Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ բառերի տակ փող մուրալու կոչ ես չտեսա»

Մարտ 03,2017 15:00

Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը`
Կարեն Կարապետյանի` սփյուռքահայերին ուղղված կոչի մասին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` սփյուռքահայերին ուղղված կոչը` մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը, միանշանակ չընդունվեց: Իհարկե, եղան նաեւ դրական խոսքեր, սակայն այս կոչը քննադատության թիրախ դարձավ այն պատճառով, որ շատերն այն դիտարկեցին որպես «փող մուրալու», Հայաստան ներդրումներ բերելուն ուղղված ուղերձ:

«Առավոտը» քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց` արդյոք հակասական չէ՞ այն, որ ժամանակին, երբ Սփյուռքի հայ հայտնիները ցանկություն հայտնեցին մասնակցել ապրիլին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ, այդպես էլ այդ ցանկությանը արձագանք չեղավ, ուստի վարչապետի հնչեցրած կոչը հակասության մեջ չի՞ մտնում այս իրականության հետ, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Դրանք մի փոքր այլ հարթությունների վրա են: Վարչապետի կոչն ընդհանուր առմամբ վերաբերում է Սփյուռքի համապարփակ մասնակցությանը ուղղակիորեն հայաստանյան կյանքին, իսկ մյուս կոչը կոնկրետ նշանակություն ուներ՝ կապված տվյալ ընտրությունների հետ: Ճիշտն ասած, չեմ ասում` նորմալ է, որ այն կոչը, ինչպես դուք նշեցիք, պատշաճ ուշադրության չարժանացավ, քանի որ չեմ կարծում, որ լրացուցիչ վերահսկողությունը կարող էր վատ բանի հանգեցնել, ընդհակառակը՝ կավելացներ վստահությունը ՀՀ-ում իրականացվող գործընթացների նկատմամբ: Ավելորդ այդ զգուշավորությունը Սփյուռքի մտավորականների նկատմամբ, որ նրանց ընդառաջ չեն գնում, նորմալ երեւույթ չէ, ու այդ ամենը պետք է փորձել լուծել հիմնական քաղաքական հարցերը լուծելու շրջանակներում: Պետք է լինի փոխվստահության մթնոլորտ, որ Սփյուռքը միայն իր վրա չվերցնի վերահսկողական ֆունկցիաներ ժամանակ առ ժաանակ, Հայաստանն էլ չդիտարկի Սփյուռքին որպես դոնոր»:

Ըստ պարոն Հակոբյանի՝ Կարեն Կարապետյանի ուղերձը ռազմավարական նշանակության կոչ էր, որով վարչապետը, Սփյուռքին դիմելով, նշում է, որ Հայաստանում իր գլխավորությամբ սկսվել են մեծ բարեփոխումներ, բայց խոսում է նաեւ բացթողումների մասին. «Ենթատեքստում կա այն միտքը, որ, համենայնդեպս, այս նոր կառավարությունը փորձում է ձերբազատվել նախկին աշխատաոճից` ընդունելով բացթողումները, ընկալելով, որ Սփյուռքում նոր ժամանակներ են գալիս»:

Մեր հարցին` այդպիսով Կարեն Կարապետյանը փորձում է նաեւ կոտրե՞լ կարծրատիպերը, թե սփյուռքահայերի գործը չեն Հայաստանի ներքին խնդիրները, վերլուծաբանը պատասխանեց. «Այո, ըստ էության, վարչապետն ասում է, որ Սփյուռքն ու Հայաստանը մեկ մարմնի երկու տարբեր մասեր են, եւ բոլորի հայրենիքը Հայաստանն է: Ընդհակառակը՝ կոչ է անում, որ Սփյուռքն անմիջականորեն մասնակցի հայաստանյան քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին: Նույնիսկ կոչ է արվում, որ Սփյուռքի մասնագետները վերադառնան հայրենիք, գան, մասնակցեն Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, կրթեն երիտասարդությանը»: Ըստ Վիգեն Հակոբյանի` վարչապետը բաց տեքստով հասկացնում է, որ իր ծրագիրը երաշխավորում է ինքն իր անձով: Թեեւ վերլուծաբանը շեշտեց, թե վերապահումներով է մոտենում այն դեպքերին, երբ անձն է երաշխավորը, բայց այս պարագայում իրավիճակն այլ է, եւ այս կոչը կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ունենալ:

Մեր այն դիտարկմանը, թե կառավարության ղեկավարի կոչը միանշանակ չընդունվեց` մեկնաբանվելով, թե դա հիմնականում Սփյուռքից ներդրումներ Հայաստան բերելու նպատակ ուներ, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Բնականաբար, դա էլ կա: Բայց շատ ավելի լայն խնդիր է դրված: Ընդհանուր առմամբ գաղափարական հիմք կա: Եթե ես չեմ սխալվում՝ կոչում նույնիսկ չկա ներդրում բառը, վարչապետն ասում է` եկեք միասին կառուցենք երկիր»: Վիգեն Հակոբյանի տպավորությամբ` Կարեն Կարապետյանն ուզում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում կոտրել այն կարծրատիպը, որ ՀՀ-ն Սփյուռքին նայում է որպես բարեգործ, այլ վարչապետն ասում է` եկեք ընդհանուր ուժերով երկիր կառուցենք, քանի որ ազգի զարգացման միակ երաշխիքը Հայաստան պետությունն է: Այսինքն` այդ բառերի տակ փող մուրալու կոչ ես չտեսա: Ոչ միայն ուղղակի կոչ կար, որ մեզ հետաքրքրում եք, այլեւ՝ որ եկեք Հայաստանը նայենք որպես մեկ ընդհանուր հայրենիքի»:

Մեր այն հակադարձմանը, թե մի կողմից՝ սփյուռքահայերին կոչով դիմում են, որ Հայաստանի ապագայի կառուցմանը մասնակից լինեն, մյուս կողմից՝ թույլ չեն տալիս, որպեսզի մասնակցեն ՀՀ ընտրություններին, պարոն Հակոբյանն այսպես արձագանքեց. «Քանի որ վարչապետի կոչը դիտարկում եմ որպես քաղաքական կոչ, ես կարծում եմ, որ այդ հարցերը, որ բարձրացնում եք, քննարկման արժանի են: Դա արդեն համահայկական քննարկման հարց է՝ Սփյուռքի մեր հայրենակիցները քվեարկելու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ, պիտի ծառայե՞ն, թե՞ ոչ: Դրանք քրոնիկ բնույթի թեմաներ են: Որքան հիշում եմ` անկախ Հայաստանի ստեղծումից հետո այդ հարցերը միշտ կան: Եկել է ժամանակը, որ նման հարցերին էլ լուծում տրվի»:

Ամփոփելով՝ պարոն Հակոբյանը եւս մեկ անգամ անդրադարձ կատարեց քննադատություններին` հավաստիացնելով, որ խաղի կանոններ են փոխվում, ինչը որոշ մարդկանց բիզնեսին է խփում. «Տարիներ շարունակ մարդիկ սովորել են, որ ինչ-ինչ կազմակերպությունների միջոցով են այդ թվում նաեւ՝ ֆինանսական հարցեր լուծվում: Հիմա առաջարկվում է խաղի կանոններ փոխել, ոմանք մտահոգված են, որ կարող են իրենց լծակներից, խողովակներից, կոպիտ ասած՝ կերակրատաշտերից զրկվել»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

02,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031