Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ նիստում բջջային կապի օպերատորները պարտավորվեցին կանխել երկրորդային շուկայում լիցքավորման քարտերի թանկացումը

Ապրիլ 26,2017 15:43

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստացել է բողոքներ տարբեր վաճառակետերում բջջային կապի լիցքավորման քարտերի գնի բարձրացման վերաբերյալ: Խնդրի առնչությամբ մամուլում ևս եղել են մի շարք հրապարակումներ: Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, որի ընթացքում տեղեկատվություն է պահանջել բջջային կապի ոլորտում գործող երեք ընկերություններից: Ներկայացված տեղեկատվության վերլուծությունից պարզվում է, որ «Յուքոմ», «ՎիվաՍելլ-ՄՏՍ» և «ԱրմենՏել» ընկերությունները վերալիցքավորման քարտերի վաճառքը հիմնականում կազմակերպում են միջնորդների միջոցով, որոնք էլ իրենց հերթին վերավաճառում են քարտերը՝ ստանալով որոշակի միջնորդավճարներ:

Բջջային կապի օպերատորները ՏՄՊՊՀ-ին տեղեկացրել են, որ տարեսկզբից նվազեցրել են լիցքավորման քարտերի վերավաճառքով զբաղվողների միջնորդավճարները: Ընկերություններն այս քայլը մեկնաբանում են իրենց մարքետինգային քաղաքականությամբ, ըստ որի, որոշակի բիզնես ռիսկերով պայմանավորված՝ առաջացել է ծախսերը նվազեցնելու անհրաժեշտություն: Այսպես. «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի դեպքում միջնորդավճարի նվազումը կազմում է մոտ 2.5 տոկոս, «Յուքոմի» դեպքում՝ մոտ 3, իսկ «ԱրմենՏելի» պարագայում՝ մոտ 2 տոկոս:

Կարևորելով սպառողների շահը, Հանձնաժողովն առաջին հերթին ուսումնասիրել է, թե օպերատորները ինչ այլընտրանքային տարբերակներ են առաջարկում, որպեսզի սպառողները կարողանան քարտեր գնել դրանց անվանական արժեքին համապատասխան՝ առանց հավելյալ գումարի: Պարզվել է, որ բոլոր օպերատորների պարագայում կարելի է խնդիրը համարել կարգավորված, քանի որ թե գրասենյակային ցանցի, թե օնլայն տարբերակով և թե վճարային համակարգերի միջոցով հնարավոր է ձեռք բերել լիցքավորման քարտ՝ առանց հավելյալ գումարի՝ 500 դրամ լիցքավորելու դեպքում վճարելով 500, 1000-ի դեպքում՝ 1000 դրամ և այլն:

Ստացվում է, որ խնդիրն առաջացել է վերավաճառողների, այլ կերպ ասած՝ երկրորդային շուկայում, որտեղ գործում են հազարավոր անհատներ և ընկերություններ: Հանձնաժողովում կազմակերպված քննարկումների ընթացքում բջջային կապի օպերատորները պատրաստակամություն են հայտնել հնարավորության սահմաններում վերահսկելու դաշտը և անգամ խզելու պայմանագրերը այն միջնորդների հետ, ովքեր քարտերը կվերավաճառեն անվանական արժեքից բարձր գնով: Նիստում ներկայացվեց նաև, որ ուսումնասիրվել է, թե որքանով է սպառողների համար հասանելի այլընտրանքային լիցքավորման տարբերակները, որպեսզի սպառողները զերծ մնան հավելյալ գումար վճարելուց: Հանձնաժողովը ամրագրել է, որ հանրապետության ողջ տարածքում գործում են բջջային կապի օպերատորների տասնյակ գրասենյակներ, բացի այդ հասանելի են առցանց վճարման համակարգերն ու տերմինալները, որոնց միջոցով այս ծառայության համար լրացուցիչ գումար, այլ կերպ ասած՝ միջնորդավճար չի գանձվում:
Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը օպերատորներին հորդորեց լինել առավել հետևողական՝ խնդրի վերջնական կարգավորման հարցում և հնարավորինս կանխել իրենց ծառայությունների գնի բարձրացումը՝ երկրորդային շուկայում :

 

ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930