Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոնավությունը կերել ա մեզ»

Մայիս 05,2017 16:00

Խոնավությունն ու աղքատությունը  տիկին Ամալյայի կյանքը մաշեցրել են 

Հարցին` քանի՞ տարեկան եք, Ամալյա Թուլումջյանը ծննդյան տարեթիվն է ասում` 1949 թիվն եմ, դե հաշվեք: Ապա ավելացնում է` «Ո՞վ ա ծնունդ անում, որ հիշեմ, ծնունդիս օրն ամեն անգամ լացում եմ»:

«Խոնավությունը կերել ա մեզ, աղջիկս 36 տարեկանում երիկամների հիվանդությունից մահացավ: Թոռնիկիս խնամակալը ես եմ, բայց ոնց տեսնում եմ՝ ես էլ երկար չեմ դիմանալու»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է տիկին Ամալյան ու բացում այտուցված ու կապտուկներով պատված ոտքերն ու ասում` «Սիրտս լավ չի, մի կերպ եմ ինձ հավքել, եկել»: Ընտանիքից երկուսով են մնացել` ինքն ու թոռնուհին:
Պատմում է, որ նախընտրական շրջանում այտուցված ոտքերով հանրապետականների օգտին ձայներ է հավաքել: Շտաբը 40 հազար դրամ տիկին Ամալյային դեռ պարտք է մնացել: Նրա խոսքով՝ հույս է ունեցել, որ «մի բանով կօգնեն», դրա համար է այդ գործը ստանձնել: Սակայն, ինչպես Ամալյա Թուլումջյանն է ասում` «Խոստումներ տվեցին, հենց ընտրվեցին` մոռացան»: Թոռնուհու համար էլ են խոստումներ շռայլել, կենսագրական տվյալներ ուզել` «գործ դասավորելու համար», սակայն, ինչպես տիկին Ամալյան է ասում, այդ հարցն էլ են ականջի հետեւ գցել:

«Իրենք կուշտ են, ինչ գիտեն սոցիալապես ծանր պայմաններում ապրողների հոգեվիճակը: 34 հազար դրամ թոշակով ի՞նչ կարող եմ անել: Թոռնիկս ուսանող է, գործ է փնտրում, չենք կարողանում ապրել, դեղ առնել, կոմունալներ վճարել»,- պատմում է տիկին Ամալյան: Ասում է` շենքում, որտեղ բնակվում են, 4-րդ կարգի վթարային է, սակայն ժամանակին, սեյսմիկ ծառայության հետ պայամանավորվածության գալով, շենքը դարձրել են 3-րդ կարգի վթարային, որպեսզի բնակիչները կարողանան բնակարանները վաճառել: Ամալյա Թուլումջյանի խոսքով՝ շենքում ու տարածքում առնետներ են վխտում, սանէպիդ ծառայությունից՝ թաղապետարան, թաղապետարանից՝ քաղաքապետարան, այնտեղից էլ կառավարություն է գնում, սակայն Մարգարյան 29 վթարային շենքի հարցը չինովնիկներին չի հետաքրքրում: Տիկին Ամալյան տրցակով մերժված նամակներ ուներ` սկսած նախկին քաղաքապետներ Երվանդ Զախարյանից, Գագիկ Բեգլարյանից, վերջացրած ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանով:


Ամալյա Թուլումջյանն օրերս էլ իր խնդիրը Երեւանի ավագանու քարոզարշավին իրենց համայնք քարոզելու եկած Տարոն Մարգարյանին է ներկայացրել:
«Այս ոտքերով վազեցի Տարոն Մարգարյանի հետեւից, ներկայացրի մեր վիճակը: Մի աղջիկ մոտեցավ, ասեց` ձեր հեռախոսի համարն ասեք, որ ձեզ օգնենք: Քանի~ անգամ են խոստացել ու գնացել»,- ասում է տիկին Ամալյան:

Չի ուրանում, ասում է` քաղաքապետարանից օգնողներ էլ են եղել, տան պատուհաններ են տեղադրել, տանը կոսմետիկ որոշ վերանորոգում են արել, սակայն 4-րդ կարգի վթարայնության, խոնավության պայմաններում ինչ էլ անեն` օգուտ չունի, վերանորոգածն էլ է փլվել: Շենքի հիմքը էլ ավելի խարխլում են տանիքից հոսող անձրեւաջրերը, որոնք լցվում են նկուղ` չթողնելով, որ առաջին հարկի բնակարաններից խոնավությունը նահանջի:

Տիկնոջ խոսքով՝ հիմի էլ թոռնուհին է խոնավության պատճառով առողջական խնդիրներ ունենում. «Ամբողջ ձմեռ ընկերուհիներիս տանն ենք անցկացնում, սառնամանիքին գազը վառես-չվառես` օգուտ չունի: Ում դիմում ենք, ասում են` ձեզանից վատ վիճակում գտնվողներ էլ կան: 34 հազար դրամով սնվե՞նք, թե՞ կոմունալներ վճարենք: Մարդ չկարողանա՞ ծաղիկներ առնի գնա գերեզման: Ի՞նչ անենք, նույնիսկ ապրել չենք կարողանում»:

Ամալյա Թուլումջյանը 40 տարի է՝ այդ շենքում է ապրում: Ասում է` «70 տարվա, իր դարն ապրած վթարային շենք է: Բնակիչների 90 տոկոսը գնացել է, ջուրը լցվում է, ոչ ոքի պետքը չէ, մնացողներն էլ ամեն մեկը մի հիվանդության տեր են»: Նրա խոսքով՝ եթե ժամանակին շենքի վթարայնության աստիճանը չփոխեին, հիմա գուցեեւ իրենց էլ բնակարանների հերթացուցակում ընդգրկեին: Սակայն հիմա ամեն անգամ, երբ խնդիրը բարձրացնում է, քաղաքային իշխանությունները դեմ են տալիս 3-րդ աստիճան լինելու հանգամանքն ու ասում` այ, եթե 4-րդ կարգի լիներ…

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

04.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031