Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը պնդում է՝ համատարած ընտրել են ՀՀԿ-ին

Ապրիլ 07,2017 12:50

Արթուր Սաքունցը շարունակում է պնդել, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններին համատարած ընտրել են ՀՀԿ-ին: Այս հայտարարությունը երբեմն տարընթերցումների տեղիք տվեց:

Aravot.am-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին խնդրեց մանրամասնել իր այն հայտարարությունը,  որ մեր ընտրողը համատարած քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, այլ բան է, որ քվեարկել են վախի, կաշառքի ազդեցության ներքո:

Արթուր Սաքունցը հավաստիացրեց, թե տարընթերցումների հարց չկա, ինքը հստակ ասել է. «Ես այս ընտրությունները համեմատում եմ քրեակատարողական հիմնարկի ընտրությունների հետ, երբ 78 տոկոսը քվեարկել են ՀՀԿ-ի օգտին: Ընդվզում չի եղել, ուղղակի համակերպվել են ու հաշտվել են հիմնականում ընտրակաշառքով: ԱԺ մանդատների 92 տոկոսը՝ՀՀԿ, ԲՀԿ ՀՅԴ, ընտրակաշառքի հիման վրա է ձևավորվել»:

Մեր այն հարցին ի՞նչ տվյալների հիման վրա եք նման եզրակացություն անում, ինչո՞ւ նախորդ տարիների պես չեք հայտարարում, թե լցոնումներ, կրկնակի քվեարկություններ և այլ խախտումներ են եղել, այլ համոզված նշում, որ համատարած ընտրել են ՀՀԿ-ին, պարոն Սաքունցը պատասխանեց. «Այս ընտրակարգով լցոնումների հնարավորությունը՝ տեխնիկական միջոցներով նաև պայմանավորված, բացառում ենք: Եթե եղել էլ է ինչ-որ դեպք, երբ ընտրողի փոխարեն են քվեարկել, բայց մինչև հիմա թվային փաստեր չունենք: Եղել են, որ օգնությամբ են քվեարկել որոշ տոկոս, բայց հիմնական մասը գնացել, ընտրակաշառքի հիման վրա է ընտրել: Ես հստակ գնահատական եմ տվել, որ պետությունը հիվանդ է, որ վարչական ռեսուրսի կազմակերպված, զանգվածային չարաշահման դեպքեր են եղել: Բայց 9 ուժերից ընդամենը երկուսն են դիմում ներկայացրել , մնացած յոթն ընդունում են այդ խաղի կանոնները, իսկ ընտրողները կաշառքի դեմ չեն ընդվզում, չենք տեսել մի հաղորդում այդ մասին, ստացվում է համագործակցություն հանցագործության շուրջ»:

Պարոն Սաքունցը գերադասում է դառը ճշմարտություն ասել ու փորձել լուծման ճանապարհներ փնտրել:

Հետաքրքրվեցինք՝ իրենց զեկույցը ե՞րբ պատրաստ կլինի, նա պատասխանեց, թե մեկ ամսվա ընթացքում:

Նա մեղադրում է իշխանություններին, ինչպես նաև յոթ քաղաքական ուժերին ընտրակաշառքի դեմ չբողոքելու, չընդվզելու հարցում՝ բացառությամբ ՕՐՕ-ի և «Ելքի»:

Ըստ պարոն Սաքունցի՝ անընդունելի էր նաև այն, որ բոլոր ուժերի կողմից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում մնաց անձեռնմխելի, անգամ չհիշատակվեց նրա առնչությունը Շաքրո Մոլոդոյի հետ,երբ նրան դիմավորեցին ամենաբարձր մակարդակով և որը փաստող տեսանյութ էլ կա, իսկ մյուս կողմից, ցավոք, ունենք ընտրող, որը հանուն ընտրակաշառքի գնում է գործարքի:

Պարոն Սաքունցը նաև կոչով է դիմել դիտորդներին և հորդորել չընկրկել. «Ոստիկանությունից, քննչական մարմիններից ձեզ հետ կապվելու դեպքում, նախ մերժեք, հայտնելով, որ պետք է դիմեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակին, նաև անպայման հարցրեք, թե ինչ գործով, ինչ նպատակով և ինչ կարգավիճակով են Ձեզ հրավիրում իրենց մոտ, նաև անպայման պահանջեք գրավոր՝ ծանուցագրով հայտնեն, նաև, որ միայն կլինեք փաստաբանի մասնակցությամբ, որը կտրամադրի ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Հորդորում եմ բոլոր դիտորդներին, չընկրկեք, մենք պետք է բոլոր քննչական գործողություններին պատշաճ մասնակցենք, վկայություններ տանք ընտրախախտումների մասին, իսկ մենք կլինենք Ձեր կողքին՝ մենակ չեք մնա»:

Այս պահին գրանցվել է մեկ դեպք, երբ փորձել են ուղղակիորեն կապվել անմիջականորեն դիտորդի հետ: Մեզ հետ զրույցում պարոն Սաքունցը նշեց, թե իր պրակտիկայում նման դեպք չի հիշում. «Միշտ էլ փորձել են դիտորդներին ճնշել, համոզել, որ ցուցմունք չտան, բայց դա բոլորովին այլ կերպ է եղել հարազատների, ծանոթների միջոցով, բայց այս անգամ ուղղակի դիտորդներին են դիմում, այժմ ունենք գրանցված կոնկրետ մեկ դեպք»:

Մեր այն հիշեցմանը, թե միջազգային դիտորդները հիմնականում դրական գնահատական են տվել ընտրություններին, օրինակ՝ ԵԱՀԿ ԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ ԵԽ դիտորդների ամբողջական հայտարարության մեջ ամրագրված է, որ խորհրդարանական ընտրությունները լավ կազմակերպված էին, ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները: Պարոն Սաքունցն արձագանքեց. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն միջպետական կառույց է և ընդհանրապես դիվանագիտական ձևակերպումներ է օգտագործում: Այս պահին իրենց արձագանքը համարժեք է»:

Ամփոփելով պարոն Սաքունցն արձանագրեց, թե միջազգային դիտորդական առաքելությունները վաղուց ՀՀ ընտրությունների համար չեն օգտագործում ազատ և արդար ընտրություններ ձևակերպումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930