Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչո՞ւ սերը տարիք չի հարցնում

Ապրիլ 26,2017 13:00

Հարցերի պատասխանը`
դրամատիկական թատրոնի ներկայացման մեջ

Արդեն մոտ երկու ամիս է, ինչ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու «Սերը տարիք չի հարցնում» ներկայացումը, որը բեմադրել է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը՝ ըստ Ժան Կլոդ Իսլերի համանուն գործի: Բեմադրիչն ինքն էլ մարմնավորել է գլխավոր հերոսին: Ներկայացման մեջ զբաղված են նաեւ Գոհար Իգիթյանը, Արտաշես Մխիթարյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիամ Ադամյանը: Հրաչյա Հարությունյանը նախկինում եւս բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում:

Դերասանական խաղն իսկապես շատ տպավորիչ էր: Թեեւ սյուժեն ներկայացնում է ֆրանսիական իրականությունը, սակայն շատ աղերսներ ունի նաեւ մեր իրականության հետ: Ներկայացման գլխավոր ուղերձը հետեւյալն է՝ սերը տարիք չի հարցնում: Բոլորն էլ ցանկանում են սիրել՝ անկախ տարիքից, եւ առավել եւս ավելի մեծ տարիքում սիրելու եւ սիրվելու պահանջն էլ ավելի է «սրանում»: Ներկայացման մեջ միախառնված են տարբեր ճակատագրեր, ինտրիգներ, պատմություններ, որոնք արտացոլում են իրականությունն ու բարքերը: Տպավորիչ էր հատկապես Մարիամ Ադամյանի խաղը: Նա միանշանակ արդարացրել էր հանդիսատեսի սպասելիքները՝ կերտելով երիտասարդ, կենսուրախ աղջնակի մի յուրատեսակ կերպար:

Հերոսների կերպարները հավաքական են եւ ներկայացնում են հասարակության մի ողջ սերուցք: Ներկայացման մեջ ցայտուն կերպով առաջադրված է բոլորիս շատ տանջող սերունդների տարբերության խնդիրը, որը վառ կերպով ցուցադրվում է հագուկապի, երաժշտության նախասիրությունների միջոցով:

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացումը բաղացած է երկու գործողությունից: Այն ժանրով կատակերգություն է, սակայն ունի նաեւ խոհափիլիսոփայական բնույթ, խորհելու տեղիք է տալիս կյանքի, ինչ-ինչ արժեքների մասին:

Ըստ էության, մարդը կյանքի ընթացքում հասնում է հաջողությունների կարիերայում, սակայն կյանքը դատարկ է` առանց սիրո եւ իմաստազուրկ: Ներկայացման բոլոր հերոսներին նույն բանն է կապում` նրանք ցանկանում են սիրել եւ սիրվել, քանի որ սերը տարիք չի հարցնում:

ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ»

25,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930