Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սրճարան՝ Շիրակի դատախազի տեսադաշտում գտնվող պատմական ճեմափողոցում

Մայիս 11,2017 20:35

Ինչպես հայտնի է, Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Ռիժկովի ճեմափողոցի պատմամշակութային անշարժ հուշարձան-շենքերի ճակատային հատվածներն ինքնագլուխ, առանց համապատասխան թույլտվության ձևափոխելու, ճարտարապետական տեսքը վնասելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ տեղեկացրել էր, որ քրեական գործը վերաբերում է Ռիժկովի ճեմափողոցում գտնվող բոլոր շենքերի ձևափոխմանը, այնտեղ ինքնակամ կառուցված սրճարաններին ու խանութներին։

Նշենք, որ քրեական գործ հարուցելու համար հիմք հանդիսացել էր ՀՀ Վերահսկիչ պալատի՝ Շիրակի մարզի դատախազությանը ներկայացրած հաշվետվությունը։

Չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործին՝ Գյումրու ավագանին իր վերջին նիստում միաձայն քաղաքային իշխանություններին թույլատրեց Ռիժկովի ճեմափողոցում նոր սրճարան կառուցելու հնարավորություն տալ։

Ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկը հետևյալն էր․ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Ռիժկովի փողոց N 6/10 հասցեի հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու և հողամասի վարձավճարի մեկնարկային չափ սահմանելու մասին»։

Այս թեման զեկուցեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, որը միայն հայտնեց, թե խոսքը վարձակալման իրավունքով բացօթյա սրճարան կառուցելու մասին է։

Հասկանալի է, որ քաղաքի այս հատվածն ամենամարդաշատն է, փողատերերի համար բնականաբար ախորժաբեր է, սակայն ավագանու անդամների պահվածքից ակնհայտ էր, որ նրանց քրեական գործը կամ չի հետաքրքրում, կամ էլ ընդհանրապես տեղյակ չեն՝ ինչ է կատարվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031