Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Շմայսը Սեյրան Սարոյանի հետ է դրել, ո՞վ է անցնելու». Կարեն Քոչարյանը վստահ է, որ մականունավորները մաքրվում են

Փետրվար 17,2017 12:55

Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր «Հայք» ակումբում իր տեսակետը հայտնեց առաջադրված կուսակցությունների եւ դաշինքների մասին: Նրա խոսքերով ՝ ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է, ինչ-որ տեղ կասեի՝ ազգային արժեք:

ՕՐՕ դաշինքի հետ կապված Իսագուլյանն ասաց, որ այդ դաշինքը դեռ խմորումների մեջ է, ձեւավորման փուլում է, մարդիկ կլինեն, որ դուրս կգան այդ դաշինքից, մարդիկ կլինեն, որ կասեն՝ աջակցում են:

«Ծառուկյան» դաշինքը, ըստ նրա, ձեւավորվեց հապշտապ. «Մեր խոսքը գործ է կարգախոսի տակ հայտարարություն արվեց, որ լինելու է մեծ կոալիցիա, բայց, ըստ էության, ԲՀԿ-ն մնաց մենակ: «Ալյանսն» է, այնտեղ էլի մի կուսակցություն կար՝ «Առաքելություն», չգիտեմ, իրենց առաքելությունն ինչումն է կայանում: Իրենց կարգախոսը՝ մեր խոսքը գործ է, հենց ձեւավորման փուլում ճիշտ հակառակ էֆեկտն ունեցավ»:

Նա ասաց, որ մինչ Գագիկ Ծառուկյանը կվերադառնար քաղաքականություն, ինքն է նախ խորհուրդ տվել Ծառուկյանին. «Ասել եմ՝ էջը բացիր»: Բայց հիմա չի հասկանում, թե ում հաշվին պետք է կարողանա իր խոսքը գործ դարձնել Ծառուկյանը, նույնիսկ հեգնեց՝ Վարդան Ղուկասյանի՞. «Ինձ համար ամենաընկալելին դաշինքներից «Ելքն» է, արեւմտյան արժեքների կրողն են»:

«Ազատ դեմոկրատների» հետ կապված նա ասաց, որ հարգում է Քոքոբելյանին, Բագրատյանի վարչապետության ժամանակ եղել է ԳԽ պատգամավոր, ունեցել է նրա հետ տրամագծորեն տարբեր տեսակետներ. «Բայց լինելով նրա հակառակորդը՝ պետք է խոստովանել, որ իր վարչապետության տարիներին՝ 90-ականներին նա կարողացավ տնտեսությունը զարգացնել, տնտեսությունը բավականին աշխույժ էր այդ ժամանակ, պետք է ընդունել սա՝ անկախ իմ անձնական վերաբերմունքից»:

Բայց, այս ամենը հաշվի առնելով՝ Գառնիկ Իսագուլյանը չի կասկածում, որ գերազանց հնարավորություն ունի ՀՀԿ-ն, որը լավ պատրաստվել է այս ընտրություններին:

Գառնիկ Իսագուլյանը ՀՀԿ-ի ցուցակը նայելով՝ հիշել է Էդուարդ Շարմազանովի խոսքերը, որ բոլորը պետք է անցնեն Մելիք Ադամյան 2-ով. «Մարդկանց քաղաքականություն է դա, իրենց խոսքը գործ է»: Նա ասաց, որ մյուսների քաղաքականությունը շատ հեղհեղուկ է՝ մեկն ասում է՝ իշխանություն չեմ ուզում, մյուսը ընդհանրապես չգիտես ինչ է ուզում:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց, որ Կոմկուսը եթե մի քիչ ավելի շուտ խելքի գար, գուցե միանար «Ծառուկյան» դաշինքին, որովհետեւ իր էլեկտորատը նույն «Ծառուկյան» դաշինքի էլեկտորատն է: Նա վստահեցրեց, որ ով հրաժարվեց այս ընտրություններին մասնակցել՝ Պարույր Հայրիկյանը, Արամ Սարգսյանը, բոլորը ճիշտ արեցին, որովհետեւ նրանք որպես խորհրդատու պետք է աշխատեն. «Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ժամանակն անցել է, բնությունն է այդպիսին, մարդիկ ծերանում են»:

Ըստ Կարեն Քոչարյանի, ռեյտինգայինով սկսելու են բոլորն իրար «ուտել»: Հարցին՝ ինչո՞ւ է, որ շմայսների ժամանակը երբեք չի անցնում՝ նա պատասխանեց. «Ո՞վ ասեց չի անցնում: Հլը կտեսնեք՝ կանցնե՞ն, թե՞ չեն: Ես կասկածում եմ: Եթե Շմայսը Սեյրան Սարոյանի հետ է դրել, ո՞վ է անցնելու: Նովոն էլ է այնտեղ դրել, Հրանտ Գրիգորյանը, ՄԱՊ-ի Ալիկը, հիմա ո՞ր մեկն է անցնելու, հինգն էլ անցնելո՞ւ են, ձեւ չկա»:

Անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին՝ Կարեն Քոչարյանն ասաց. «Միանշանակ է, որ ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում կրիմինալ, օդիոզ դեմքեր չկան: Երկրորդ տասնյակում էլ կարծես չկան, կա Մանվել Գրիգորյան…Շատ տարօրինակ է, որ Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը հետ են: Չգիտեմ ինչու, ես ունեմ ներքին համոզվածություն, որ երկրորդ տասնյակից՝ սկսած Գալուստ Սահակյանից՝ 11 համարից, մինչեւ 19 համարը, այդ 9 հոգուց 7-8-ը չեն մտնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Edgar says:

    Գառնիկ Իսագուլյանը իրան դրել ա իր երազած տղու տեղը, երևի մեծ ակնկալքիներ ա ունեցել, չեն իրականացել, հիմա աբիժնիակավարի խոսում ա: Մեկը հարցնի՝ տո դու ով դառար, որ Ծառուկյանին էլ խորհուրդ տաս քաղաքականություն վերադառնալու պահով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728