Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլ խաթր անելու տեղ չկա, հո՞ խաբելով չէ». 102-րդ ռազմաբազայի աշխատակիցները դուրս են եկել բողոքի

Մայիս 03,2017 21:53

Գյումրու 102-րդ ռազմաբազայի սպասարկման ոլորտում ներգրավված մոտ 100 աշխատակիցներ այսօր կեսօրին բողոքի ակցիա են անցկացրել ռազմաբազայի հարակից տարածքում՝ պահանջելով վճարել 3 ամիս շարունակ չվճարած աշխատավարձը։

«Էսպես չի լինի, մենք գնացել ենք այդ ծանր աշխատանքները կատարելու՝ մտածելով, որ նորմալ աշխատատեղ է։ Ուրախ էինք, որ գործ ենք գտել մեր քաղաքում։ Բավական ծանր աշխատանք ենք կատարում՝  էլ կաթսայատուն, էլ շինաշխատանքեր, իսկ ռազմաբազայի տարածքը հսկայական է։ Աշխատավարձն էլ մի երևելի գումար չէ՝  80-150 հազար դրամ, 150 հազար որ ասում ենք, դա շինաշխատանք կատարողներինն է , տաժանակիր մի գործ է։ Երեք ամիս շարունակ՝ սկսած փետրվարից աշխատավարձ չենք ստացել, երբ հետաքրքվում ենք՝ ինչի՞ չկա աշխատավարձ, խաբում են, թե  փողն ուղարկել են Ռուսաստանից, տեղ չի հասել, մի երկու օր համբերեք էլի։ Երկու օր հետո էլի են հորդորում՝ ևս 2 օր համբերելու։

Գիտենք, որ հիմնարկի ղեկավարությունը փոխվել է, բայց մենք տնօրենին չենք տեսել, ճանաչում ենք միայն տեղի պատասխանատուներին, իրենց խաթր անելով 3 ամիս լռեցինք, բայց այլևս խաթր անելու տեղ չկա։ Ինչպե՞ս խաթր անես, երբ բանկերում սև ցուցակ ենք ընկել, գազ, լույս, ջուր գլխիցդ կտրում են։ Խանութներից նիսյայով վերցնում ես, հարցնում են՝ ի՞նչ գրեմ, ե՞րբ կբերես փողը, չգիտես ինչ ասես։ Ախր խոսքը 200 հոգու մասին է, մարդիկ կան ընտանիքի միակ կերակրողն են, բոլորը հայեր են, իհարկե, կան մարդիկ, որոնք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեն։ Էսօր ստիպված էինք դիմել լրատվամիջոցներին, դիվիզիայի հրամանատարությունը հանդիպեց մեզ հետ, ճիշտ է` խոստում չի տվել, որ անմիջապես կլուծի աշխատավարձի հարցը, բայց հստակցնելու են։

Մենք մինչև հրամանատարի հետ հանդիպելը, մտածում էինք, թե տեղյակ է ինքը, բայց պարզվեց, որ չգիտեր այս խնդիր մասին։ Տեսնենք վաղն ի՞նչ է լինելու»,-Aravot.am-ին փոխանցեցին աշխատակիցները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031