Լրահոս
Օրվա լրահոսը

«15 տարի լինում է իշխանության մեջ, քաղբանտարկյալ չի լինում, հենց դուրս են գալիս՝ քաղբանտարկյալներ են հայտնվում». Վահրամ Բաղդասարյան

Մարտ 03,2017 19:24

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն իր նախընտրական ծրագրում ավազակապետության փոխարեն գնահատելու է մարդկանց ըստ շնորհի, արժանիքի, վաստակի: Նաեւ ծրագրում քննադատվում է, որ պետական ռեսուրսներից օգտվում են իշխանությունը յուրացրած պաշտոնյաների նեղ շրջանակները, իսկ մնացած քաղաքացիները մեկուսացած են այդ ամենից:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այս պետության հիմքը դրել ենք իրենք: Մաքրելով գնում ենք առայժմ եւ կհասնենք դրան»: Նրա խոսքերով՝ եթե իրենք ավազակապետություն են դա որակում, հիմքը դրել են իրենք. «Մենք մաքրելով գնում ենք եւ պետությունը, երկիրը պետք է հիմնված լինի պրոֆեսիոնալիզմի վրա, ոչ թե ընտանեկական, բարեկամական, եթե կան այդպիսի դեպքեր, այո՛, դրանք պետք է բացառվեն: Բայց եթե որեւէ մեկը երիտասարդ է, նա դատապարտված չէ, որ պաշտոնյայի երեխա է, նա կարող է լինել պրոֆեսիոնալ եւ տաղանդավոր»:

Այս օրերին կուսակցություններն ու դաշինքները խոստանում են աշխատավարձերը, թոշակները բարձրացնել, ՀԱԿ-ը խոստանում է կարճ ժամանակում միջին կենսաթոշակը դարձնել 55 հազար դրամ, ՀՎԿ-ն գազի պաշարների մասին է խոսում, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չի գտել այդ գազի պաշարները մինչեւ հիմա ու չի կարողանում աշխատավարձ բարձրացնել՝ Վահրամ Բաղդասարյանն այսպես պատասխանեց.

«Առաջին նախագահական ուժի հետ կապված, ինչքան հիշում եմ, 3000 դրամից թոշակը չկարողացավ 90-ականներին բարձրացնել, ի՞նչն էր խանգարում այն  ժամանակ բարձրացնեին: Ինձ թվում է, մեր բոլորի նպատակն այն է, որ մեր թոշակառուները, աշխատավարձ ստացողները բոլորն ունենան բարեկեցիկ կյանք, բայց դա հարկավոր է հնարավորությունների սահմաններում խոսել: Ես զարմանում եմ նրանց տնտեսագիտական ունակությունների վրա, որ կարողանում են այդպիսի մեծ-մեծ խոսքերով կերակրել ժողովրդին՝ առանց դրա տակ հիմքեր դնելու:

Ինչ վերաբերում է գազի պաշարներին, ի՞նչն էր խանգարում գտնելու, եթե այս քաղաքական ուժը երկար տարիներ եղել է իշխանության մեջ: Այն ժամանակ գազի պաշարները չկային, նո՞ր ծնվեցին: Մի քաղաքական ուժ էլ 15 տարի լինում է իշխանության մեջ, քաղբանտարկյալ չի լինում, հենց դուրս են գալիս՝ քաղբանտարկյալներ են հայտնվում: Իշխանության մեջ գտնվում են քաղաքական ուժեր՝ գազ չի լինում՝ հենց դուրս են գալիս՝ արդեն գազի պաշարներ են հայտնվում: Ես պարզապես չեմ հասկանում՝ դրանով ո՞ւմ են ուզում խաբել, այս ժողովրդի՞ն են ուզում խաբել: Ճշտախոսությունը եւ կարգապահությունը ամենակարեւոր իմիջն է յուրաքանչյուր քաղաքական ուժի եւ քաղաքական գործչի համար: Խաբեությունը 40 օր է տեւում, կոպիտ բառեր չեմ ուզում ասեմ, իսկ փոքր երկրում՝ 20 օր: 20 օրում դուրս է գցում արդեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031