Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական հանձնաժողովի անդամը ընտրացուցակների հետ «սելֆի» է արել. ԿԸՀ նիստ

Հունիս 06,2017 20:30

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ի դիտորդները ԿԸՀ էին դիմել՝ թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 Տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ բողոք ներկայացրելով:

Այսօր կայացած նիստում ԿԸՀ-ն որոշեց ՀԿ-ի բոլոր դիմումները մերժել եւ տարածքային հանձնաժողովների որոշումները թողնել ուժի մեջ: Դիմումին կից տարբեր միջնորդությունները նույնպես քվեարկությամբ չբավարարվեցին:

Օրինակ, թիվ 4 ընտրատարածքային հանձնաժողովի հետ կապված դիմումում նշված էր, որ հանձնաժողովը իրենց ներկայացրած փաստերը իրավապահ մարմիններին չի ուղարկել: ԿԸՀ-ն գտավ, որ տարածքային ընտրական հանձնաժողովը ճիշտ է վարվել, հանձնաժողովի գործողությունները, իրավապահ մարմիններին չուղարկելը իրավաչափ է:

Թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի հետ կապված դիմումը վերաբերվում էր Կուրղինյան փողոցում ՀՀԿ-ի շտաբի դեպքին: ՀԿ-ն նշել է, որ տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես են քաղաքացիները գումարը գրպանը դնելով դուրս գալիս այդ շտաբից: Բացի այդ, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ իրենց ներկայացուցիչը տեսել է, թե ինչպես են ընտրակաշառք ստանում քաղաքացիները, ուստի դիմումում խնդրում են միջոցներ ձեռնարկել, օրենսդրությամբ սահմանված կարգով քննել նյութերը, անվավեր ճանաչել Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները եւ նշանակել վերաքվեարկություն:

ԿԸՀ-ն մերժեց նաեւ այս դիմումը՝ ասելով, որ նախ տվյալ դեպքում դիմումատուն՝ ՀԿ-ն չի հանդիսանում իրավասուբյեկտ. «ԿԸՀ-ն գտնում է, որ թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 17 ա որոշումն իրավաչափ է: Հանձնաժողովը բոլոր իրավական հիմքերը նշել է: Այն, որ թիվ 7 տարածքային հանձնաժողովը չի ուղարկել իրավապահ մարմիներին, մայիսի 12-ին սրա մասին ԿԸՀ-ն կայացրել է որոշում, նյութերը ուղարկվել են դատախազություն, ուստի տարածքային ընտրական հանձնաժողովը որեւէ որոշում անելու իրավասու չէ»:

Փաստաբան Տիգրան Եգորյանը որոշումը լսելով՝ հայտարարեց, որ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից իրենց տարածքում քվեարկությանը մասնակցած անձանց կամքի ազատ ձեւավորման մասին գնահատական չի տվել, այդ դեպքերի ազդեցությունը չի գնահատվել, հանձնաժողովը որեւէ դիրքորոշում չի հայտնել: ԿԸՀ անդամները պատասխանեցին, որ ՀԿ-ն իրավասուբյեկտ չի, քննություն չի կատարվում այս դեպքում:

Եգորյանն էլ փաստեց, որ հանձնաժողովը իր դրական պարտավորությունը, որպես պետական մարմին, չի իրականացրել:

ԿԸՀ-ն քվեարկությամբ մերժեց նաեւ այս մասով «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ի դիմումը եւ 17ա որոշումը թողեց ուժի մեջ:

Թիվ 9 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումների մասին դիմումը քննարկելիս ԿԸՀ-ն գտավ, որ դիտորդ Վարդգես Գասպարիի հետ կապված միջադեպերի մասով նույնպես տարածքային ընտրական հանձնաժողովը ճիշտ որոշում է կայացրել: Խոսքը 23 ա որոշման մասին է. «Հանձնաժողովի քննարկման իրավասություններից դուրս են, տարբեր վիրավորական արտահայտություններ են եղել, դուռը հարվածել է, այդ մասով ուղարկվել է ոստիկանություն: ԿԸՀ-ն գտնում է, որ թիվ 9 տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված իրավական հիմքերը, եզրահանգումները հիմնավոր են, բխում են ԸՕ պահանջներից, գործողությունները իրավաչափ են»:

ԿԸՀ-ն այս մասով էլ որոշեց Գասպարիի դիմում-բողոքը մերժել: Այն կարող են բողոքարկել Վարչական դատարանում՝ 3 օրվա ընթացքում:

«Ազատություն» ռ/կ-ի կողմից Կոնդում տեսանկարահանված դրվագի վերաբերյալ թիվ 9 ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը նույնպես մնաց ուժի մեջ: Դիմումում ՀԿ-ն ներկայացրել էր, որ իրավապահ մարմիններին նյութերը չուղարկելով՝ թիվ 9 տարածքային հանձնաժողովը ոչ միայն վարույթ չի հարուցել, այլեւ դրսեւորել է ակնհայտ ապօրինություն: ԿԸՀ անդամն ասաց, որ հանձնաժողովը հիմնավորված է համարում թիվ 9 հանձնաժողովի եզրահանգումը՝ վարչական վարույթի հարուցումը մերժելու, թիվ 24 ա որոշումը թողեց ուժի մեջ: Տիգրան Եգորյանն ասաց, որ որեւէ գնահատական չի տրվել այդ դեպքի ազդեցության մասին:

Թիվ 10 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման վերաբերյալ դիմում-բողոքը ներկայացնելիս ԿԸՀ անդամ Մարկոսյանն ասաց, որ 10/53 տեղամասում դիտորդը նկատել է մի շարք խախտումներ: Խախտումներից մեկը նկարագրելով՝ նա ասաց. «Դիտորդը տեղամասում նկատել է, թե ինչպես է հանձնաժողովի անդամներից մեկը լուսանկարել ընտրողների ցուցակը: Երբ դիտորդը նկատել է դա, լուսանկարողը պարզաբանել է, որ ինքը ոչ թե լուսանկարում է, այլ՝ սելֆի է կատարում»: Հանձնաժողովի անդամները ծիծաղեցին՝ սելֆի՝ ընտրացուցակի հե՞տ:

Այս բողոքը նույնպես մերժվեց, ԿԸՀ-ն գտավ, որ տարածքային ընտրական հանձնաժողովը գործել է իրավաչափորեն, հանձնաժողովի նախագահն էլ գրանցամատյանում բոլոր նշված խախտումները գրանցել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930