Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն գտնում է, որ դիտորդն է խախտում անում՝ միկրոավտոբուսով տեղամաս բերված մարդկանց հարցնում է՝ ով է ձեզ բերել, ում եք ընտրում

Հունիս 06,2017 20:52

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ի դիտորդները ԿԸՀ էին դիմել՝ թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 Տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ բողոք ներկայացրելով:

Այսօր կայացած նիստում, ինչպես տեղեկացրել ենք, ԿԸՀ-ն որոշեց ՀԿ-ի բոլոր դիմումները մերժել եւ տարածքային հանձնաժողովների որոշումները թողնել ուժի մեջ: Դիմումին կից տարբեր միջնորդությունները նույնպես քվեարկությամբ չբավարարվեցին:

Միջնորդություններից մեկով ՀԿ-ն պահանջում էր 10/53 ընտրատեղամասի հետ կապված սկավառակով ներկայացված տեսագրությունները ուսումնասիրել: ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանն ասաց, որ բոլորն այդ տեսաձայնագրությունները տեսել են. «Տեսասկավառակում երկու դրվագ է, միկրոավտոբուսում դիտորդը մոտենում է մի կնոջ, հարցնում է՝ էդ ի՞նչ ցուցակներ են, կինը կամ թաքցնում է, կամ չգիտեմ, ասում է՝ ցուցակ չի: Սրանով ավարտվում է այս մի դրվագը:

Երկրորդ դրվագում միկրոավտոբուսից իջնում են ընտրողներ՝ տարբեր տարիքի, տարբեր սեռի: Այստեղ որեւէ խախտման փաստ չի երեւում, դեռ դիտորդն է խախտում անում, որովհետեւ ակնհայտ մոտենում է միկրոավտոբուսին, հարցնում է՝ ով է ձեզ բերել, ում եք ընտրում, ինչի համար եք այդ թեկնածուին ընտրում: Այսինքն, ներկայացված տեսասկավառակը որեւէ կերպ չի կապվում նյութի հետ: Երեւի շփոթմամբ է հայտնվել, ինձ համար անհասկանալի է ամեն դեպքում»:

Փաստաբան Տիգրան Եգորյանը հարցրեց՝ հանձնաժողովի որեւէ անդամի համար հասկանալի չէ՞ր ինչու են այդ տեսանյութերը ներկայացվել, դիտորդն ինչու է այդ հարցերը տալիս:

Հանձնաժողովի անդամը պատասխանեց՝ իմ կարծիքով, դիտորդը պետք է անկողմնակալ մնար, գոնե քվեարկության մինչ մտնելը չհարցներ:

Եգորյանն առաջարկեց, որ տեսանյութը ուսումնասիրեն՝ իր մասնակցությամբ. «Ես կփորձեմ մեկնաբանել, թե ինչումն է հարցը: Դա այն նվազագույն ապացույցներն են, որ դիտորդը հնարավորություն է ունեցել ձեռք բերել: Խոսքը գնում է մարդկանց ցուցակագրված միկրոավտոբուսով տեղամաս տանելու հարցին, որը ազդեցություն ունի ընտրողի կամքի վրա, կամքի ձեւավորման վրա: Փաստորեն, այդ հարցման արդյունքում կասկած է առաջանում առ այն, որ այդ մարդիկ կոնկրետ կուսակցության օգտին քվեարկություն կատարելու համար են եկել»:

Եգորյանն ասաց, որ նրանք, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ինչպիսի ազդեցությունների կարող էր ենթարկվել Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկողը, ընտրողը՝ հաստատ կհասկանային:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930