Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայփոստին ու Արմենթելին լարի, թող էթան»․ վարչապետի խրատը՝ Աշոցքի գյուղապետին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 26,2017 20:17

ՀՀԿ-ականների քարոզարշավը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր սկսվեց Շիրակի մարզի ամենացուրտ տեղանքից՝ Աշոցքից։ Բնակիչները Կարեն Կարապետյանի  ու նրան ուղեկցող արդարադատության, մշակույթի նախարարների, ՀՀԿ Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուների հետ հանդիպեցին Աշոցքի մշակույթի տանը։ Որոշ մարդիկ էլ կանգնեցին դրսում՝  ցանկություն չհայտնելով ներս մտնել ու ունկնդրել կառավարության ղեկավարին։

Կարեն Կարապետյանը իր հանդիպումը սկսեց հարց ու պատասխանով։ Աշոցքի բնակիչները տարբեր խնդիրներից խոսեցին՝ թե՛  մթերվող կաթի ցածր գներից, թե՛ այս տեղանքի ծայրահեղ աղքատությունից։ Ձեռք բարձրացրեց մի տարեց տղամարդ ու վարչապետին նախ բողոքեց Ջրմուղկոյուղուց, որը, ըստ նրա, միայն փող հավաքելուց է լավ, իսկ գործ անելուց գոյություն չունի։ Այնուհետ վերջինս վարչապետին ասաց․ «Պարոն վարչապետ, իմ երկրորդ հարցն է, փոստի շենքը, որ հետևի կողմից նայես, արդեն փլվել է (տես լուսանկարում), բայց վաղը մյուս օրը կփլվի այդտեղից փող ստացող ժողովրդի գլխին, մինչև վտանգ չլինի, տեր լինող չի լինի։Չի՞ կարելի հանել, տեղափոխել մի այլ տեղ, որ շենքը չփլվի ժողովրդի վրա»։

Վարչապետը Աշոցքի գյուղապետից հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվում։ Գյուղապետն ասաց, որ «Հայփոստին» ասում է շենքը սարքի, չի սարքում, «Արմենթելին» է առաջարկում սարքելու, այս  կառույցն էլ է հրաժարվում։ Վարչապետը, լսելով, անկեղծորեն պոռթկաց․«Բա ինչի՞ ես թողնում էստեղ գործ անեն, լարի, թող էթան։ Բառացիորեն լարում ես, ասում ես՝ ես արգելում եմ ձեզ այստեղ գործունեություն իրականացնել։ Ես հասկանում եմ, որ դրանից ժողովուրդը կտուժի, բայց դու համայնքի ղեկավար ես, քո շահը պիտի պահես։ Ինքը բիզնես է անում չէ՞, նույն Արմենթելը ձրի՞ է իր ծառայություններն անում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031