Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայկական կողմը պետք է ակտիվացնի իր քաղաքականությունը. «Հայոց Աշխարհ»

Մայիս 10,2017 11:25

25 տարի է անցել այն պատմական պահից, երբ հայկական ուժերը բեկում արձանագրեցին Արցախյան ազատամարտում՝ «Հարսանիք լեռներում» օպերացիայի շրջանակներում ազատագրելով Շուշին եւ դնելով մեր մայիսյան եռատոնի հիմքերը։ Այդ օրը հետագայում դարձավ նաեւ Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման խորհրդանիշը։
Ի՞նչ է փոխվել այս ընթացքում՝ ինչպիսի՞ն է ազատ Արցախի տնտեսական, քաղաքական եւ ռազմատեխնիկական ձեռքբերումների ու բացթողումների հաշվեկշիռը։ Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ։

-Կարծում եմ, հիմնական ձեռքերումն այն է, որ 25 տարի անց արցախահայությունը, ընդհանրապես հայ ժողովուրդը նույն հպարտությամբ եւ հոգատարությամբ է վերաբերվում այն արժեքներին, որոնց համար պայքարել ենք 90-ականների սկզբներին։
25 տարին այնքան էլ շատ ժամանակ չէ, հատկապես պատերազմական վիճակում գտնվող երկրի համար, ինչպիսին Արցախի Հանրապետությունն է, բայց դա բավարար եղավ կառուցելու ինքնաբավ պետություն, որը կարողանում է ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, լուծել իր անվտանգության հարցերը եւ բարեկեցության որոշակի մակարդակ ապահովել արցախահայության համար։ Կարծում եմ, սա է ամենամեծ արժեքը, եւ այս գաղափարը, որ 25 տարի շարունակ արդիական է եղել, վերջին տարիներին նոր հնչեղություն է ձեռք բերում եւ նորովի է արժեւորվում մեր ժողովրդի կողմից։

Այժմ պատերազմի վերսկսման վտանգն ավելի մե՞ծ է, քան, ասենք՝ 5 տարի, 10 տարի առաջ։

-Միշտ համոզված եմ եղել, հիմա էլ վստահ եմ, որ Ադրբեջանը պատերազմը վերսկսելու ավելի լուրջ պատճառներ ունի, քան, օրինակ, ապրիլյան իրադարձություններից առաջ։ Բայց հնարավորությունները միշտ չէ, որ համապատասխանում են ցանկություններին, եւ սա այդ դեպքն է. Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ չեն կարող պատերազմ սկսել եւ հաղթել։
Կարելի է տասնյակ պատճառներ նշել, որոնք ստիպում են Ալիեւին՝ ժամանակ առ ժամանակ սրել սահմանային իրավիճակը՝ պայմանավորված ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ սոցիալ-տնտեսական, ե՛ւ արտաքին քաղաքական զարգացումներով։ Երբ դրանցից մեկը դոմինանտ է դառնում, Ադրբեջանը գնում է իրավիճակի ապակայունացման՝ անկախ սպառազինությունների քանակից։
Դա Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դրդող գործոններից մեկն է, բայց ամենակարեւորը չէ. ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ հայկական կողմի տրամադրության տակ այնքան սպառազինություն կա, որ բավարար է երկարատեւ հակամարտության համար։ Այդ առումով, կարծում եմ, ավելի ճիշտ է շեշտը դնել ոչ այնքան նյութական ռեսուրսների վրա, որոնք սպառվում են նաեւ բնական ճանապարհով, որքան՝ ստեղծել քաղաքական այնպիսի իրավիճակ, որի պայմաններում Ադրբեջանը զրկված կլինի լուրջ սրացումների գնալու հնարավորությունից։

Այդ ուղղությամբ տեսանելի քայլեր արվո՞ւմ են։

-Ինչ-որ չափով՝ այո, արվում են, եւ այն փաստը, որ ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացը, ըստ էության, չի վերսկսվել, եւ բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանն անցած ժամանակահատվածն օգտագործել է բացառապես շփման գծում իրավիճակը սրելու համար, այսինքն՝ ագրեսոր կողմ է, արդեն վկայում է, որ հայկական կողմը հստակ պահանջներ է դնում թե՛ միջնորդների, թե՛ Ադրբեջանի առջեւ։ Ալիեւն արդեն ինքն է խոստովանում, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վերջին հայտարարությունը՝ առ այն, որ հակամարտության գոտում ուժերի հավասարակշռության խախտումը Ռուսաստանի վրա ոչ պակաս, գուցե նույնիսկ ավելի թանկ կնստի, քան Հայաստանի վրա, այդ համատեքստո՞ւմ դիտարկենք։

-Կարծում եմ, այո, շեշտադրումների փոփոխություն է տեղի ունեցել, եւ Վիգեն Սարգսյանի հայտարարությունը հենց դրա հերթական դրսեւորումներից է։
Այստեղ շատ կարեւոր մի հանգամանք կա, որի մասին քիչ է խոսվում։ Հայկական կողմը տարիներ շարունակ Հարավային Կովկասում խաղաղություն ապահովող հիմնական գործոնն է, կարելի է ասել՝ տարածաշրջանային անվտանգության միակ երաշխավորը։ Իսկ անվտանգությունը պետք է որ էժան չարժենա՝ հատկապես նրանց համար, ովքեր մեզանից ոչ պակաս շահագրգռված են տարածաշրջանի կայունությամբ, եւ Ռուսաստանն այդ պետություններից մեկն է։ Այդ պետությունների թվում են նաեւ Միացյալ Նահանգները, ԵՄ երկրները, որոնք աշխարհաքաղաքական եւ տնտեսական լուրջ շահեր ունեն այս տարածաշրջանում։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031