Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ ՓԲԸ-ում սիրում են սպորտը եւ առողջ ապրելակերպը

Հունիս 06,2017 10:30

«Փյունիկ» ՖԱ մարզադպրոցի խաղադաշտում կայացավ լրագրողների առաջին ֆուտբոլային միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին ութ լրագրողական թիմեր. Հայաստան (2 թիմ), Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Բելառուս, Վրաստան եւ Ռուսաստան:

Մրցաշարը կազմակերպել էր Հայկական Օն-լայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան: Գլխավոր հովանավորն էր ՀԷՑ ՓԲԸ-ն, հովանավորը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

Շրջանաձեւ մրցակարգով անցկացված մրցաշարի արդյունքով հաղթող ճանաչվեց Վրաստանը՝ 18 միավոր: Հայաստանի առաջին թիմը, որը ներկայացնում էր Երեւանը, եւ Լիտվան վաստակեցին հավասար՝ 16-ական միավոր, սակայն քանի որ մեկնարկային խաղում պարտվել էինք Լիտվային, երկրորդ տեղը բաժին հասավ մերձբալթիկացիներին, երրորդը՝ Հայաստանին: Մրցանակային տեղ զբաղեցրած թիմերը պարգեւատրվեցին գավաթներով:

Մրցաշարի գլխավոր հովանավոր «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն առաջին անգամ չէ, որ որպես գլխավոր հովանավոր ակտիվ մասնակցություն է ունենում նման միջոցառումների: Ընկերության արհմիութենական կազմակերպության նախագահ Արտյոմ Մուրադյանը «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց այն ծրագրերը, որոնք որպես նախաձեռնող կամ հովանավոր իրականացվում են սոցիալական ծրագրերի շրջանակներում: «Մեր ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես հաշմանդամություն ունեցող սոցիալական խավերին, տարեցներին, մանկատների երեխաներին, իր աշխատակիցների, ընդհանրապես ազգաբնակչության առողջ ապրելակերպին եւ մասսայական սպորտի զարգացմանը: Ամեն տարի մեր աշխատակիցների համար տարբեր մրցաշարեր ենք կազմակերպում: Հիշարժան են հատկապես Անկախության տոնին նվիրված եւ ավանդույթ դարձած ամենամյա սպարտակիադան՝ ութ մարզաձեւերից, որոնց մասնակցում են մեր ընկերության՝ Հայաստանի ամբողջ տարածքում աշխատող 400-ից ավելի աշխատակիցներ, Շուշիի ազատագրման առիթով տարբեր մրցաշարերը: Մարզաձեւերի ընտրությունը կատարվում է աշխատակիցների նախասիրությունները հաշվի առնելով եւ նրանց առաջարկներով: Գերադասում ենք նախապատվություն տալ այն մարզաձեւերին, այդ թվում նաեւ՝ խաղային, որոնք մատչելի են բոլորին եւ կապված չեն տարիքի, սեռի, ֆիզիկական պատրաստվածության աստիճանի հետ: Այդ պատճառով էլ դրանց հավասար ակտիվությամբ մասնակցում են նաեւ կանայք եւ աղջիկները: Այդ մրցումները ոչ միայն լայն ընդգրկում ունեն, այլեւ միավորում են մեր համակարգի բոլոր աշխատողներին: Սպարտակիադայի եզրափակիչն անցկացնում ենք Ծաղկաձորում: Նախնական փուլում հաղթողները հանրապետության տարբեր ծայրերի մեր գրասենյակներից գալիս են այնտեղ, մրցում, ծանոթանում իրար հետ, մի քանի օր հանգստանում, ինչու չէ, նաեւ մասնագիտական փորձի փոխանակում կատարում՝ ձեւավորելով մի մեծ ընտանիք: Իսկ մեծ ընտանիքում հաղթողներ ու պարտվողներ չեն լինում, շահում են բոլորը:

Մրցումներ էլ կան, որոնց մասնակցում են նրանք, ովքեր ֆիզիկական պատրաստվածության որոշակի աստիճան ունեն: Օրինակ, բազկամարտը: Մենք նաեւ ֆուտբոլային բավականին ուժեղ թիմ ունենք, որը լրագրողական այս մրցաշարին չի մասնակցում: ՀԷՑ ՓԲԸ-ն այստեղ հանդես է գալիս միայն որպես գլխավոր հովանավոր՝ մասնակցելով կազմակերպական աշխատանքներին:

Բայց ՀԷՑ ՓԲԸ-ն էլ անմասն չի մնում միջազգային մրցաշարերի մասնակցելուց եւ կազմակերպելուց: Մեր ֆուտբոլի թիմը էներգետիկների միջազգային մրցաշարերում կարողացել է երկու անգամ դառնալ չեմպիոն, մեկ անգամ՝ արծաթե մեդալակիր եւ երկու անգամ էլ զբաղեցրել է երրորդ տեղը: Բացի դա, մենք այստեղ՝ Երեւանում, անցկացրել ենք համակարգի աշխատողների միջեւ շախմատի միջազգային մրցաշար, որին մասնակցել են Վրաստանի եւ Ռուսաստանի մեր գործընկերները», – ասում է ընկերության արհմիութենական կազմակերպության նախագահը:

ՀԷՑ-ը որպես գլխավոր հովանավոր հանդես է գալիս նաեւ այլ մարզական մասսայական միջոցառումներում: Օրինակ, սեղանի թենիսի հաշմանդամների մրցաշարը, մայիսին՝ պարալիմպիկ հոբելյանական 15-րդ փառատոնը՝ նկատի ունենալով, որ այս ոլորտն ավելի մեծ ուշադրության եւ հոգածության կարիք ունի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06.06.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930