջնորդը լինելու է ինքը: Իսկ դա ինձ համար նշանակում է ընտրական գործընթացներին չմասնակցել այդ դաշինքի կազմում»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր կարծիքն ընդունվեց, և այժմ «Ժառանգությունը» դաշինքում է` Կարեն Անդրեասյանը հույս ունի, որ միգուցե Սեյրան Օհանյանի հարցում էլ վերանայումներ լինեն, ու գուցե սիմվոլիզմի տեսանկյունից թույլ չեն տա, որ նման հարգված մարդկանց խումբը առաջնորդի մի մարդ, որը բոլորովին նոր է իշխանական ճամբարից անցել ընդդիմադիր դաշտ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728