Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ գիրք Գրիգոր Շղթայակիր Պատրիարքի մասին

Փետրվար 21,2017 21:01

Լույս է տեսել ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նորայր Պողոսյանի «Գրիգոր Շղթայակիր պատրիարք» գիրքը: Ժամանակին որպես դասախոս Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ճեմարանում աշխատած հեղինակը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Երուսաղեմի գրեթե բոլոր` հայկական եւ ոչ միայն հայկական սրբավայրերն այցելելիս նկատելի է 18-րդ դարի մեծագույն պատրիարքներից մեկի` Գրիգոր Շիրվանցի Շղթայակիր Պատրիարքի  ներկայությունը:

«Ցանկացած շինություն, սրբավայր, սպասք կրում է Գրիգոր Շղթայակրի անունը: Ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ, համակրանք ու սեր այդ պատրիարքի հանդեպ եւ սկսեցի աղբյուրներ ուսումնասիրել, քննել ձեռագրեր եւ տեսա, որ մեր ժողովրդի համար բացվում է հսկա մի գործիչ, որը, ցավոք սրտի, լայն հանրությանը դեռեւս քիչ հայտնի է: Տարիների ընթացքում կուտակվել էին նյութերը: Քանի որ 2017 թ. լրանում է գահակալության, այսինքն` Օսմանյան սուլթանների կողմից պատրիարքական հրամանը տալու 300-ամյակը, դա հրաշալի առիթ էր` ներկայացնելու այս ամենը: Երուսաղեմի այսօրվա պատրիարքն էլ հանձն առավ նաեւ հովանավորել գրքի հրատարակումը, փաստորեն այն ստեղծվեց Հայաստանում եւ տպագրվեց Երուսաղեմում»,-ասաց Նորայր Պողոսյանը:

«Գրիգոր Շղթայակիր պատրիարք» գրքի հեղինակը հիշեցրեց, որ 8 եւ ավելի տարիներ Գրիգոր Շղթայակիր պատրիարքը շղթայակապ խաչերը վրան անցկացրած` շրջել է քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ, նյութական միջոցներ է հավաքել եւ իր ժամանակի համար միլիարդավոր ոսկիների հասնող պարտքը մարել է, ըստ էության, փրկելով Երուսաղեմը կործանումից:

«Այդպիսի գործիչներ իրենց կյանքը պարզապես դրել են հայկական տարածքները փրկելուն, ազգային խնդիրները լուծելուն, երեւի իրենք շատ չեն, իսկ եղածների մասին պետք է ամեն օր գրել եւ խոսել: Նրանց օրինակը պետք է լայն ձեւով ներկայացվի մեր օրերում, առավել եւս hայաստանյան իրականության մեջ»,-համոզված է Նորայր Պողոսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728